Մկան թակարդ
Tue, 03 Nov 2026 18:15:07 +0400

Եթե կա ներդրումներ կատարելու ժամանակը, ապա անխուսափելիորեն գալու է նաեւ այդ ներդրումներից ստացված շահույթը հետ ստանալու ժամանակը: Կապ չունի, թե օտարերկրյա պետությունը կամ պետությունները քո երկրի որ ոլորտներում են ներդրումներ կատարել: Ոչ ոք քո գեղեցիկ աչքերի համար քո երկրում ներդրում չի կատարի: Կան հավերժական շահեր, որոնցով էլ պայմանավորված են ներդրումների նպատակները, ուղղություններն ու ոլորտները: Կարճ ասած՝ անվճար պանիրը միայն մկան թակարդում է:
Հայ իրականության մեջ բավականին տարածված արտահայտություն կա՝ տակ տվեց: Մի մարդ, ոգեւորված, ներդրում է կատարում, իր բակում խանութ բացում, բայց հարկայինը նստում է պոչին, զզվեցնում այդ մարդուն այնքան, մինչեւ նա խանութի դռները փակում ու գնում է տուն: Այդ մարդու մասին, սովորաբար, ասում են՝ տակ տվեց, եւ նրա մասին արագ մոռանում: Երկրների հարաբերություններում այսպիսի բան լինել չի կարող: Միջազգային հարաբերություններում ներդրողին «քցելը» մի փոքր ավելի դժվար է: Այստեղ խաղի կանոններն այլ են:
ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի ռազմական ներդրումներն Ուկրաինայում հարյուրավոր միլիարդների են հասնում, եթե չասենք՝ հատում են տրիլիոնի սահմանները: Այս բոյի «գործարքը» չի կարող ավարտվել Ուկրաինայի իշխանությունների մի ներողությամբ, թե` գիտե՞ք, սիրելի գործընկերներ, մեզ մոտ չստացվեց, ձեր փողերը կորան, ջուրը քշեց կամ մի ուրիշ բան: ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն, անկախ այն բանից, թե ինչպես կվճռվի Ուկրաինայի ճակատագիրը, իրենց հարկատուների փողերը հետ են ստանալու ամբողջությամբ՝ մինչեւ վերջին դոլարը եւ եվրոն: Ինչ տեսքով ուզում է լինի` օգտակար հանածոների, Ուկրաինայի այլ հարստությունների, տարածքների, գիտական ներուժի, արդյունաբերական հզորությունների, ճանապարհների, էներգետիկ համակարգերի, տարանցիկ խողովակաշարերի: Այս ամենն Ուկրաինայից եւ Ուկրաինայի ժողովրդից այլեւս փաթեթով վերցված է: Եկել է ներդրումների շահույթը ստանալու ժամանակը: Թրամփը հասցրեց որոշ բաներ հետ ստանալ՝ հազվագյուտ մետաղների հանքավայրերի շահագործման տեսքով: Բրյուսելի գործերը մի քիչ խառն են: Եվրոպացիները դեռ ոչինչ ձեռք չեն գցել Ուկրաինայում, բայց նրանք էլ պակաս տրամադրված չեն իրենց ներդրումները հետ ստանալու հարցում: ԵՄ հարկատուները բռնել են իրենց լիդերների կոկորդներից, կյանքը Եվրոպայում դժվարացել է, ցույցեր են ամենուր՝ Ֆրանսիա, Իտալիա, Գերմանիա, Ալբանիա, Սերբիա…նույնիսկ՝ Շվեյցարիա: Լեհաստանում փորձում են սահմանադրական կարգը փրկել զենքի ուժով: Ո՞ւր են մեր փողերը, ինչո՞ւ եք դրանք վատնել Ուկրաինայում, ինչո՞ւ մեր փողերով դժբախտության դուռը հասցրիք այդ երկիրը: Շատ եվրոպական երկրների ղեկավարներ իրենց փրկությունը, գուցե, հրաժարականների մեջ գտնեն, եթե որեւէ կերպ չկարողանան կոմպենսացնել միլիարդավոր եվրոների ներդրումները:
ԱՄՆ եւ ԵՄ առաջնորդները, սակայն, այն աստիճանի ապուշ չեն, որ ամբողջությամբ ստանձնեն Ուկրաինայում կրած պարտության մեղքն ու դատարկ ձեռքերով ներկայանան իրենց երկրների հարկատուներին: ԱՄՆ-ի մասին արդեն ասացինք, որ Թրամփն ինչ-որ բաներ արդեն ձեռք գցեց Ուկրաինայում: ԵՄ-ն, հավանաբար, մասնատվող Ուկրաինայի արեւմտյան շրջաններից որոշ տարածքներ ստանալու ակնկալիք ունի, բայց այս ամենը բավարար չէ՝ փակելու բարոյական այն ահռելի վնասը, որ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն հասցրել են սեփական հեղինակությանը՝ Ուկրաինայում իշխանության բերելով Զելենսկու նման մի անմեղսունակ ծաղրածուի: Նրանք հասկանում են, թե ինչ տեղի կունենա ողջ աշխարհում, եթե Զելենսկին ընկնի ռուսների ձեռքը: Նրանք ուղղակի սարսափում են այդ մտքից: Զելենսկու՝ Արեւմուտքի հետ գաղտնի գործարքների ողջ «ծաղկեփունջը» երկու օրում կներկայացվի մոլորակի մարդկության դատին:
Պատահակա՞ն են այսօր զանազան գաղտնի ծառայությունների կողմից տարածվող խոսակցություններն այն մասին, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկին, «ամենայն հավանականությամբ», կսպանվի (Լարի Ջոնսոն, ԿՀՎ նախկին վերլուծաբան): Ջոնսոնի խոսքով՝ Զելենսկու բախտը կբերի, եթե ԿՀՎ-ն օգնի նրան փախչել երկրից՝ տալով անվտանգության երաշխիքներ: Ով-ով, բայց ԿՀՎ վերլուծաբանը չի կարող չիմանալ, թե ինչպես է վարվում ԱՄՆ-ն օտար երկրներում իր դրածոների հետ, երբ վերջիններիս օգտակարությունը սպառվում է Միացյալ Նահանգների համար: Զելենսկուն լուսավոր ապագա չի խոստանում նաեւ Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջեֆրի Սաքսը, որ պնդել է, թե նրան կսպանի իր կոռումպացված մերձավոր շրջապատը, եթե նա որոշի խաղաղության համաձայնագիր կնքել Ռուսաստանի հետ:
Թե ինչպես կզարգանան իրադարձություններն Ուկրաինայում, ոչ ոք չի կարող ասել: Պարզ է թերեւս մեկ բան՝ Ուկրաինայի դրածո իշխանությունն այլեւս ոչինչ չի որոշում: Փողերը ծախսվել են, խնդիրը՝ մնացել: Ո՞վ պետք է փոխհատուցի… Ո՛չ Վաշինգտոնն է ուզում մտնել այդ փողերի տակ, ո՛չ Լոնդոնը, ո՛չ Բրյուսելը: Ուկրաինայի անկախության գնով էլ լինի՝ նրանք իրենց «ներդրումները» հետ են ստանալու:
Այս ամբողջ պատմությունը նաեւ այն մասին էր, թե ինչ ճակատագրի կարժանանա Նիկոլ Փաշինյանը, որը Հայաստանում իշխանության է եկել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի (ապրիլ 2018- սեպտեմբեր 2019) ակտիվ «միջնորդությամբ» եւ, բացի այդ, ԵՄ-ում Զելենսկու հետ շատ ընդհանուր ընկերներ ունի՝ Մակրոն, Մերց, Տուսկ, Ուրսուլա ֆոն Դեր Լայեն եւ այլք: Մեզ ամենեւին պետք չէ, որ սրանք մի օր, երբ զգան, որ Փաշինյանն այլեւս օգտակար չէ իրենց, երկու ոտքը դնեն մի կոշիկի մեջ եւ «ներդրած» փողերը հետ պահանջեն: Թող Փաշինյանն ինչքան ուզում է՝ աղաղակի, թե իրեն ժողովուրդն է ընտրել: Կարող ա՞ Զելենսկուն ես եմ ընտրել: Նրան էլ էր «ժողովուրդն ընտրել», բայց տեսա՞ք ինչ եղավ` հենց Զելենսկին մտածեց, որ կարող է մի ներողությամբ մարսել լափված «ներդրումները»:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր