Պեսկովը պատասխանել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հաջորդ բանակցությունների ամսաթվի վերաբերյալ հարցին
Tue, 24 Nov 2026 20:36:50 +0400

Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ մոտ ապագայում, սակայն հանդիպման հստակ ամսաթիվ դեռևս որոշված չէ։ Նրա խոսքով՝ ռուսական կողմն առայժմ որպես հիմնական տարբերակ դիտարկում է Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբին, թեև հանդիպման անցկացման այլ վայրեր նույնպես հնարավոր են։
Նոյեմբերի 23-ին լրագրողների հետ զրույցում Պեսկովը, պատասխանելով բանակցությունների վայրի վերաբերյալ հարցին, նշել է․ «Առայժմ մենք ելնում ենք Աբու Դաբիի տարբերակից, բայց կարող են լինել տարբեր տարբերակներ»։ Նա նաև ընդգծել է, որ բանակցությունները կվերսկսվեն շուտով, սակայն ժամկետների շուրջ դեռևս հստակություն չկա։
Եռակողմ բանակցությունների նախորդ փուլը տեղի էր ունեցել նոյեմբերի 10-11-ին՝ Աբու Դաբիում։ Հանդիպմանը քննարկվել էին եվրոպական անվտանգության ապագա համակարգը, Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, տարածքային հարցերն ու ռազմագերիների փոխանակումը։ Կողմերը պայմանավորվել էին նաև լայնածավալ գերիների փոխանակման շուրջ, սակայն դրա իրականացման ժամկետներն ու մանրամասները դեռ պետք է համաձայնեցվեն։
Միաժամանակ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ Վաշինգտոնն առաջարկել է հաջորդ հանդիպումն անցկացնել մինչև դեկտեմբերի 25-ը։ Կիևը պատրաստակամություն է հայտնել բանակցություններին մասնակցել նաև ավելի վաղ՝ ակնկալելով, որ քննարկումներին ներգրավված կլինեն եվրոպական ներկայացուցիչները։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր