Գովք բանանին
Mon, 23 Nov 2026 21:15:34 +0400

Սկզբում մտածեցի «Հրապարակ»-ի ընթերցողներին ներկայացնել ոչ մասնագիտական իմ կարծիքը նիկոլաալիևյան սահմանադրության նախագծի վերաբերյալ: Բայց կարճ ժամանակ անց մտափոխվեցի՝ գիտակցելով, որ նմանվում եմ Նիկոլին: Խոսել մի երևույթի մասին, ինչի վերաբերյալ չունեմ բավարար գիտելիքներ: Իսկ դա այն է, ինչից խուսափում եմ ամենից ավելի: Դա գալիս է անցյալից. նախկինների օրոք ընդդիմադիր լինելով՝ վստահել եմ նրա խմբագրած թերթի նյութերին: Կյանքը դաժան ձևով ցույց տվեց, որ այդ ամենը կեղծիք էր: Ինչից հետո, բնականաբար, նորմալ ու գիտակից անձնավորությունն այլևս երբեք չէր ուզենա նմանվել այդ անձին: Ու այդ պատճառով էլ որոշեցի չմեկնաբանել նիկոլաալիևյան «քերթվածքը»: Այլ ներկայացնել դրա գլխավոր հեղինակին, որպեսզի հասկանալի՝ թե ով ով է տվյալ դեպքում: Ու որոշեցի անդրադառնալ բանանին:
Իսկ ինչո՞ւ հենց բանանին՝ հարց կտա ուշիմ ընթերցողը: Պատասխանեմ՝ որովհետև այն լուրջ դեր է կատարել տվյալ անձի գիտակցության ձևավորման գործընթացում: Հիշենք՝ նրա խմբագրած օրաթերթի բազմաթիվ համարներում խոսվում էր բանանի մասին: Մեկ-մեկ մեջտեղ էր հայտնվում նաև շաքարավազը, սակայն բանանը գերազանցում էր բազմակի անգամ: Ընդ որում, բանանի վերաբերյալ անդրադարձում ինձ բացարձակ չի հետաքրքրելու դրա ներկրողի անձն ու վերջինիս մենաշնորհային դիրքը ներկրման այդ հատվածում: Քանի որ տվյալ հոդվածի տեսակետից այն կարևոր գործոն չէ:
Մի փոքր պատմությամբ անցնենք վերնագրում արձանագրված «գովքին»: Խորհրդային տարիներին սովորական խանութից բանան հնարավոր չէր գնել ո՛չ Թիֆլիսում՝ որտեղ ես ծնվել եմ, և ո՛չ էլ Երևանում՝ էլ չասած Իջևանի մասին: Բայց իմ և ավելի ուշ տարիքի սերունդը դրա մասին գիտեր ֆիլմերից ու, բնականաբար, համը փորձելու ցանկությամբ էր տոգորված: Բուհն ավարտելուց հետո ինձ դա հաջողվեց իրականացնել Մոսկվայում, որտեղ աշխատանքի բերումով հայտնվում էի մեկ-երկու տարի մեկ: Ու բանանի նկատմամբ վերաբերմունքում գերակշռեց անտարբերությունը: Որքան հասկանում եմ, այդ գործընթացը տեղի չունեցավ վերը նշված անձի պարագայում: Ու բանանի նկատմամբ ցանկությունը վերածվեց իդեա-ֆիքսի կամ սևեռուն գաղափարի: Ճիշտ այնպիսի գաղափարի, ինչպիսին չորրորդ հանրապետությունն է ու ինքը՝ որպես դրա հիմնադիր:
Եթե այդպես չլիներ, ապա «ՀԺ»-ի լրագրող Հայկը, որի հետ ժամանակին որոշակիորեն մոտ ենք եղել, երևի ամեն տասներորդ հոդվածում չէր կրկնի սեփական մտքերը Լֆիկի կողմից բանանի ներմուծման մենաշնորհային դիրքի վերաբերյալ: Նույնիսկ այսօրվա պայմաններում՝ երբ ամեն ինչ գլխիվայր է շրջվել, դժվար է անընդհատ անդրադառնալ նույն թեմային: Իսկ նախկինների օրոք, որքան էլ ծաղկեր անընդունելի «բեսպրեդելը», կյանքն, այնուամենայնիվ, չէր ընթանում ծուռ հայելիների իրականությունում: Սակայն Հայկը ստիպված էր շարունակ անդրադառնալ այդ թեմային: Ու այդ պատճառով էլ 2018-ի գարնանային իրադարձություններից հետո մեր երկրում կատարված փոփոխություններից մեկը բանանի (արանքում նաև շաքարավազի) գնի նվազումն էր: Ինչը, բնականաբար, կատարվել էր վարչական մեթոդով և ոչ թե տնտեսագիտական կանոնների հիման վրա:
Ուրիշ հարց, որ երկուսի դեպքում էլ՝ պայմանավորված բերքատվության անկումով, 2024-ից այս կողմ, ըստ ԱԲ-ի, գինը կայունացել է նախանիկոլական (մինչև 2018-ի) մակարդակում: Եվ, ինչպես երևում է, արդեն նվազելու ցանկություն չի դրսևորում: Բայց Նիկոլը վաղուց թերթի խմբագիր չէ, ու Հայկն էլ թերթի լրագրողը չէ: Ու այդ պատճառով, ինչպես նաև վարչապետի ու հայաստանյան գործարար Ալեքսանյանի բարեկամական հարաբերությունների շնորհիվ, բանանի գնի վերաբերյալ հոդվածները վաղուց չեն «զարդարել» թերթի, իսկ այնուհետև միայն կայքի էջերը: Կամ էլ նաև այն պատճառով, որ բանանի շուկան այլևս մենաշնորհային չէ: Ինչը վկայում է, որ բանանային մոնիտորինգի նպատակը ոչ թե զուտ սոցիալական էր՝ ի շահ շարքային քաղաքացու, ով ի վիճակի չէ բանան գնել, այլ քաղաքական պոպուլիզմի դրսևորում էր:
Տարիներ են անցել բանանի շուկայի պարբերական մշտադիտարկումից՝ իրականացված «ՀԺ»-ի կողմից: Սակայն Անկարայից (Թուրքիա) Պնոմ Պենի (Կամբոջայի Թագավորություն) վրայով Երևանի կառավարական առանձնատներ ծոցագրպանում բանան բերելը վկայում է, որ մանկական ու երիտասարդական տարիքի մտասևեռումը բանանի նկատմամբ պահպանվել է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի գիտակցությունում: Ինչը վկայում է, որ, նախ, նրա որոշումները կատարվում են այդ հանգամանքի հիմքով: Եվ, որ պակաս կարևոր չէ, նույն բնույթի մտասևեռում է առկա Անկախության հռչակագրից ու Արարատի հիշատակումից զերծ սահմանադրության ու չորրորդ հանրապետության և այլ գաղափարներում: Ու որպեսզի դրանք ևս չվերածվեն ծոցագրպանում տեղից տեղ փոխադրվող ապրանքի՝ նրան պետք է ազատել նման մտասևեռումներից: Ինչը կարող է տեղի ունենալ միայն մի դեպքում. նրան «աջակցելով», որպեսզի ներկայացնի ինքնակամ հրաժարական զբաղեցրած պաշտոնից:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր