Հայաստանը՝ ռուս նկարիչների աչքերով
Thu, 17 Sep 2026 21:00:21 +0400
Մոսկվայում՝ հայտնի ВДНХ-ում, սեպտեմբերի 15-ից մինչեւ հոկտեմբերի 15-ը «Հայաստան» տաղավարում «Հայաստանը՝ ռուս նկարիչների աչքերով» ցուցահանդեսն է բացվել։ Ցուցադրության կլինեն ժամանակակից ռուս նկարիչներ Պավել Շումովի, Արտյոմ Պուչկովի, Պավել Մունթիեւի, Բորիս Կլեմենտեւի, Անդրեյ Սիբիրսկու եւ Ալլա Ցվետկովայի գործերը։ Այս եւ նմանատիպ ցուցահանդեսները սոսկ մշակութային միջոցառումներ կամ պրոֆիլային իրադարձություններ չեն: Դրանք առաջին հերթին երկխոսություն են արվեստի եւ մշակույթի լեզվով եւ առիթ` այլոց աչքերով տեսնելու եւ հասկանալու Հայաստանը՝ որպես գեղարվեստական կերպար։
Հատկապես այդ ամենը կարեւոր է հիմա, երբ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները պաշտոնական մակարդակում բավականին լարված են։ Իսկ եթե անդրադառնանք զուտ երկու ժողովուրդներին, ապա հայ-ռուսական մշակութային կապերը բավականին խորն են ու փոխներթափանցված, եւ Հայաստանը՝ որպես գեղարվեստական կերպար, որպես ներշնչանքի աղբյուր, մեկ անգամ չէ, որ եղել է, կա ու, վստահ ենք՝ ապագայում նաեւ կլինի ռուսական արվեստի եւ մշակութային գործիչների տեսադաշտում։ Հայաստանը ռուսական կերպարվեստում, ռուս նկարիչների մոտ՝ առաջին հերթին լեռնաշխարհային լանդշաֆտն է, վանքերը, ճարտարապետությունը, յուրահատուկ «սարյանական լուսաշող միջավայրը», տիպիկ հայկական գյուղական եւ քաղաքային պատկերները։ Սրանք այն «պատկերավոր արտահայտություններն» են, որոնցով ներկայացվում է Հայաստանը, կերտվում կտավին կամ թղթի վրա որպես թեմա, որպես որոշակի մշակութային ֆենոմեն։
Հայաստանը նոր չէ, որ սկսել է հետաքրքրել ռուս նկարիչներին։ 19-20-րդ դդ․ ռուսական եւ սովետական կերպարվեստն ուսումնասիրելիս բավականին շատ օրինակներ կարելի է գտնել։ Ընդ որում, ինչը չափազանց հետաքրքիր է՝ Հայաստանը նկարչից նկարիչ, կտավից կտավ մեկաբանվում ու պատկերվում է յուրովի, սեփական փորձառության, հուզականության, ընկալման եւ «հայացքի» համեմատ։ Դրա համար Արարատը՝ որպես սիմվոլ, նույն վանքը կամ նույն քաղաքային պատկերը տարբեր նկարիչների մոտ կարող են լինել տարբեր մեկնաբանությամբ՝ կրելով նկարչի «կնիքը»։ Սա ե՛ւ հետաքրքիր է դիտողի համար, ե՛ւ հարուստ ու հետաքրքիր նյութ է ուսումնասիրողի համար, որը ցուցահանդեսին վերաբերվում է ոչ թե զգացական գեղագիտական կամ հուզական ասպեկտից, այլ պրոֆեսիոնալ անալիտիկ պրիզմայից՝ փորձելով վերլուծել այն թե՛ որպես ամբողջություն, թե՛ կտավ առ կտավ, նկարիչ առ նկարիչ։ Ու այս առումով թերեւս այս ցուցահանդեսը հետաքրքիր է ե՛ւ հասարակ դիտողի համար, ե՛ւ պրոֆեսիոնալ արվեստագետի կամ էսթետի։