«Հրապարակ». Համընդհանուր բարոյալքման պայմաններում ո՛չ թեժ աշուն կարող է լինել, ո՛չ թեժ ձմեռ

«Հրապարակ». Համընդհանուր բարոյալքման պայմաններում ո՛չ թեժ աշուն կարող է լինել, ո՛չ թեժ ձմեռ

Fri, 18 Sep 2026 12:45:54 +0400


«Հրապարակը» զրուցել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հետ։

– Կառավարության 5-ամյա ծրագիրը՝ 2026-2031 թթ․, դեռ քննարկվում է։ Այն որոշակի իմաստով «լակմուսի թուղթ» է, որը պատկերում է ՀՀ իշխանությունների ներքին ու արտաքին տեսլականները։ Արդյո՞ք սա անիրագործելի եւ կեղծ խոստումների հերթական պետական «գրանցամատյան» չի դառնալու։

– Դժվար է լուրջ վերաբերվել եւ ստիպել ինքդ քեզ՝ նվազագույն հավատ ընծայել այն կառավարությանը, նաեւ նրա 2026-2031 թթ․ ծրագրին՝ տեղյակ լինելով, որ այս նույն կառավարությունը բազմաթիվ անգամներ հաստատել է ծրագրեր՝ դրանք անտեսելու համար։ Օրինակ, 2018 թ. առաջին ծրագրում ասված էր, որ այս ընտրական օրենսգրքով (որ նույնն է՝ սահմանադրությամբ) հնարավոր չէ արդար ընտրություններ իրականացնել, սակայն արդեն քանի անգամ «արդար ընտրություններ» են իրականացնում։ Անցյալ տարվա կենսաթոշակների բարձրացումը 10 տոկոսով ողջունելի երեւույթ է, բայց այն կառավարության ծրագրով նախատեսված չէր, եւ բոլորս գիտենք, որ պետական ազգային միջոցների հաշվին զանգվածային ընտրակաշառքի քայլ էր։ Այս եւ այլ օրինակներից ելնելով՝ ես այլեւս չեմ ընթերցում սրանց «ծրագրերը»։

– Ուզենք-չուզենք, ծրագրերից ենք նաեւ իմանում այս իշխանությունների վտանգավոր թեզերի մասին՝ որքան էլ այդ ամենը փաթեթավորվի գեղեցիկ բառակույտով։ Օրինակ՝ սփյուռքի հետ կապված՝ խոստանում են հարաբերությունների վերաիմաստավորում, համագործակցության ակտիվություն, իսկ իրականում ի՞նչ կա։

– Հայրենիքից դուրս բնակվող երկրի քաղաքացիների իրավունքները ոտնահարող իշխանությունն ինչպե՞ս կարող է առողջ դրսեւորումներ ունենալ սփյուռքի վերաբերյալ։ Եթե երկրի իրական տերերն են իրավազրկվում հայրենիքից դուրս գտնվելու պատճառով, էլ ի՞նչ, մանավանդ՝ ՀՀ քաղաքացի։

– Մինչ Փաշինյանը հայտարարում է ԵՄ-ին անդամակցելու ծրագրերի մասին, Կրեմլից հակադարձում են՝ ԵՄ կամ ԵԱՏՄ հարցով հանրաքվե անցկացրեք։ ՀՀ իշխանության տարբեր տրամաչափի գործիչներ շարունակում են հավաստիացնել՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրություն չկա։ Մինչեւ ե՞րբ է շարունակվելու այս քաղաքական «պինգ-պոնգը»։

– Իրականում, քաղաքական աճպարարության փորձերի ականատես ենք, որի նպատակը, սակայն, քաղաքականը՝ պետութենական չէ, այլ ժամանակ շահելու ձգտում։ Ժամանակ, որի ընթացքում մեր ազգային ներուժը հարեւանների համեմատությամբ էլի է ետ մնում, աճում են պարտքերը, բարոյազրկվում է հանրությունը։ Մենք ամբողջատիրության դժվարին, ծանր տարիներին «խաղեր չէինք տալիս», հստակ ասում էինք՝ մեզ արդար, քաղաքակիրթ, ժողովրդավարական հայրենիք է պետք, ուստի բռնապետական Ռուսաստանի հետ լինել չենք կարող, այսինքն՝ սկզբունքներից ու արժեքներից էինք խոսում։ Սրանք երբեւէ նկատե՞լ եք, որ միջպետական հարաբերություններում արժեքներից խոսեն։ Երբե՛ք։ Լավագույն դեպքում՝ ինչ-որ շահերից, շուկաներից են խոսում՝ չհասկանալով, որ բարձրագույն շահը ճիշտ արժեհամակարգի մեջ է։ Հանրաքվեի առաջարկը որտեղից էլ հնչի՝ թշնամական չի կարելի համարել։ Ի վերջո, դա կոչ է՝ առաջնորդվել ժողովրդիշխանության գաղափարով, բայց երկրի իշխանավորը պետք է հանգիստ արձանագրեր, որ այդպիսի առաջարկներ անելն այլ երկրի ներպետութեանական կյանքին մասնակցելու անթույլատրելի դրսեւորում է։ «Լռելը համաձայնության նշան է»,- ասում են ռուսները։

– Այս աշնանը Հայաստանում ՏԻՄ ընտրություններ են։ Դրան ընդառաջ՝ հերթով, տարբեր շինծու մեղադրանքներով ճանապարհից հեռացնում են ՔՊ-ի մրցակիցներին, այդ թվում՝ նրանց, ովքեր ՏԻՄ նախորդ ընտրություններում հաղթել են ՔՊ-ին ու հետո հայտնվել ճաղերի ետեւում։ Նրանց, ովքեր վերջին՝ հունիսյան ընտրություններում ժողովրդի առողջ հատվածի քվեն ստացան։ Քաղաքական թեժ աշո՞ւն կլինի։

– ՏԻՄ ընտրությունները կարող են ունենալ միայն մասնակի նշանակություն։ Ի վերջո, կենտրոնական իշխանությունները համակարգված եւ ընդգրկուն ազդեցության լծակների տեր են։ Թեժ աշուն կամ համազգային ընդվզում հնարավոր է միայն համազգային նշանակության խնդիրների հետ կապված։ Այսօր դրանցից մեկը սահմանադրության հարցն է, բայց գլխավոր լծակակիր քաղաքական խորհրդարանական ուժերն իրենց անդրադարձային կեցվածքով դարձել են իշխանությունների աջակիցները։ Նրանք ամենաբուռն վեճերի ժամանակ անգամ երբեւէ չխոսեցին ԱԻՄ-ի՝ սահմանադրության պատրաստի նախագծի մասին, այն իրողության մասին, որ պետական կառույցի կողմից այդ նախագծի պարտակումը եւ չքննարկումը կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ կետի կոպիտ խախտում է՝ քրեական կոռուպցիոն հանցագործություն։ Համընդհանուր բարոյալքման պայմաններում, ինչին խորապես նպաստում է ընդդիմադիր դաշտի ուժերի հիվանդագին եսակենտրոնությունը, ո՛չ թեժ աշուն կարող է լինել, ո՛չ էլ, մանավանդ՝ թեժ ձմեռ․․․

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Արհմիությունները՝ քեֆ կազմակերպողներ

Արհմիությունները՝ քեֆ կազմակերպողներ Mon, 02 Nov 2026 21:45:25 +0400 Հանրակրթական դպրոցների ուսուցիչներին հուզող շատ խնդիրներ…

17 րոպե ago

Ինչ կանի Թրամփը, եթե ընտրություններում հաղթեն դեմոկրատները

Ինչ կանի Թրամփը, եթե ընտրություններում հաղթեն դեմոկրատները Mon, 02 Nov 2026 21:30:46 +0400 ԱՄՆ նախագահ…

31 րոպե ago

«Մեթադոնը» վաճառել են․ բացահայտվել է «բառիգության» շղթա

«Մեթադոնը» վաճառել են․ բացահայտվել է «բառիգության» շղթա Mon, 02 Nov 2026 21:15:34 +0400 Օգոստոսի 20-ին…

46 րոպե ago

Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը

Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը Mon, 02 Nov 2026 21:00:42 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ…

1 ժամ ago

Ինչպես կառավարությունը վերցրեց Վիկտոր Համբարձումյանի մրցանակը

Ինչպես կառավարությունը վերցրեց Վիկտոր Համբարձումյանի մրցանակը Mon, 02 Nov 2026 20:45:33 +0400 Վարչապետի կինը՝ Աննա…

1 ժամ ago

Սխալմամբ կրակել է իր ոտքին

Սխալմամբ կրակել է իր ոտքին Mon, 02 Nov 2026 20:30:59 +0400 «Էմմի» հեղինակավոր մրցանակի կրկնակի…

2 ժամ ago