Նիստը վարում է կողմնակալ․ 20 վայրկյան՝ ընդդիմադիրին, 10 րոպե՝ ՔՊ-ին
Fri, 18 Sep 2026 16:45:38 +0400
Եթե չնկատեի, որ Ռուբեն Ռուբինյանը փորձում է Ազգային ժողովի նախագահի իր պարտականությունն այնպես կատարել, որ տպավորություն ստեղծվի՝ բոլոր խմբակցություններին «մի աչքով է նայում», գուցե այս դրվագը չարձանագրեի։ Նման իրավիճակները մեկ անգամ չէ, որ կրկնվում են։
Առաջին հայացքից սա կարող է թվալ սովորական, նույնիսկ մանրուք։ Բայց քաղաքականության մեջ մանրուքները երբեմն ամենից խոսունն են։ Հատկապես Ազգային ժողովում, որտեղ նիստը վարելու ձևը կարող է շատ բան ասել թե՛ նախագահի անաչառության, թե՛ տարբեր խմբակցությունների նկատմամբ վերաբերմունքի մասին։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորն էր ելույթ ունենում։ ՔՊ-ի կողմից նրան ընդհատում էին, խանգարում։ Պատգամավորը ստիպված էր անձամբ դիմել Ռուբինյանին՝ խնդրելով երկարացնել իր ելույթի ժամանակը։ Ռուբինյանը երկարացրեց՝ ընդամենը 20 վայրկյանով։
Հաջորդը ելույթ ունեցավ ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։ Ելույթի ընթացքում հնչում էին ոչ միայն քաղաքական հակադարձումներ, այլև շանտաժի ու վիրավորանքի լեզվին մոտ ձևակերպումներ։ Այս անգամ արդեն հակառակ կողմն էր բորբոքվում։
Ու այստեղ տարբերությունը բավական նկատելի դարձավ։ Ռուբինյանն ինքը հայտարարեց, որ ժամանակը երկարացվում է՝ առանց պատգամավորի խնդրանքին սպասելու։ Սկզբում՝ 10 րոպեով։ Հետո՝ կրկին։ Եվ արդեն ոչ թե վայրկյաններով, այլ րոպեներով։
Իհարկե, կարելի է ասել՝ նիստը վարողը հնարավորություն էր տալիս պատգամավորին ավարտել իր միտքը։ Հակադարձումն անմիջապես գալիս է՝ ինչու՞ միայն նրան։ Բայց այստեղ էլ մի հարց է առաջանում․ իսկ ի՞նչ նոր միտք էր այդքան ժամանակ պահանջում։ Թերևս Արթուր Հովհաննիսյանի երկարաձգվող ելույթը պետք էր, որպեսզի իր բառապաշարով «ծածկեր» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորի այն հայտարարությունը, որ Սամվել Կարապետյանը նոր չէ, որ զբաղվում է բարեգործությամբ, այլ արդեն շուրջ 30 տարի բարեգործական գործունեություն է իրականացնում։ Եվ այդ հայտարարությունը, ի տարբերություն հնչած վիրավորանքների, ուղեկցվում էր նաև փաստերի ու տեսանյութերի հղումներով։
Իմ տպավորությամբ՝ Արթուր Հովհաննիսյանի ելույթի երկարաձգվող հատվածը նոր ասելիք չէր ավելացնում։ Անընդհատ կրկնվում էր նույն միտքը՝ արդեն ավելի բարձր տոնով, ավելի երկար և, երբեմն, ավելի վիրավորական ձևակերպումներով։
Հենց այստեղ էլ մանրուքը դադարում է մանրուք լինել։ Որովհետև Ազգային ժողովի նախագահի անաչառությունը միայն մեծ ու աղմկոտ որոշումներով չէ, որ չափվում է։ Այն երևում է շատ ավելի պարզ բաներում՝ ում են ընդհատում, ում են ժամանակ տալիս, ում համար են այդ ժամանակը երկարացնում և, ամենակարևորը, ինչ չափանիշով են այդ ամենն անում։