Այն աստիճան է արգելված իմ անունը տալ Հ1-ում, որ երբ ընկերներիցս մեկը տվել էր` մոնտաժել, հանել էին
Tue, 22 Sep 2026 14:15:17 +0400
Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած համերգը լայն արձագանք է ստացել: Հանրությունը նախ շոկահարվեց, տեղեկանալով, թե կառավարությունն Անկախության օրվա համերգի համար ինչքան գումար է հատկացրել: Խոսքը` 1 միլիարդ 326 միլիոն 969 հազար դրամի մասին է, որը համարժեք է շուրջ 3 միլիոն 650 հազար դոլարին: Գումարը տրամադրվել է Կառավարության պահուստային ֆոնդից՝ ԿԳՄՍ նախարարության «Արվեստների ծրագրի» շրջանակում։
Տոնական միջոցառումների աշխարհագրությունը, բացի Երևանից, ընդգրկել էր չորս մարզկենտրոն՝ Վանաձոր, Կապան, Գյումրի, Իջևան։ Նշենք նաև, որ Անկախության տոնին երգող երգիչները շատ բարձր հոնորարներ են ստացել, օրինակ, Թաթա Սիմոնյանին 3 երգ երգելու համար հատկացվել է 20 մլն, Արման Հովհաննիսյանին՝ ավելի քան 17 մլն, «Կարեն-Սևակ բենդ»-ին՝ ավելի քան 13 մլն, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին՝ նույնքան, Ռոլանդ Գասպարյանին՝ ավելի քան 9 միլիոն դրամ, Սարո Թովմասյանին՝ 8 միլիոն դրամ, Իվետա Մուկուչյանին՝ ավելի քան 5 միլիոն դրամ, Արամ MP3-ին՝ ավելի քան 5 միլիոն դրամ, Հովհաննես Չեքիջյանի անվան ազգային ակադեմիական երգչախմբին՝ 4 միլիոն դրամ, Լիպարիտ Ավետիսյանին, Գևորգ Հակոբյանին, Հասմիկ Թորոսյանին՝ 2 մլն 700 հազարական դրամ։ Հաղորդավար Խորեն Լևոնյանը ստացել է 3 միլիոն 600 հազար դրամ, իսկ Լուսինե Թովմասյանը՝ 1 միլիոն 320 հազար դրամ։
Գուցե այս ահռելի գումարների մասին մարդիկ այդքան շատ չխոսեին, և չքննադատեին համերգը, եթե այն փոքր ինչ ճաշակով լիներ: Հայաստանի Անկախության օրվա համերգին գերակշռում էին ռաբիս ու անմակարդակ երգերը, տաշի-տուշի կատարումները: Առաջներում Անկախության օրվան նվիրված համերգներին երգում էին բարձրորակ երգեր, երգեր, որոնք խորհուրդ ու ասելիք ունեին: Օրինակ, Շուշան Պետրոսյանն այն երգչուհիներից էր, որը 2018-ից առաջ երգում էր Անկախության օրվան նվիրված միջոցառումներին:
Երգչուհուց «Հրապարակը» հետաքրքրվեց` ի՞նչ երգեր է երգել Անկախության օրվան նվիրված, և երբևէ պետբյուջեից ստացե՞լ է 20 միլիոն կամ 17 մլն, կամ գոնե 13 մլն դրամ: Պետրոսյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով թեմային, նկատեց. «Անկեղծ եմ ասում` չեմ հիշում ինչ թվեր եմ ստացել, բայց հաստատ այդքան մեծ թվեր չեմ ստացել: Ես կյանքո՞ւմս եմ Հայաստանում 20 միլիոն հոնարար ստացել, չէ: Անկեղծ` ես չեմ էլ հետևել այդ համերգին, բայց կարծում եմ, որ Անկախության տոնին պետք է երգեն այնպիսի երգեր, որոնք հաղթանակների և հաղթանակները գնահատելու մասին են, մեր տղերքին մեծարող երգեր, այն տղերքին, ովքեր պահել ու պահում են մեր սահմաններն ու Անկախությունը, ոգեղեն երգեր, հոգևոր երգեր: Անկախության օրվա համերգները պետք է հոգևորով սկսեն, դրան հաջորդեն ժողովրդական երգեր, սիրուն երգեր: Թեման, կոնցեպցիան պետք է ճիշտ մշակվի, ճիշտ երգեր պետք է ընտրվեն: Օրինակ ես շատ եմ երգել` «Իմ անուշ հայրենիք», «Կյանքս հայրենիքիս» երգերը, Ֆորշի հետ երգել եմ` «Երևանը մենք ենք» և այլն: Երդվում եմ չգիտեմ ինչ ասեմ` ոչ նայում եմ դրանց համերգները, ոչ կարդում եմ: Ես սրանց սև ցուցակում եմ, ոչ իրենց համերգներին եմ երգում, ոչ Հ1 են կանչում ինձ, բայց ասեմ, որ այսօր սրանց Հ1-ում երևալն ինձ համար պատվազրկություն է: Սարսափելի է սրանց համերգներին երգելը: Այն աստիճան է արգելված իմ անունը տալ Հ1-ում, որ անգամ մի նախագծի շրջանակներում, երբ ընկերներիցս մեկը խոսելով «Երկու աստղ» նախագծի մասին, որի հաղորդավարն եմ եղել ես, մոնտաժել, հանել էին իմ անվան հատվածը: Պատկերացնո՞ւմ եք ինչ կարգի, ինչ որակի մարդկանց մասին է խոսքը«:
Երգչուհին նաև անդրադարձավ Նիկոլ Փաշինյանին ուղղված Թաթա Սիմոնյանի ողջույնի խոսքին. «Ինչո՞ւ եք զարմանում, ութ տարի առաջ ո՞վ էր «Ծնողիս այսպես երջանիկ չէի տեսել» երգը երգում: Ես չսիրելով նրա ոճը, շատ սիրել եմ իր երգերը, բայց պատիվ ունենալն ինձ համար շատ ավելի կարևոր բան է»: