Սրանից պարզ ո՞նց ասի մարդը, որ սարսափում է․․․
Tue, 22 Sep 2026 22:02:34 +0400
Այս մարդու ամեն հաջորդ հարցազրույց ու հայտարարություն «տհաճորեն» զարմացնում է լսողներին: Եւ հասկանում ես, որ եթե իրավագիտակցության նման ցածր մակարդակ ունեցող մարդը 9 տարի կառավարում է մեր պետությունը, մեր 15 տարեկանների 80 տոկոսն էլ պիտի կարդա ու չհասկանա կարդացած տեքստը: Եթե պետության ղեկին հայտնված մարդն այսքան տարրական բաներ չգիտի, ի՞նչ պահանջես 15-ամյա պատանիներից:
Ասում է` մեր ընկալումները պիտի փոխենք եւ ամեն հայտարարության չարձագանքենք, հերիք ա ասեք. տեսեք` «ինքը կարմիր կոշիկ ա հագել, բա ինչի՞ մենք կարմիր կոշիկ չենք հագել» եւ չպիտի ամեն փռշտոցին արձագանքենք, որովհետեւ ամեն օր կարող են հնչել տարբեր հայտարարություններ, եթե արձագանքենք ամեն ինչին, կյանքը կվերածվի քաոսի, «կհայտնվենք ակտիվ պատերազմի ու կոնֆլիկտի հորձանուտում»… եւ օրինակներ է բերում` ամեն օր լսում ենք` Արեւմտյան Հայաստան, կապիտուլյացիա, ցեղասպանություն, ռեւանշիզմ խոսույթը (վերջին երկուսը` երեւի նկատի ունի` մեր կողմից. «եկեք նայենք Հայաստանում ինչ հայտարարություններ են հնչում»)… ասածի իմաստն այն է, որ Գանձասարն աղվանական կոչելուց մի վրդովվեք ու մի պահանջեք, որ մենք արձագանքենք…
Սրանից պարզ ո՞նց ասի մարդը, որ սարսափում է արձագանքել դրսից հնչող ագրեսիվ, ռազմատենչ հայտարարություններին եւ փորձում է դա բացատրել` իբրեւ թե ստատուսի խնդիր կա` երկրի վարչապետը չպիտի արձագանքի որեւէ այլ «վարչապետի օգնականի տեղակալի» կամ ԱԳ մամուլի խոսնակի հայտարարություններին:
Իսկ ո՞վ է ասում, որ դու անձամբ արձագանքես` դրա համար հազար «օգնականի տեղակալ» ու մամուլի քարտուղար ունես, բայց դու այնպիսի վախի մթնոլորտ ես ստեղծել երկրում եւ այնքան կտրուկ ես արգելել, որ ոչ միայն դու, այլ ոչ ոք չի արձագանքում` անգամ ԱԺ պատգամավորները, ԱԳ նախարար-փոխնախարար չեն համարձակվում կես խոսքով հանդիմանել մեր հասցեին վայրահաչող հաջիեւներին… սահմանին կանգնած զինվորները` լեզվակռվով են փորձում հետ մղել թշնամուն, մեր օդային տարածք մտնող դրոնները` գալիս-նկարում, հանգիստ հետ են դառնում, իսկ քո ուսապարկերին թվում է` իրենց միակ անելիքը Ալիեւին քծնելն է, խաղաղության մասին 24/7 ռեժիմով խոսելը, որ հանկարծ բարձր աշխատավարձերից չզրկես իրենց:
Բայց ինչքան քիչ եք արձագանքում-հակադարձում թշնամուն, այնքան նա լկտիանում է եւ դրանով ոչ թե կոնֆլիկտի դուռ-լուսամուտն է փակվում, այլ մեր երկրի դարպասներն են թշնամու առաջ բացվում…
Բայց, ենթադրենք, անվտանգության հարցը բարդ է, նուրբ է, պատերազմի վախն անհաղթահարելի է ու դրանով է պայմանավորված այս գերզգուշությունը: Տեսեք նույն մարդն ի~նչ «խրոխտ ու համարձակ» է մյուս հարցերում…
Եկեղեցու դեմ սանձազերծած պատերազմը բերել է «ինստուցիոնալ» դաշտ` եկեղեցու ճգնաժամը լուծելու համար օրենսդրական փաթեթ ենք պատրաստել: Երբ լրագրողը հարցնում է` բայց չէ՞ որ դա անկախ ինստիտուտ է, ինչպե՞ս եք կաթողիկոսին փոխում, ասում է` «հետո ի՞նչ. անկախ ինստիտուտներ են նաեւ ՀԿ-ները, կուսակցությունները, տեղական ինքնակառավարման մարմինները, լրատվամիջոցները…», աղջիկը խելամտորեն առարկում է` այ դրա համար էլ դուք չեք կարող մեր լրատվամիջոցի ղեկավարին փոխել եւ… ուշադրություն` ցնցող պատասխան. «Ո՞վ ասաց չեմ կարող»…եւ հայտարարում է, որ ամեն ինչ կարգավորման ենթակա է, ինքը կարող է ցանկացած օրենք փոխել, որովհետեւ քաղաքական մեծամասնություն ունի. «որեւէ տեղ գրված չէ, թե օրենքի մեջ ինչ պիտի լինի գրված»… ես չեմ կարող լրատվամիջոցի ղեկավար նշանակել, բայց կարող եմ որոշել, որ էսինչ, էսինչ անձինք չեն կարող լրատվամիջոցի ղեկավար դառնալ…
Սարսափ ու հուսահատություն է պատում այս մարդուն լսելիս` այսքան ապօրինություններ, հիմարություններ, տգիտություն… պարզ է, որ մարդը չի հասկացել, թե ինչ է պետությունը, չգիտի օրենքներն ինչ են, ինչպես են գրվում, չի հասկանում` ինչը կարող է լինել օրենսդրական կարգավորման առարկա, ինչ է նշանակում պառլամենտարիզմ եւ առհասարակ` որոշել է ջնջել մարդկության բոլոր նախորդ ձեռքբերումները…
Ու մեկը չկա ասի` այ ընկեր, դու կարող ես օրենքներ ներկայացնել խորհրդարան, պարզ է, որ քո ուսապարկերը մարդ քառատելու մասին օրինագծին էլ համաձայնություն կտան, բայց կան օրենք գրելու սկզբունքներ, օրենքի կարգավորման ենթակա եւ ոչ ենթակա հասկացություններ… քո վախերը, ցանկությունները, համակրանքներն ու հակակրանքները չեն կարող օրենքի տեքստ դառնալ, դու Հռոմեական կայսր չես, ոչ էլ արեւելյան փադիշահ, որ քո կամքը փոխարինի պառլամենտական երկրի օրենքներին ու հասկացություններին…
Հասկացանք` եւրոպացի գործընկերներդ կանաչ լույս են վառել ապօրինություններիդ առաջ, բայց ամեն ինչին չափ ու սահման կա, քո նմանների՞ ոտերն են կտրվել գետնից` հետո մի օրում գահավիժել են ու անհետացել պատմության թատերաբեմից…