Մեկնարկում է ՄԱԿ 81-րդ Գլխավոր վեհաժողովը․ ինչ հարցեր են քննարկվելու
Wed, 23 Sep 2026 13:15:39 +0400
Նյու Յորքում աշխատանքներն է սկսում ՄԱԿ 81-րդ գլխավոր վեհաժողովը։ Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում մոտ 130 պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ կհավաքվեն համաշխարհային կառույցի կենտրոնակայանում՝ քննարկելու աշխարհին հուզող հիմնական հարցերը։ Գլխավոր վեհաժողովին կմասնակցի ՄԱԿ անդամ 193 պետություն, ինչպես նաեւ՝ դիտորդական երկրներ, ԵՄ դիտորդներ։ Կնախագահի Խալիլուր Ռահմանը` Բանգլադեշի ԱԳ նախարարը։ Ընդհանուր քննարկումները տանտիրոջ իրավունքով կբացի ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։ Այնուհետեւ, համաձայն ընդունված ավանդույթի, առաջինը խոսքի իրավունք կստանա Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դե Սիլվան, որից հետո ելույթով հանդես կգա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ որպես հյուրընկալող երկրի ղեկավար։ Յուրաքանչյուր ելույթի տեւողությունը, ըստ ՄԱԿ քարտուղարության սահմանած ժամանակացույցի, կարող է տեւել ոչ ավելի, քան 15 րոպե։
Թրամփի ելույթը կարելի է համարել ամենասպասվածներից մեկը։ Միացյալ Նահանգները ՄԱԿ որոշ կառույցների հետ ունի լարված հարաբերություններ, իսկ կառույցին՝ մեկ միլիարդ դոլարի չափ անդամավճարային եւ այլ չկատարված պարտավորություններ։ Ուշագրավ է այն, որ նախօրեին 725 միլիոն դոլար փոխանցվել է այդ գումարից։ Օրակարգում առաջնային կարեւորություն կունենան հետեւյալ հարցերը․
• Մերձավոր Արեւելք
• Ուկրաինական ճգնաժամ
• Արհեստական բանականություն
• Ով կդառնա ՄԱԿ նոր գլխավոր քարտուղարը
• Կլիմայի փոփոխությունների եւ հնարավոր նոր պանդեմիաների հարցեր եւ այլն։
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նաեւ Նյու Յորքում անվտանգային արտակարգ միջոցառումներ են ձեռնարկվել, որոնք մեկ շաբաթով զգալիորեն կբարդացնեն նյույորքցիների կյանքը։ Սեպտեմբերից 21-25-ը Նյու Յորքի իշխանությունները հայտարարել են «առավելագույն խցանումների օրեր»։ Որոշել են Մանհեթենում ակտիվ երթեւեկությունը սահմանափակել․ մեկ շաբաթ շարունակ Մանհեթենի, այսպես ասած, «հատուկ գոտում» երթեւեկության համար կսահմանվի 6 կմ/ժ առավելագույն արագություն։ Անվտանգային միջոցառումներին ներգրավված են Նյու Յորքի ոստիկանությունը, ԱՄՆ գաղտնի ծառայությունը, Պետքարտուղարության դիվանագիտական անվտանգության ծառայությունը, Հետաքննությունների դաշնային բյուրոն, ՄԱԿ ոստիկանությունը եւ այլ գերատեսչություններ։
Ամեն դեպքում արձանագրենք, որ նման մեծամասշտաբ համաշխարհային միջոցառման համար Նյու Յորքում ո՛չ փողոցներն են փակվում, ո՛չ դպրոցները, ինչպես արվում է Հայաստանում` COP-17 միջոցառման առիթով: