«Հրապարակ»․ Չեք գտնի մեկ այլ ղեկավար, որ ասի` թշնամուն հակադարձողները պատերազմ են հրահրում

«Հրապարակ»․ Չեք գտնի մեկ այլ ղեկավար, որ ասի` թշնամուն հակադարձողները պատերազմ են հրահրում

Thu, 24 Sep 2026 10:45:59 +0400


Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Գանձասարի վերաբերյալ Ադրբեջանից հնչող հայտարարություններին եւ այն հարցին, թե ինչպես պետք է Հայաստանն արձագանքի նման պնդումներին։ Նա շեշտել է, որ Հայաստանը չպետք է անմիջապես արձագանքի Ադրբեջանի կողմից պատմական փաստերն աղավաղելուն: Ով կասկածում է պատմական փաստերին, կարող է գալ` Մատենադարանում ծանոթանալ դրանց։ «ՀՀ բոլոր պետական ինստիտուտները, ամբողջ հայ ժողովուրդը բանուգործը թողնի եւ սկսի Ադրբեջանին ապացուցել, որ Գանձասարը հայկակա՞ն է․ դա ոչ մի բանի չբերող գործողություն է։ Մենք ունենք բնագրերը, բնագրերը Մատենադարանում են, ում հետաքրքիր է, թող գա նայի եւ այդ հարցերի պատասխանը ստանա»,- ասել է նա։ «Հրապարակը» զրուցել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանի հետ:

– Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ հարկավոր չէ բանուգործը թողնել ու Ադրբեջանի հոխորտանքներին կամ կեղծիքներին արձագանքել, օրինակ՝ պնդել, որ Գանձասարը հայկական է: Բայց չէ՞ որ այդ հոխորտանքներն ու կեղծիքները լսում է ամբողջ աշխարհը, եւ նախորդ շաբաթ Գանձասարում` Ադրբեջանում հավատարմագրված դեսպանների պահվածքը ցույց տվեց, որ նրանք հավատում են ադրբեջանական ստերին: Ի վերջո, եթե Փաշինյանն իր պատվից ցածր է համարում արձագանքել Ադրբեջանի նախագահի օգնականին կամ այլ պաշտոնյաների, դրա համար կա ԱԳ նախարարություն, ունեն խոսնակներ, այլ կառույցներ, որոնք կարող են արձագանքել ադրբեջանական կեղծ թեզերին, թե՞ դրա կարիքն իրապես չկա:

– Անպատասխանատու քաղաքականության եւ, առհասարակ, անպատասխանատու քաղաքական գործչին բնորոշ հայտարարությունն է անում Փաշինյանը: Տպավորություն է, որ այս մարդիկ իրենց ոչ թե պետության ղեկավարներ, իշխանության ներկայացուցիչներ են համարում, այլ ինչ-որ վարձու գործողություններ իրականացնող փոքրիկ խմբակ են իրենց զգում: Ինչու եմ այսպես կարծում, որովհետեւ դժվար է պատկերացնել մի պետության ղեկավար, որ այսքան անլուրջ է մոտենում թշնամի պետության հայտարարություններին եւ պնդում, որ հակադրվելը սխալ է կամ ավելորդ է: Այն ագրեսիվ հայտարարությունները, որոնք հնչում են Բաքվից, իրենց մեջ բազում մարտահրավերներ են ներառում, որոնք հետագայում ավելի հստակ կդառնան: Օրեր առաջ էլ արձանագրեցինք, թե ինչ տեղի ունեցավ Գանձասարում: Հեգնեցին ու ծաղրեցին հայ ժողովրդին եւ անգամ մեր հոգեւոր արժեքները ոտնահարող պահվածք ցուցաբերեցին: Այնպես որ, Նիկոլ Փաշինյանն անպատասխանատու քաղաքական գործիչ է եւ ժողովրդի առաջ իրեն պարզապես պատասխանատու չի համարում: Նա իր անկարողությունը ներկայացնում է որպես վեհություն, սակայն իրականում ջայլամի քաղաքականություն է վարում, փորձում է ուղղակի չնկատել, թե ինչ է տեղի ունենում, եւ խոսում է այնպես, ինչպես հարմար է այդ րոպեին: Բայց չնկատել թշնամու սպառնալիքները՝ սա իսկապես չլսված ու չտեսնված երեւույթ է ամբողջ աշխարհում: Ես չգիտեմ մեկ այլ պետություն, որի ղեկավարն այս աստիճան թքած ունի իր ղեկավարած պետության ու ժողովրդի վրա: Այս մարդիկ պարզապես հեռու են հայկական շահ սպասարկելուց:

– Իշխանությունները կարծում են, որ եթե մարդիկ համարժեք պատասխաններ ու գործողություններ են իրենցից ակնկալում, նաեւ՝ մի փոքր արժանապատվություն, ապա պատերազմ են ցանկանում, մերժում են «խաղաղության» օրակարգը: Ի՞նչ գնահատական կտաք այս մոտեցմանը:

– Խաղաղությունը միայն սահմանում կրակի բացակայությունը չէ: Խաղաղության մեջ շատ ու շատ այլ կոմպոնենտներ կան, մասնավորապես` խաղաղության պայմաններում չեն կարող վիրավորանքներ հնչել հարեւան պետության կողմից։ Եթե քեզ ծաղրում ու վիրավորում են, դա նշանակում է, որ պատրաստ չեն քեզ հետ խաղաղություն հաստատել: Իշխանության այս մոտեցումն անգամ ծաղրանք ու խղճահարություն այլեւս չի առաջացնում: Ակնհայտ է, որ այս մարդիկ արտաքին օրակարգ են սպասարկում, եւ իրենց նպատակների մեջ չի մտնում Ադրբեջանին հակազդելը, մարտահրավերներին դիմագրավելը: Մեր հասարակությանը «խաղաղության» քողի տակ տանում են նոր ցեղասպանության: Այս իշխանությունը որեւէ պատասխանատվություն չի կրում սերունդների առաջ: Մոտ տասն օր առաջ, կառավարության անդամների երդման արարողության ժամանակ ապագա սերունդների մասին խոսք կար, բայց ես կասեմ, որ նրանք ոչ միայն թքած ունեն ապագա սերունդների վրա, այլեւ ամբողջ պետության վրա: Եթե նրանք մի փոքր կարեւորեին պետության գաղափարը, ապա շրիշակի մակարդակից ցածր հայտարարություններով հանդես չէին գա: Աշխարհում չեք գտնի մեկ այլ պետության ղեկավար, որ ասի` թշնամուն հակադարձողները պատերազմ են հրահրում: Այսինքն` եթե մարդը չի ցանկանում գլուխը կախ մորթվել, ուրեմն պատերազմ է հրահրում:

– Օրեր առաջ ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանն էլ ասաց, որ եթե անգամ ադրբեջանական կողմը կրակ բացի Հայաստանի ուղղությամբ, հայկական կողմը չի պատասխանելու դրան: Այդ դեպքում մայիսի 28-ին ո՞ւմ եւ ինչո՞ւ էին ցուցադրում զենքեր, զինտեխնիկա: Ի վերջո` ո՞ւմ են պետք այդ զենքերը, եթե հարկ եղած դեպքում անգամ չենք կրակելու:

– ՔՊ-ականներից հեռու չէ, ՔՊ-ական իշխանությունն անգամ պատրաստ է հազարավոր զոհեր տալ նորից, միայն թե պահեն իրենց աթոռը: Նրանց համար սովորական բան է զինվորի մահը: Մեր անկախ պատմության ընթացքում երբեք չի եղել նման անհարգալից վերաբերմունք հայ զինվորի նկատմամբ: Այսքան սպանություններ ու ինքնասպանություններ բանակում երբեք չեն եղել: Այս իշխանությունը սպասարկում է միմիայն ադրբեջանական շահը:

– Ի վերջո, եթե Փաշինյանը չի ցանկանում հակադրվել ադրբեջանական կողմի հայտարարություններին, ապա ո՞վ կարող է դա անել նրա փոխարեն:

– Փաշինյանն այլեւս գոյություն չունի որպես որոշում կայացնող անձ: Մանավանդ՝ այս ընտրություններից հետո, երբ «օրինական» ընտրակաշառք բաժանելուց հետո անգամ 50+1 տոկոս ձայն չստացան: Այս իշխանությունն ունի լեգիտիմության խնդիր: Ես Նիկոլ Փաշինյանին չեմ համարում իմ ղեկավարը, իսկ եթե ՔՊ-ականների համար նորմալ է, որ իրենց վարչապետին ծաղրում ու վիրավորում են, ապա ի՞նչ ասեմ, ուրեմն թող հանդուրժեն: Հայ տղամարդուն բնորոշ վարքագիծ չունեն նրանք: Անարգանքը հանդուրժում են, վիրավորանքը հանդուրժում են, ծաղրանքը հանդուրժում են, բայց որեւէ այլ իշխանության ժամանակ նման բան չի եղել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». Հակոբ Ղազանչյանը հերոսական գործ է ձեռնարկել

«Հրապարակ». Հակոբ Ղազանչյանը հերոսական գործ է ձեռնարկել Thu, 24 Sep 2026 12:15:36 +0400 Հայաստանի պետական…

13 րոպե ago

Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները մոտ 240 հազար դոլար պարգևատրու՞մ կստանան

Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները մոտ 240 հազար դոլար պարգևատրու՞մ կստանան Thu, 24 Sep 2026 12:12:49 +0400…

16 րոպե ago

Ինչ է արգելվել արտահանել ՀՀ-ից ու որքան ժամանակով

Ինչ է արգելվել արտահանել ՀՀ-ից ու որքան ժամանակով Thu, 24 Sep 2026 12:09:08 +0400 Հայաստանում…

20 րոպե ago

Քուվեյթից ու Կատարից ստացված գումարները․ հայտնի է՝ որքանն է ծախսվել

Քուվեյթից ու Կատարից ստացված գումարները․ հայտնի է՝ որքանն է ծախսվել Thu, 24 Sep 2026 12:07:05…

22 րոպե ago

Մանրամասներ՝ Զելենսկի-Էրդողան հանդիպումից

Մանրամասներ՝ Զելենսկի-Էրդողան հանդիպումից Thu, 24 Sep 2026 12:00:16 +0400 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Նյու Յորքում…

29 րոպե ago

Լրացուցիչ գումարներ վարչապետի աշխատակազմի գործուղումների համա՞ր

Լրացուցիչ գումարներ վարչապետի աշխատակազմի գործուղումների համա՞ր Thu, 24 Sep 2026 11:55:26 +0400 Կառավարության որոշմամբ՝ ՀՀ…

34 րոպե ago