Հերթական անգամ արձանագրեցինք Փաշինյանի ռեվերանսները Ադրբեջանին և Թուրքիային
Fri, 25 Sep 2026 23:15:32 +0400
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում ելույթ է ունեցել եւ անդրադարձել Ադրբեջանի հետ հաստատված խաղաղությանը: Իսկ դեռևս լուծման ենթակա խնդիրների շարքում մատնանշել է մի քանի հազար անհետ կորածների ճակատագրի պարզաբանումը, ականազերծման աշխատանքները, Ադրբեջանում անազատության մեջ պահվող հայերի վերադարձը։ Նշել է հոռետեսներին սնող մյուս պատճառը` ժամանակ առ ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի որոշակի շրջանակներում կոնֆլիկտային խոսույթների օգտագործումը։ «Կարծում եմ մենք՝ նկատի ունեմ Հայաստանն ու Ադրբեջանը, ավելի քան բավարար արդյունքների ենք հասել, որոնք մեզ համար պիտի ավելի արժեքավոր լինեն, քան կոնֆլիկտային խոսույթների օգտագործումը՝ լինի դա պատմության, թե պատմամշակութային հուշարձանների կամ որևէ այլ բանի մասին»,- հայտարարել է նա։ Փաշինյանն, ըստ էության, քողարկված արձագանքել է Գանձասարն ու Դադիվանքը «աղվանական մշակութային ժառանագության» մաս ներկայացնելու Բաքվի փորձերին և այդ ֆոնին ՀՀ-Ադրբեջան հարաբերություններում առաջացած որոշակի լարվածությանը։
Ինքը վստահ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության հիմնական թեման պետք է լինի «խաղաղության մասին հոգ տանելը, այն ամրապնդելն ու ինստիտուցիոնալ դարձնելը»։ Ելույթում Փաշինյանն անդրադարձել է նաև մի շարք թեմաների, այդ թվում՝ «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի իրականացմանը, ԵՄ-ի և Ռուսաստանի հետ հարաբերություններին, հայ-թուրքական կարգավորմանը։
Նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Հրապարակի» հետ զրույցում խոսելով ԱՄՆ կատարած այցի, և նրա ելույթի մասին, շեշտեց. «Փաշինյանը խոսեց հայ ռազմագերիների, և անհետ կորածների մասին նաև, սակայն նրա օրակարգը էլի Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա հարաբերություններին էր վերաբերում: Համենայն դեպս ես նման տպավորություն ստացա: Ի դեպ, ամենակարևոր հայտարարությունն այն էր, որ հունիսի 7-ին Հայաստանում կասեցվել է պետությունը զավթելու պլանը: Դա թերևս ամենաառանցքային հայտարարությունն էր: Հայաստանի օրակարգի համար որևէ կարևոր արձանագրում այդպես էլ չեղավ: Հերթական անգամ արձանագրեցինք Փաշինյանի ռեվերանսները Ադրբեջանին և Թուրքիային, խոսվեց Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին, և Փաշինյանը հերթական անգամ, ըստ էության, Ռուսաստանին մեղադրեց սարսափելի հանցանքի մեջ, այն է` պետություն զավթելու փորձի մեջ: Նա ասաց, որ ընտրողները այդ պրոցեսը կասեցրել են: Իհարկե, շատ կարևոր է, որ գոնե անդրադարձավ անհետ կորածների և հայ ռազմագերիների խնդրին, ուզում եմ հիշեցնել, որ այսօր Հայկազովի բենզալցակայանի պայթյունի օրն է` երբ մենք 22 անհետ կորած արձանագրեցինք, ծնողները մինչ օրս պայքարում են իրենց որդիներին գտնելու համար, կան տարբեր վկայություններ, որ նրանցից մի քանիսը ողջ են, և այժմ գտնվում են ադրբեջանական գերության մեջ: Նիկոլ Փաշինյանը «ռազմագերի» բառը այդպես էլ չարտաբերեց, սակայն ասաց, որ պատերազմի ընթացքում մարդիկ են հայտնվել գերության մեջ: Ես որևէ բառ չլսեցի այն մասին, որ Ադրբեջանը գլուխը պատին է տվել, որ դիմել է Ինտերպոլին, Ինտերպոլն էլ Ադրբեջանի խայտառակ հայցը ընդունել է, որ իբրև մենք աղվանական մշակութային կոթողները գողացել ենք, և Ինտերպոլը պետք է Մայր աթոռին պահ տված Դադիվանքի զանգերը գա, վերցնի տանի: Որևէ բառ չասվեց այն մասին, որ արցախյան եկեղեցական կոթողները վերասրբագրվում են և ներկայացնում են որպես աղվանական և ուդիական: Եթե դու գնում ես խաղաղության, պետք է գործընկերոջդ ասես, որ սուտ է խոսում: Հայաստանն ասում է, որ խաղաղության համար միջազգային ատյաններից հայցերը հետ է վերցնում, օրինակ Հաագայի դատարանից, զուգահեռաբար Ադրբեջանը հայցեր է ներկայացնում մեր դեմ, և պնդում է, որ իրենց հողերը հեկտարներով ոչնչացրել ենք, իբրև հանքեր ենք շահագործել` ապօրինաբար, իբրև հանածոներ ենք ոչնչացրել, և այլն: Բազմաթիվ նման քեյսեր են ուղարկվում միջազգային դատարան: Այս ամենի ֆոնին «Արևմտյան Ադրբեջան» ՀԿ-ն ֆինանսավորվում է Ադրբեջանի կառավարության կողմից: Ավելին` ադրբեջանցի գիտնականները ցանկանում են այստեղ պեղումներ իրականացնել, մասնավորապես` Սևանա լճում, Վայոց Ձորում, Սյունիքում և այլն: Իբրև իրենց պատկանող աղվանական մշակութային կոթողներ են ուզում հավաքագրել, որպեսզի միասնական բազա ստեղծեն: Ես այս ամենի մասին որևիցե խոսք չլսեցի ՄԱԿ-ի ամբիոնից, փոխարենը հերթական ռեվերանսը Ալիևին և Էրդողանին»: