Օրվա հերոսները․ Նիկոլ Փաշինյան, Գագիկ Ծառուկյան, Արարատ Միրզոյան
Fri, 25 Sep 2026 23:47:08 +0400
Օրվա ընթացքում հայաստանյան մեդիան հրապարակել է ավելի, քան 2 976 նյութ։ Դրանց ձևավորած օրակարգում առանձնացել են ողբերգական միջազգային իրադարձության շուրջ համերաշխության արտահայտումը, սպորտային հաջողությունները և Նյու Յորքում ընթացող դիվանագիտական շփումների շարունակությունը։ Բոլոր նյութերը ուսումնասիրվել են մեդիա մոնիտորինգ -ի վերլուծական գործիքակազմի կիրառմամբ։
ՕՐՎԱ ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Փաշինյանը ցավակցել է Տոկաևին Կասպից ծովում զոհված 14 ղազախստանցի զինծառայողների կապակցությամբ — 44 հիշատակում
Փաստեր. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ ռազմածովային ուժերի զորավարժությունների ընթացքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ։ Կասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է, հայտնաբերվել են բոլոր 14 զոհված զինծառայողների դիերը։ Իր ղազախստանցի գործընկերոջը ցավակցական հեռագիր է հղել նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Մեդիայի ուշադրության կենտրոնում. Լուրը տարածվել է հակիրճ, կարեկցանքի արտահայտման ձևաչափով, առանց լրացուցիչ քաղաքական մեկնաբանության։
2. Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում՝ հաղթելով Լատվիային 2:0 — 39 հիշատակում
Փաստեր. Ազգերի լիգայի C խմբի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի «Հանրապետական» մարզադաշտում 2:0 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն։ Հաշիվը 31-րդ րոպեին բացեց Գեորգի Հարությունյանը, երկրորդ գոլի հեղինակ դարձավ Արթուր Ղարիբյանը։
Մեդիայի ուշադրության կենտրոնում. Սպորտային մեդիան հաղթանակը ներկայացրել է՝ որպես հաջող մեկնարկ նոր փուլում։
3. Փաշինյանը ՄԱԿ-ում. Հայաստանում սպասում են Ադրբեջանում անազատության մեջ գտնվող հայերի վերադարձին — 35 հիշատակում
Փաստեր. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում ելույթ ունենալիս Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ հաստատված Հայաստան-Ադրբեջան խաղաղության թեմային՝ վերահաստատելով, որ բեկումը հնարավոր չէր՝ առանց Թրամփի անձնական ներգրավվածության։ Վարչապետը հայտնել է, որ Հայաստանում սպասում են հակամարտության հետևանքով Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին։
Մեդիայի ուշադրության կենտրոնում. Ելույթը լուսաբանվել է՝ որպես Հայաստանի պաշտոնական դիրքորոշման վերահաստատում միջազգային ամբիոնից՝ շեշտադրելով թե՛ խաղաղության գործընթացի առաջընթացը, թե՛ չլուծված մարդասիրական հարցը։
Հակասող նարատիվներ. Ելույթը ընդդիմության կողմից ուղղակի ու սուր մերժման է արժանացել՝ մի քանի զուգահեռ գծով.
- Համեմատություն Սերժ Սարգսյանի հետ։ ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է, որ Սերժ Սարգսյանը՝ ՄԱԿ-ից «մենք» ասելով, նկատի ուներ Հայաստանն ու Արցախը, մինչդեռ Փաշինյանը՝ Հայաստանն ու Ադրբեջանը, նշելով, որ ելույթում ոչ մի խոսք չի եղել Արցախի օկուպացիայի, Հայոց ցեղասպանության մասին, փոխարենը՝ «ռևերանսներ Թուրքիային ու Ադրբեջանին»։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ավելի կտրուկ է արտահայտվել՝ ասելով, որ Հայաստանի վիճակը շատ ավելի լավը կլիներ, եթե ՄԱԿ-ում Փաշինյանի փոխարեն շարունակեր հանդես գալ Սերժ Սարգսյանը։
- Ուղղակի մերժում՝ շահերի հետ կապի բացակայություն։ ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը հայտարարել է, որ ելույթը «կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ», և առանձին վերնագրով ձևակերպել է, որ ՄԱԿ-ի ամբիոնից «հատուկ նվեր մատուցվեց Ադրբեջանին»։
- Ինքնիշխանության հարց։ Առանձին վերլուծականում հարց է բարձրացվել, թե արդյոք Փաշինյանը, հպանցիկ անդրադառնալով Արցախի հայկական պատմամշակութային հուշարձաններին «դարավոր խաղաղ գոյակցության» համատեքստում, փաստացիորեն չի ուրանում դրանց հայկական ծագումը, և արդյոք դա չի նշանակում ինքնիշխանության փաստացի զիջում՝ «խաղաղության գործընթաց» անվան տակ։
- «Թուրքական աթոռի» մեկնաբանություն։ Առանձին նյութում Փաշինյանի իսկ՝ ավելի վաղ հնչեցրած «մեկ աթոռի վրա նստած ենք» արտահայտությունը վերաիմաստավորվել է՝ պնդելով, որ դա փաստացի «թուրքական աթոռ» է։
- Հեգնական արձագանք. «Ուժեղ Հայաստան» կուսակցության Սամվել Կարապետյանը հեգնանքով նշել է, որ ելույթից հետո «իրենց (այլ երկրների) ընտրողների կյանքը մի 50 տարով երկարեց»՝ ակնարկելով, որ ելույթը ծառայել է ոչ թե հայաստանյան, այլ արտաքին լսարանի շահերին։
Հակառակ կողմից՝ իշխանամետ մեկնաբանություններից մեկում ելույթը գնահատվել է «բավականաչափ դրական»՝ նպատակաուղղված աշխարհի տարբեր գործընկերներին Հայաստան և տարածաշրջան հրավիրելուն։
4. Միրզոյանն ու Բայրամովը Նյու Յորքում հանդիպել են․ քննարկել են խաղաղության գործընթացը — 35 հիշատակում
Փաստեր. ՀՀ ԱԳ և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպում են ունեցել Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։ Քննարկվել են խաղաղության գործընթացը, ինչպես նաև տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցեր։
Մեդիայի ուշադրության կենտրոնում. Հանդիպումը ներկայացվել է՝ որպես բանակցային գործընթացի շարունակականության ապացույց՝ Նյու Յորքի դիվանագիտական շաբաթվա ֆոնին։
Հակասող նարատիվներ. Հանդիպման պաշտոնական լուսաբանումից բացի, տարածում է գտել մեկ սուր քննադատական վերլուծություն. քաղաքագետ Հակոբ Բադալյանը, մեկնաբանելով հանդիպման լուսանկարը, այն բնութագրել է՝ որպես «զավեշտի և ողբերգականության հիբրիդ»։ Նրա փաստարկով՝ խնդիրը ոչ թե Միրզոյանի ժպտալու փաստն է (քանի որ, ինչպես նշում է, ժպտում են նաև ուժեղները), այլ այն, որ Միրզոյանը հայաստանցի լրագրողների՝ Բաքվում պահվող գերիների հարցը լսելիս կարող է արձագանքել «դե ծնգըլ արեցիք» ձևով, մինչդեռ Բայրամովին, անկախ վերջինիս ասածից, պարտադիր ժպտալու է, ինչը, ըստ հեղինակի, արտացոլում է կողմերի «մեխանիկական» անհավասար դիրքերը բանակցային գործընթացում։ Այս մեկնաբանությունը միաժամանակ տարածվել է մի քանի աղբյուրում՝ որպես նույն թեմայի շուրջ ձևավորվող ավելի լայն աշխարհաքաղաքական քննադատության մաս։ Պաշտոնական/իշխանամետ կողմից ուղղակի պատասխան այս կոնկրետ մեկնաբանությանը չի արձանագրվել։
5. Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը օլիմպիադայում հաղթել է Ադրբեջանին— 32 հիշատակում
Փաստեր. Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 9-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը լարված պայքարում 2.5:1.5 հաշվով առավելության հասավ Ադրբեջանի ընտրանու նկատմամբ։ Թիմին հաղթանակ պարգևեց գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը՝ սպիտակ ֆիգուրներով հաղթելով Ռաուֆ Մամեդովին։
Մեդիայի ուշադրության կենտրոնում. Սպորտային մեդիան հատուկ ուշադրություն է դարձրել հենց Ադրբեջանի դեմ հաղթանակի խորհրդանշական կողմին։
ՕՐՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԶՄԵՅՔԵՐՆԵՐԸ
- Նիկոլ Փաշինյան — վարչապետը եղել է օրվա ամենահիշատակվող դեմքը՝ ՄԱԿ-ում ունեցած ելույթի և Տոկաևին ուղղված ցավակցության կապակցությամբ։
- Գագիկ Ծառուկյան — կալանքի տակ գտնվող ԲՀԿ առաջնորդի շուրջ զարգացումները (կրկնակի հարցաքննություն) մեծ ուշադրության են արժանացել։
- Արարատ Միրզոյան — ԱԳ նախարարի Բայրամովի հետ հանդիպումը եղել է օրվա տեսանելի դիվանագիտական իրադարձություններից։
- Ալեն Սիմոնյան — ԱԽ քարտուղարի դեսպանական ընդունելությունները (Իրան, Չեխիա) նկատելի ծավալով լուսաբանվել են մեդիայի կողմից։
- Ռուբեն Ռուբինյան — ԱԺ նախագահի դեսպանական ընդունելությունները (Ֆրանսիա, Լիտվա, Նիդերլանդներ) նույնպես եղել են ուշադրության կենտրոնում, թեև առանձին-առանձին վերցրած՝ ցածր ծավալով։
ԿԱՐևՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ԹՈՓՈՒՄ ՉԵՆ
- Արարատի մարզի Այգեստան գյուղի դպրոցում դասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն. բուժզննությունից հետո նրանք վերադարձել են դասերին։
- Երուսաղեմում ծայրահեղականները պղպեղային գազասրվակով հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա։
- Սեպտեմբերի 25-ից «Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս» գազատարով վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը։
- Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ահազանգ է ստացել զորամասում զինծառայողի նկատմամբ բռնության վերաբերյալ և պահանջում է պատշաճ ուսումնասիրություն։
- «Արզնի կաթնամթերքի» գործունեությունը կասեցվել է՝ սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով։
- Աբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, մի շարք անձինք ձերբակալվել են։
- Հայաստանի առողջապահական համակարգում մեկնարկում է վերջին տարիների ամենախոշոր բարեփոխումներից մեկը՝ ավագ բուժաշխատողների անհատական լիցենզավորման գործընթացը։ ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենը, բուժաշխատողների լիցենզավորումը Հայաստանում կասեցվել էր դեռևս 2001 թվականից. 2015-2016 թվականներին ներդրվեցլ է Շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրման համակարգը, որն այժմ վերածվում է ավելի խորքային ռեֆորմի։ Մոտ 20,000 բժիշկ և դեղագետ ենթակա են լինելու նոր լիցենզավորման քննությանը։
- Հարցման համաձայն (MPG/Gallup, սեպտեմբերի 22-24)՝ ՀՀ քաղաքացիների 80%-ը դեմ է Տիգրանաշենի հնարավոր հանձնմանը Ադրբեջանին։
- Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբանների միջանկյալ միջոցի պահանջը։
ՇԱԲԱԹԱՎԵՐՋԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է «Կիբեռնետիկայի մուսան» խորագրով նոր հոլոգրաֆիկ ցուցադրություն, որտեղ այցելուն նկարչին կարող է տեսնել իր արվեստանոցում՝ աշխատանքի պահին։
- Բեռլինի Kesselhaus համերգասրահում տեղի է ունեցել «Հայկական մշակույթը Բեռլինում» համերգային երեկոն՝ նվիրված Անկախության 35-ամյակին և հայ-գերմանական մշակութային կապերին։
- Հոկտեմբերին Երևանում կմեկնարկի «Հայ Ֆեստ» կատարողական արվեստների միջազգային 24-րդ փառատոնը։