«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանն իր շեֆին հարցրե՞լ է` ինչո՞ւ չես խոսում մեզնից օկուպացված տարածքների մասին

«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանն իր շեֆին հարցրե՞լ է` ինչո՞ւ չես խոսում մեզնից օկուպացված տարածքների մասին

Sat, 26 Sep 2026 10:45:51 +0400


Ադրբեջանցի մի նախկին արտգործնախարար հայտարարում է, որ Փաշինյանն իրավունք չունի Սեւանում լողալ, քանի դեռ իրենք չեն բաժանել Սեւանը մեր եւ իրենց միջեւ: Մի ուրիշ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյա հայտարարում է, թե շուտով Հայաստանը նոր տարածքներ պետք է հանձնի իրենց՝ սահմանազատման անվան տակ: Այս իշխանությունների կողմից Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը մի տեսք ունի՝ միակողմանի զիջումներ Ադրբեջանին, որն ամենաիսկական կապիտուլյացիա է: Այս իշխանության կարկառուն դեմքերից մեկը՝ երկրապահների ղեկավար Սասուն Միքայելյանն էլ հայտարարում է, թե 30 տարի մենք պետական սահմաններ չենք ունեցել` ինքը հույս ունի, որ Աստծո շնորհիվ, միգուցե ապագայում ունենանք: Դե, եթե սահման չունենք, ուրեմն մի ադրբեջանցի էլ կասի` մեր սահմանը Սեւան լճի մեջտեղով է անցնում, ու Փաշինյանին կարգելի` մինչեւ սահմանազատում անելը լողալ լճում: Արդյունքում մեր հայրենիքը սրանք գաթայի պես կտոր-կտոր կբաժանեն ու կհյուրասիրեն օտարներին:

ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Գառնիկ Դանիելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ՀՀ պետական սահմանները հարցականի տակ դնող իշխանության դիրքորոշման, հայտարարությունների նպատակը հետագա հանձնումներն արդարացնելն է: «Չունենք սահման, ըստ իրենց տրամաբանության, որ փորձում են մեզ հրամցնել, դրա համար յուրաքանչյուր տարածքային կորուստ պետք է դիտարկել, այսպես կոչված, սահմանազատման, սահմանագծման գաղափարի կոնտեքստում: Տեղի ունեցողը սահմանազատում-սահմանագծում չէ, որովհետեւ կոնկրետ հատվածական սահմանազատումն ալիեւյան պահանջ է: Այսինքն՝ այն տարածքները, որոնք Ադրբեջանին են անհրաժեշտ, այդ տարածքները պահանջում են, իսկ այն տարածքները, որոնք որ Հայաստանը պահանջել է, դրանք միանշանակ մերժվել են Ադրբեջանի կողմից, դրա համար անընդհատ հայրենահանձնում է տեղի ունենում»,- ասաց Դանիելյանը: Ինչ վերաբերում է Հայաստանի՝ սահման չունենալու մասին հայտարարություններին, ապա նա հիշեցնում է․ Խորհրդային Միության տարիներին մի քանի փուլով տեղի է ունեցել սահմանազատում-սահմանագծում:
«Վերջին սահմանազատում-­սահմանագծումը տեղի է ունեցել Խորհրդային Միության փլուզման ժամանակահատվածում՝ 1987 թվականին, մի օրվա գործ չէ, երկար ժամանակ է ընթացել այդ պրոցեսը, եւ վերջնական փաստաթուղթ է ստորագրվել Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի կողմից` սահմանազատման եւ սահմանագծման վերջնական ակտ, որը կազմված է եղել 190 արձանագրությունից եւ մեկ ամփոփիչ արձանագրությունից: Դա վկայում է, որ այդ գործընթացը եղել է, նորություն չէ։ Հայաստանի ներկայացուցիչը եղել է Վլադիմիր Մովսիսյանը, եւ վերջնական իր արտացոլումը ստացել է հենց փաստաթղթի տեսքով: Եղել են սահմանային հենասյուներ, հետո պատերազմ է տեղի ունեցել, որ նոր իրողություններ է բերել՝ սահմանների փոփոխություն, տեղեր կան՝ ինչ-որ չափով մենք ենք զիջել, ինչ-որ չափով նաեւ խախտվել է այդ սահմանի գիծը, ու Փաշինյանի կողմից գովերգված այդ Ալմա Աթայի հռչակագիրն ասում է, որ այն տեղերը, որտեղ կանգնած են ուժերը, ճանաչել են սահմանային իրողությունները, ինչ որ կան: Հիմա բոլոր առումներով այդ ամեն ինչը խախտված է: Խախտված են թե՛ այն արձանագրությունները, որոնք կան, թե՛ պատերազմով պայմանավորված նոր իրողությունները, եւ այս ամենը խախտվել է, այսպես կոչված, նոր սահմանազատման-սահմանագծման շրջանակներում անընդհատ ՀՀ տարածքներից հանձնելով, ու դրա վերջը չի երեւում»,- շեշտում է նախկին պատգամավորը: Չի խոսվում, որ, օրինակ, 200 կմ-ից ավելի, իսկ որոշ տվյալներով` մոտ 400-500 կմ² տարածք օկուպացված է Ադրբեջանի կողմից, սակայն, ինչպես նկատում է դաշնակցականը, այս մասին Սասուն Միքայելյանը չի խոսում:

«Սասուն Միքայելյանն իր շեֆին ասե՞լ է` ինչո՞ւ չես խոսում սրա մասին։ Իհարկե՝ ոչ: Նույն Կիրանցում հայրենահանձնման ժամանակ ասում էին՝ Բերքաբերի 900 հա հողը պիտի ստանանք, այդ 900 հա հողը ստացե՞լ են, իհարկե՝ ոչ, չեն ստացել: Կարո՞ղ են նշել մեկ կմ² հող, որ Հայաստանը ստացել է, ու հիմա էլ խոսում են նոր տարածքային զիջումների մասին: ՔՊ ներկայացուցիչները, որոնք անընդհատ ՀՀ բնակավայրերը կոչում են ադրբեջանական անվանումներով՝ Էյվեզլի, Չեյզամի, հիմա արդեն Քյարքի է, Ասկիպար եւ այլն, եւ այլն: Այսպիսի հայտարարություններ են անում, որովհետեւ հերթական տարածքները պիտի հանձնեն: Սրբազան պայքարը նաեւ կանխեց այդ տարածքների հանձնումը, մենք կարողացանք զսպող հանգամանք հանդիսանալ: Շատ ժամանակ ասում են` ի՞նչ տվեց այդ պայքարը: Այդ պայքարը տվեց այս գործընթացների դադար կամ սառեցում, կամ հետաձգում: Չեմ ուզում շատ հոռետեսական բաների մասին խոսել, բայց մտավախություն ունեմ, որ նոր պահանջները, որ գալիս են Ադրբեջանից, կապված են թե՛ սահմանադրության փոփոխության, թե՛ տարածքների հանձնման հետ, ու այս իշխանությունները պատրաստ են այդ հրահանգները հլու-հնազանդ կատարել. մեծագույն ողբերգությունը հենց դա է»,- ասաց նախկին պատգամավորը:

Գառիկ Դանիելյանն ԱԳՆ-ին հարցում է ուղղել, նաեւ ԱԺ-ում է այդ հարցը բարձրացրել՝ Տիգրանաշենի մասով, սակայն պատասխանը եղել է, որ Ադրբեջանը որեւէ իրավական հիմք չունի Տիգրանաշենը որպես ադրբեջանական տարածք ներկայացնելու: Շատ կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ 1920-ականների քարտեզներով, երբ ՀՀ-ն մտավ Խորհրդային Միության կազմ, մենք ունեցել ենք մոտավորապես 30,900 կմ² տարածք: Եվ փաստ է, որ այս իշխանությունները սահմանազատման-սահմանագծման ժամանակ չեն կարողացել ամրագրել անգամ այդ քարտեզները, ո՛չ Խորհրդային Միության մեջ մտնելու ընթացքի արձանագրություններն ու իրողություններն են հաշվի առել, ո՛չ էլ Խորհրդային Միությունից դուրս գալու ժամանակահատվածի: Եվ տարածքային զիջումները դարձել են այս իշխանությունների ամենօրյա օրակարգի մասը` կա՛մ ի վիճակի չեն, կա՛մ լավ էլ հարմարվել են այդ իրողություններին, որ նոր տարածքային զիջումներ անեն Ադրբեջանին:

«Այդ տարածքները ռազմավարական նշանակություն ունեցող տարածքներ են: Տիգրանաշենը ռազմավարական կարեւորություն ունեցող կետ է, ինչ-որ մի տեղ մեզ համար Շուշի քաղաքի դերն ու նշանակությունն ունի` գերիշխող դիրք, եւ այդ դիրքերից Հայաստանի Հանրապետությունը լրջագույն խնդրի առաջ կկանգնի: Նույնը Ոսկեպարի մասով է, որտեղից անցնում են գազատարը, ինտերնետ մալուխները, դեպի Վրաստան տանող ճանապարհը, իսկ մյուս հատվածում՝ արդեն Ազատամուտին հարակից տարածքները։ Դա արդեն Բերդի տարածաշրջան տանող ճանապարհն է, Հայաստան-Ադրբեջան միջպետական ճանապարհ կար ժամանակին՝ Կայանավանի հատվածում, այդ ճանապարհն է, որը, Աստված մի արասցե… այդ գործընթացի դեպքում տարածաշրջանը կհայտնվի լուրջ խնդիրների առջեւ: Այս տարածքների հանձնման պարագայում Լոռու մարզը կդառնա սահմանամերձ, ու Հայաստանը կվերածվի յուրահատուկ անկլավի՝ Տիգրանաշենի հանձնումով խեղդող օղակը կսեղմվի Երեւանի շուրջ, Տավուշի հատվածից` Ոսկեպարի հատվածները: Դրան կհաջորդի հսկայական արտագաղթ»,- ասաց Դանիելյանը:

Նա հիշեցնում է, որ Արծվաշենն ու այդ տարածքներն իրենց չափերով նույնն են, եւ եթե անգամ այլընտրանք չլինի, թեպետ դրա իրավական հիմքերն Ադրբեջանը չունի, մեզ որեւէ պարագայում ձեռնտու չէ այդ տարածքներն Ադրբեջանի վերահսկողությանը հանձնելը, որովհետեւ հաջորդ քայլով այդ տարածքներն օգտագործելու են հերթական էսկալացիա հրահրելու ու նոր պահանջներ դնելու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թրամփը մերժել է Իրանի առաջարկը

Թրամփը մերժել է Իրանի առաջարկը Sat, 26 Sep 2026 12:00:18 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը…

9 րոպե ago

«Հրապարակ». Էն կառավարությունը, որն աշխատում է քո ազգային արժեքների ու քո երկրի դեմ, միանշանակ՝ քո կառավարությունը չէ

«Հրապարակ». Էն կառավարությունը, որն աշխատում է քո ազգային արժեքների ու քո երկրի դեմ, միանշանակ՝ քո…

24 րոպե ago

Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու

Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու Sat, 26 Sep 2026 11:33:35…

36 րոպե ago

ՌԴ ՆԳՆ-ն առաջարկել է չեղարկել 180-օրյա արտոնությունը, այդ թվում՝ հայ վարորդների

ՌԴ ՆԳՆ-ն առաջարկել է չեղարկել 180-օրյա արտոնությունը, այդ թվում՝ հայ վարորդների Sat, 26 Sep 2026…

39 րոպե ago

«Հրապարակ»․ Նոր դեկաններ են նշանակվել

«Հրապարակ»․ Նոր դեկաններ են նշանակվել Sat, 26 Sep 2026 11:15:08 +0400 Օրերս Մանկավարժական համալսարանի ռեկտորի…

54 րոպե ago

Բայրամովը հաստատեց․ «հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի» ծրագիր ունեն

Բայրամովը հաստատեց․ «հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի» ծրագիր ունեն Sat, 26 Sep 2026 11:07:20 +0400…

1 ժամ ago