Երանի՜ Վահրամներ շատ լինեն, որ չթողնեն մեր Տան պատերը քանդեն

Երանի՜ Վահրամներ շատ լինեն, որ չթողնեն մեր Տան պատերը քանդեն

Wed, 30 Sep 2026 13:45:35 +0400


Վահրամի հորը՝ Արամայիս Սահակյանին, մեկ անգամ եմ մոտիկից հանդիպել։ «Ոզնի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրն էր։ Սուրը աջ ու ձախ էր ճոճում՝ բառի, հումորի ու երգիծանքի սրով։ Մարդիկ նրան իր խայթի, իր փշերի համար «Ոզնի» էին ասում։ Իսկ ես պատկերացնում էի, որ էությամբ էլ պիտի նույնքան փշոտ ու կոշտ լինի։ Շատ էի ցանկանում նրան ճանաչել։ Ու բախտս բերեց։
Մտերիմներիցս մեկը, ով լավ ճանաչում էր Արամայիս Սահակյանին, մի օր ինձ տարավ խմբագրատուն՝ ծանոթացնելու։ Շատ տարօրինակ զգացողություն ունեցա։ Նայում էի նրան ու մտածում էի՝ որ ձեռքը սեղմեմ, փշերով կծակի։ Ու հենց ծանոթանալու պահին մի տեսակ ետ քաշեցի ձեռքս։ Նա ծիծաղեց.
-Փշով չեմ ծակի, մի՛ վախեցիր։

Փոքրիկ դրվագ է, իհարկե։ Բայց երբեմն հենց փոքրիկ դրվագներն են մի ամբողջ ժամանակաշրջան ներկայացնում։ Այն ժամանակ էլ կային մարդիկ, որոնք իշխանությանը քննադատում էին՝ սուր, անողոք, երբեմն էլ շատ դաժան երգիծանքով։ Բայց մենք նրանց ակնածանքով, նույնիսկ՝ գերհարգանքով էինք վերաբերվում։ Ես հաճախ էի մտածում՝ իշխանությունն ինչպե՞ս է հանդուրժում նման մարդկանց։ Մի անգամ այդ հարցը բարձր պաշտոն զբաղեցնող կոմունիստներից մեկին տվեցի։ Անկեղծացավ.
-Նման մարդիկ մեր տունը մաքրողներն են։ Մեզ սրբագործողներն են։ Նրանց պետք է փայփայել։

Այդ խոսքը շատ տարիներ անց էլ մնաց հիշողությանս մեջ։ Շատ ուշ իմացա, որ Վահրամը Արամայիս Սահակյանի որդին է։ Ու հենց այդ ժամանակ ավելի լավ հասկացա Վահրամի առողջ, երբեմն մինչև հուզական պոռթկում հասնող քննադատությունը։ Նրա պոռթկումների մեջ ես միշտ մի բան էի տեսնում, որն այսօր էլ չեմ կարող չտեսնել՝ մաքրություն։ Հոգու մաքրություն, որը չի հաշտվում անհաշտելիի հետ։ Նույնիսկ այն գրառման մեջ, որի համար նրան ձերբակալեցին, ես, առաջին հերթին, տան տիրոջ սրտացավություն եմ տեսնում։ Տեսնում եմ մի մարդու, որը ափերից դուրս է գալիս, երբ ինչ-որ մարդիկ փորձում են նսեմացնել, փոշիացնել մեր հերոսներին։ Երբ հայրենիքը շփոթում են սեփական բոստանի հետ ու հավաքում, վաճառում են մի բերք, որն իրենցը չէ, ժողովրդինն է։

Ու ակամայից նորից հիշում եմ Արամայիս Սահակյանի մասին տարիներ առաջ լսած այդ խոսքերը. «Նման մարդկանց պետք է փայփայել, որ մեր տունը մաքուր մնա»։

Ի՜նչ ցավալի հակասություն։ Այն ժամանակ իշխանությունը հասկանում էր, որ տունը մաքուր պահելու համար պետք են մարդիկ, որոնք կարող են բարձրաձայն ասել՝ այստեղ կեղտ կա։

Իսկ այսօր… Այսօր մեր Տունը մաքուր պահողներին ձերբակալում են, փակի տակ են առնում։ Ու այլ պատճառ չեմ կարողանում գտնել, բացի մեկից՝ որովհետև այս իշխանությունն այլևս այդ Տունն իրենը չի համարում։ Երանի՜ Վահրամներ շատ լինեն, որ չթողնեն մեր Տան պատերը քանդեն։

Երբ Տունը քոնը չես համարում, բնականաբար, Տան պաշտպաններն էլ քեզ պետք չեն։
Պետք չեն նրանք, ովքեր հիշեցնում են, որ սա Տուն է, ոչ թե սեփական բոստան։
Պետք չեն նրանք, ովքեր ցավ են զգում, երբ Տան պատերն են քանդում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բաքուն կրճատում է Նախիջեւանին հատկացվող դոտացիան

Բաքուն կրճատում է Նախիջեւանին հատկացվող դոտացիան Fri, 23 Oct 2026 17:30:42 +0400 Ադրբեջանի 2027 թվականի…

22 րոպե ago

Որ ժամին է Ծառուկյանի մենամարտը. ինչպես դիտել

Որ ժամին է Ծառուկյանի մենամարտը. ինչպես դիտել Fri, 23 Oct 2026 17:22:33 +0400 Գրել էինք,…

30 րոպե ago

Զանգվածային ծեծկռտուք Ծառուկյանի մասնակցությամբ. ինչ է կատարվել

Զանգվածային ծեծկռտուք Ծառուկյանի մասնակցությամբ. ինչ է կատարվել Fri, 23 Oct 2026 17:18:14 +0400 Լաս Վեգասում…

34 րոպե ago

Երբ կեղծը չի տարբերվում իրականից

Երբ կեղծը չի տարբերվում իրականից Fri, 23 Oct 2026 17:15:46 +0400 Արհեստական բանականության զարգացումը նոր…

37 րոպե ago

Իրենք փորձելու են շատ մարդկանց կալանավորել, մեկուսացնել․ այդպես չեն համոզելու մեզ

Իրենք փորձելու են շատ մարդկանց կալանավորել, մեկուսացնել․ այդպես չեն համոզելու մեզ Fri, 23 Oct 2026…

45 րոպե ago

Բաքուն պետք է իմանա, որ հայ գերիներին պահելով՝ Նիսի պատվավոր քաղաքացիներին է պահում. Անկինե Կիրակոսյան

Բաքուն պետք է իմանա, որ հայ գերիներին պահելով՝ Նիսի պատվավոր քաղաքացիներին է պահում. Անկինե Կիրակոսյան…

46 րոպե ago