ՔՊ թեկնածուն խիստ զբաղված է․ զանգերին օգնականն է պատասխանում, որը մեկ վայրկյան անգամ չի կասկածում՝ հաղթելու են
Wed, 30 Sep 2026 14:15:08 +0400
Հոկտեմբերի 25-ին կայանալիք Արթիկի համայնքի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավն այսօր՝ սեպտեմբերի 30-ին, պաշտոնապես մեկնարկել է։
Արթիկում ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել չորս քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Ազատ դեմոկրատները», «Ապրելու երկիրը» և «Հայրենիք» կուսակցությունը։ «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Անանիկ Ոսկանյանը, «Ազատ դեմոկրատներինը»՝ Մխիթար Վարագյանը, «Ապրելու երկրինը»՝ Արթուր Աստոյանը, իսկ «Հայրենիք» կուսակցության ցուցակը՝ Լևոն Վահրադյանը։
Քարոզարշավի առաջին իսկ օրը իշխանական թիմը բավական ակտիվ է։ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ ցուցակը գլխավորող Անանիկ Ոսկանյանի և Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մասնակցությամբ, Արթիկի կենտրոնում բացել է նախընտրական շտաբ՝ դրանով իսկ ազդարարելով իր քարոզարշավի մեկնարկը։
«Հրապարակը» փորձեց զրուցել Անանիկ Ոսկանյանի հետ, սակայն քաղաքապետի փոխարեն հեռախոսազանգին պատասխանեց նրա օգնական Սևակ Պետոյանը՝ նշելով, որ Ոսկանյանն այս պահին բավական զբաղված է, և մեր բոլոր հարցերը կարող ենք ուղղել իրեն։
Պետոյանը ՔՊ-ի հաղթանակի հարցում այնքան վստահ է, որ հայտարարեց.
«Մեկ վայրկյան անգամ չեմ կասկածում մեր հաղթանակի վրա»։
Մեր դիտարկմանը, որ, այնուամենայնիվ, սա ընտրություն է, և վերջնական որոշումը կայացնելու է ժողովուրդը, որտեղից է այդ վստահությունը, Պետոյանը պատասխանեց.
«Մեր արած գործերն են թույլ տալիս այդ համոզմունքին գնալ, մեր ունեցած վստահությունը, որ ժողովուրդը մեր նկատմամբ ունի»։
Մեր կրկին դիտարկմանը, թե ընտրությունը, ի վերջո, պետք է թողնել քաղաքացիների որոշմանը, Պետոյանը կրկին համառեց՝ վստահաբար պնդելով, որ մեկ վայրկյան անգամ չի կասկածում իրենց հաղթանակի վրա։
Պետոյանից հետաքրքրվեցինք նաև ընդդիմադիր թևի կողմից վերջին շրջանում հնչեցված ահազանգերի մասին, ըստ որոնց՝ Արթիկում ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների նկատմամբ ճնշումներ են իրականացվել՝ ավագանու ընտրությունների ցուցակներում ընդգրկվելու համար։
Քաղաքապետի թեկնածուի օգնակսնը զարմանքով արձագանքեց՝ պահանջելով անուն առ անուն նշել, թե ովքեր են եղել այդ ճնշվողները։ Վստահեցրեց, որ նման բան չէր կարող տեղի ունենալ։
Ուշագրավ է, որ քարոզարշավի հենց առաջին օրը ՔՊ-ի թեկնածուի օգնականը ոչ միայն խոսում էր թիմի կատարած աշխատանքների և քաղաքացիների վստահության մասին, այլև առանց որևէ երկմտանքի հայտարարում էր հաղթանակի մասին։ Այնպիսի ինքնավստահությամբ, որ, ինչպես ինքն էր ձևակերպում, «մեկ վայրկյան անգամ» չի կասկածում իրենց հաղթանակի վրա։