Բաքվի կողմից էական է եղել հենց հարթակի օգտագործումը․ ո՞ւր է Փաշինյանի «անշրջելի խաղաղությունը»․ Սուրենյանց

Բաքվի կողմից էական է եղել հենց հարթակի օգտագործումը․ ո՞ւր է Փաշինյանի «անշրջելի խաղաղությունը»․ Սուրենյանց

Wed, 30 Sep 2026 18:55:29 +0400


«Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը տեղափոխվում է ՄԱԿ․ ո՞ւր է Փաշինյանի «անշրջելի խաղաղությունը», ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Սեպտեմբերի 28-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում Baku Initiative Group-ը կազմակերպել է «Վերադարձի իրավունք և ապագաղութացում. հետաձգված պատմական արդարության վերականգնում» խորագրով միջազգային համաժողով։

Սա ՄԱԿ-ի պաշտոնական օրակարգ չէր, այլ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում հարթակի օգտագործում։ Բաքվի կողմից էական է եղել հենց հարթակի օգտագործումը։

Ադրբեջանական APA գործակալության ներկայացմամբ՝ սա ՄԱԿ-ի շրջանակում անցկացված առաջին նման քննարկումն էր, որի ընթացքում բարձրացվել է «Հայաստանի կողմից ադրբեջանցիների էթնիկ զտման» հարցը։

Բաքուն պնդում է, թե հարյուր հազարավոր ադրբեջանցիներ բռնի տեղահանվել են «ներկայիս Հայաստանի տարածքում գտնվող իրենց պատմական հողերից», իսկ Հայաստանում ադրբեջանական մշակութային և կրոնական ժառանգությունը՝ տեղանունները, մզկիթները, գերեզմաններն ու այլ հուշարձաններ, համակարգված ոչնչացվել, պղծվել կամ յուրացվել են։

Սրանք ադրբեջանական կողմի հայտնի պնդումներն են, սակայն առավել էական են ոչ թե արդեն ծանոթ քարոզչական թեզերը, այլ դրանցից բխող քաղաքական պահանջները։

Միջոցառման ընթացքում առաջ է քաշվել ադրբեջանցիների՝ Հայաստան «անվտանգ և արժանապատիվ վերադարձի» կազմակերպման հարցը՝ միջազգային վերահսկողության և երաշխիքների միջոցով(խոսքը միայն վերադարձի մասին չէ, այլ նաև սեփականության վերականգնման, արխիվների հասանելիության և մոնիտորինգի։ «Արևմտյան Ադրբեջանը» դրվել է ապագաղութացման ընդհանուր փաթեթի մեջ)։ Խոսվել է նաև իրավաբանորեն պարտադիր համաձայնագրի անհրաժեշտության մասին, իսկ համաժողովի ավարտին ընդունվել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցող նշանակելու վերաբերյալ դիմում։

Այսպիսով, Բաքուն փորձում է «Արևմտյան Ադրբեջանի» և «վերադարձի իրավունքի» կոնցեպցիաները տեղափոխել միջազգային քաղաքական ու իրավական օրակարգ։

«Ապագաղութացում», «էթնիկ զտում», «պատմական արդարություն», «վերադարձի իրավունք» և «միջազգային երաշխիքներ» ձևակերպումներով Հայաստանի տարածքին վերաբերող օրակարգն Ադրբեջանը ներկայացնում է մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի լեզվով՝ դրան միջազգային լեգիտիմություն հաղորդելու նպատակով։

Հատկանշական է նաև ժամանակագրությունը։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նույն նստաշրջանում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը խոսում էր Հայաստանի հետ «դե ֆակտո խաղաղության» և խաղաղ գործընթացի անշրջելիության մասին՝ չմոռանալով «ադրբեջանցիների վերադարձի» թեման։ Ընդամենը օրեր անց նույն Նյու Յորքում միջազգային հարթակ էր տրամադրվում Հայաստանի տարածք ադրբեջանցիների «վերադարձի» պահանջի առաջմղմանը։

Մի կողմից, Բաքուն խոսում է խաղաղության, տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և հարաբերությունների կարգավորման մասին, մյուս կողմից՝ միջազգային օրակարգ է տեղափոխում մի կոնցեպցիա, որի շրջանակում Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասը ներկայացվում է որպես ադրբեջանցիների «պատմական հայրենիք», իսկ նրանց վերադարձը՝ միջազգային մեխանիզմներով ապահովման ենթակա իրավունք։

Հենց այստեղ է Հայաստանի համար հիմնական վտանգը։

«Վերադարձի իրավունքը» միջազգային իրավունքում գոյություն ունեցող հասկացություն է, սակայն Բաքուն այն ներառում է «Արևմտյան Ադրբեջանի» ավելի լայն քաղաքական կոնցեպցիայի մեջ՝ դարձնելով ժողովրդագրական էքսպանսիայի գործիք:

Ուստի Բաքվի «վերադարձի» օրակարգը հնարավոր չէ դիտարկել հումանիտար հարթության վրա։ Ադրբեջանը հետևողականորեն գնում է Հայաստանի նկատմամբ երկարաժամկետ ճնշման գործիքի ստեղծմանը:

Այս համատեքստում խնդրահարույց են Նիկոլ Փաշինյանի՝ «խաղաղության անշրջելիության» մասին պնդումները։

Եթե խաղաղությունն իսկապես անշրջելի է, ապա ինչո՞ւ է Բաքուն խաղաղության մասին հայտարարություններին զուգահեռ միջազգային հարթակներում ինստիտուցիոնալացնում «Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը։

Եթե կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ապա ինչպե՞ս է այդ սկզբունքի հետ համատեղվում Հայաստանի Հանրապետության տարածքի ներկայացումը որպես ադրբեջանցիների «պատմական հողեր»։

Եվ ի՞նչ երաշխիք ունի Հայաստանը, որ այսօր «վերադարձի իրավունք» անվան տակ առաջ մղվող օրակարգը վաղը չի վերածվի ժողովրդագրական, քաղաքական, իսկ հետագայում՝ նաև տարածքային նոր պահանջների։

Այս հարցերի համոզիչ պատասխանները չկան։

Հետևաբար խաղաղության անշրջելիությունը չի կարող հիմնավորվել միայն Նիկոլ Փաշինյանի հայտարարություններով կամ ցանկություններով:

Ավելին, Փաշինյանի՝ «անշրջելի խաղաղության» մասին պնդումները չունեն բավարար փաստական հիմք։

Իշխանությունը պարտավոր է արձանագրել, որ «Արևմտյան Ադրբեջան» կոնցեպցիան անհամատեղելի է տարածքային ամբողջականության ճանաչման հետ։

Հակառակ դեպքում «անշրջելի խաղաղության» թեզը կարող է վերածվել միակողմանի և նվաստացուցիչ զիջումների արդարացման»,-գրել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պետք ա վերցնեի իմ վրա. Գևորգ Հարությունյանը շարունակում է սկանդալային հայտարարություններ անել

Պետք ա վերցնեի իմ վրա. Գևորգ Հարությունյանը շարունակում է սկանդալային հայտարարություններ անել Wed, 25 Nov…

16 րոպե ago

Արթուր Դանիելյանն ազատ արձակվեց

Արթուր Դանիելյանն ազատ արձակվեց Wed, 25 Nov 2026 15:43:48 +0400 Դատավոր Արշակ Մաթևոսյանի որոշմամբ «Ադեկվադ»…

32 րոպե ago

Փաշինյանն ի վիճակի չէ դուրս գալ դրա տակից․ Տեր-Պետրոսյան

Փաշինյանն ի վիճակի չէ դուրս գալ դրա տակից․ Տեր-Պետրոսյան Wed, 25 Nov 2026 15:38:21 +0400…

37 րոպե ago

Առաջնո՞րդ էիր, 44-օրյայում առաջնորդեիր, որ Անկախությունը չզիջեիր․․․

Առաջնո՞րդ էիր, 44-օրյայում առաջնորդեիր, որ Անկախությունը չզիջեիր․․․ Wed, 25 Nov 2026 15:15:32 +0400 Փաշինյանը նշում…

60 րոպե ago

Անգամ հնարավորություն չունեն, որ տեքստին ծանոթանան

Անգամ հնարավորություն չունեն, որ տեքստին ծանոթանան Wed, 25 Nov 2026 14:41:19 +0400 ԱԺ «Հայաստան» խմբակցության…

2 ժամ ago

Կարևորը իր դռան դիմացի խալիին չկպնեն. Էվելինան դժգոհ է իշխանության նախագծից

Կարևորը իր դռան դիմացի խալիին չկպնեն. Էվելինան դժգոհ է իշխանության նախագծից Wed, 25 Nov 2026…

2 ժամ ago