«Հրապարակ»․ Երբ մեր զինվորները մոլորվել` հատել են սահմանը, ոչ մեկին վնաս չեն պատճառել, չեն կրակել

«Հրապարակ»․ Երբ մեր զինվորները մոլորվել` հատել են սահմանը, ոչ մեկին վնաս չեն պատճառել, չեն կրակել

Wed, 07 Oct 2026 09:45:05 +0400


«Հրապարակի» զրուցակիցը պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն է:

– Արդեն քանի օր է՝ հայ հանրությունը քննարկում է ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստան մուտք գործելու եւ անպաշտպան կնոջ վրա կրակելու դեպքը: Ադրբեջանցու գործողությունների արդյունքում հայ կինը կարող է առողջական լուրջ խնդիրների առաջ կանգնել, մինչեւ անգամ կորցնել ոտքը: Փաշինյանի իշխանավարման տարիներին Հայաստան մուտք գործելը, հայ մարդկանց վրա կրակելը դարձել են սովորական դեպքեր: Ձեր կարծիքով` ո՞վ է այս իրավիճակի պատասխանատուն, եւ ո՞ւմ բացթողումների արդյունքում են մեր սահմանները դարձել այսքան խոցելի ու անպաշտպան:

– Պետք է ամբողջովին հասկանալ այս դեպքը, սա արդյո՞ք ադրբեջանցի զինծառայողի դիրքերի լքում է, թե՞ կոնկրետ պլանավորված գործողություն: Այդ օրերին, երբ ադրբեջանցի զինվորը Հայաստան է ներխուժել, Ադրբեջանում զորավարժություններ էին անցկացվում, որոնք մարտավարական եւ հրամանատարաշտաբային բնույթի էին: Այդ զորավարժությունների ֆոնին հավանական է, որ կարող էր լինել հատուկ նշանակության գործողություն: Այդ ամենը հասկանալու համար՝ թերացմա՞ն արդյունք է սա, թե՞ դիտավորություն, պետք է հետաքննություն անցկացնել, եւ պետք է հստակեցվի, թե որ տարածքով է անցել ադրբեջանցին, այդ տարածքն ո՞ւմ պատասխանատվության տակ էր: Եթե հակառակորդի տված տեղեկություններն ենք ուսումնասիրում, ապա այդ զինվորը Լաչինի զորամասից է Հայաստան մտել, իսկ դա նշանակում է, որ նա սահմանը հատել է Իշխանասարի հատվածից: Այնտեղ մարտական ծառայություն` հերթապահություն է իրականացնում ԶՈՒ-ն: Հետաքննություն պետք է անցկացվի ոչ միայն պաշտպանության նախարարության եւ սահմանապահների շրջանում, այլեւ ընդհանուր համահավաք պետք է իրականացվի: Ծառայողական խումբ պետք է լինի, որը կհասկանա գործողությունների ընթացքը: Մարտական հերթապահության խնդիրներ, ԱԱԾ սահմանապահ ծառայությունների կողմից իրականացված ծառայություն: Սրանք առաջնային հարցերն են, իսկ հետո պետք է պարզել, թե ադրբեջանցու` ՀՀ սահմանը հատելուց հետո ինչպիսի համակարգված գործողություններ են տեղի ունեցել: Ըստ մեր ունեցած տեղեկությունների` Ադրբեջանի ղեկավարությունը Հայաստանի ԱԱԾ-ին զգուշացրել է, որ դիրքերից խուսափած զինծառայող ունեն: Դրանից հետո պետք է համակարգված գործողություններ հաջորդեին: Ընդհանուր որոնում պետք է իրականացվեր, որտեղ ներգրավված կլինեին բոլոր ուժային կառույցները, ե՛ւ ԱԱԾ-ի, ե՛ւ ՆԳՆ-ի համապատասխան ծառայությունները պետք է հստակ աշխատանքներ կատարեին, սակայն ադրբեջանցին մտել է մեր տարածք, իսկ այսօր ես տեսնում եմ քննարկումներ, որ ադրբեջանցի զինծառայողին պետք է վերադարձնել Ադրբեջանին, հակառակ պարագայում, եթե մերոնք էլ անցնեն սահմանը, չեն վերադարձվի եւ այլն: Այն, ինչ տեղի է ունեցել, հանցագործություն է: Եթե առաջներում մեր զինվորները մոլորվում էին, հատում էին սահմանը, ոչ մեկին վնաս չէին պատճառում, չէին կրակում ադրբեջանցիների վրա, այսօր չենք կարող չարձանագրել, որ այդ ադրբեջանցի զինծառայողը կրակել է հայ կնոջ, հայ մոր վրա: Ի դեպ, սա վերջին տարիներին երկրորդ դեպքն է: Վերջերս էլ Քաջարանի հատվածում էր նման դեպք տեղի ունեցել: Տեղի ունեցածը հանցագործություն է, պետք է քրեական գործի շրջանակներում, հենց Հայաստանում դատել այդ երիտասարդին: Ընդունված երեւույթ է, որ հանցագործին պետք է պատասխանատվության ենթարկել այն երկրում, որտեղ նա կատարել է հանցանքը: Իմ երախտագիտությունն եմ հայտնում այն հայ կնոջը, որը կարողացել է պաշտպանել իր զավակներին: Հետագայում` դատապարտումից հետո, ճիշտ կլինի փոխանակում կատարել ադրբեջանցի զինծառայողին` հայ ռազմագերիների հետ:

– Այս ամենի ֆոնին երեկ ՔՊ-ականներն ԱԺ-ում սադրեցին ընդդիմադիր պատգամավորներին: Հերթական ծեծկռտուքը տեղի ունեցավ: Տարիներ առաջ էլ Ձեզ էին սադրել, շշեր շպրտվեցին դահլիճում եւ այլն: Այսօր էլ, փաստացի` այս խառը ժամանակներում, երբ թվում է, թե իշխանության գերնպատակը պետք է լիներ երկրի անվտանգությունը, նրանք բացառապես զբաղված են ընդդիմադիրներին լռեցնելու, սադրելու եւ հանրության ուշադրությունը շեղելու գործողություններով:

– Նորություն չէ, որ Ազգային ժողովում, հատկապես 9-րդ գումարման ԱԺ-ում, բարեկրթության նորմերն անդադար խախտվում են, չնայած նրան, որ ԱԺ ղեկավարությունը խոստացել էր լինել բարեկրթության սահմաններում՝ այդ ամենի վրա կառուցելով նորմալ հարաբերություններ, սակայն իշխանական ֆրակցիան ամեն վայրկյան հակասում է իր առաջարկած բարեկրթության կանոններին: Հասարակությանը փորձում են օրակարգային հիմնական խնդիրներից շեղել, այդ պատճառով էլ տարբեր սադրանքների են դիմում: Մանր-մունր կենցաղային, միջադեպային խնդիրներով փորձում են մեր հանրությանն օրակարգային ու կարեւոր հարցերից շեղել՝ մոլորեցնելով: Ես տեսա, որ անգամ ծեծկռտուք տեղի ունեցավ, ինչն անընդունելի է եւ դատապարտելի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

2 խոշոր կինոընկերություններ միաձուլվեցին

2 խոշոր կինոընկերություններ միաձուլվեցին Wed, 07 Oct 2026 22:30:49 +0400 Paramount ընկերությունը ավարտել է Warner…

2 րոպե ago

Հաջողությունը հանդիպումների ընթացքում է առաջանում

Հաջողությունը հանդիպումների ընթացքում է առաջանում Wed, 07 Oct 2026 22:18:14 +0400 Latest news from Secure…

15 րոպե ago

Հաջորդ տարի նոր միջոցներ ու հնարավորություններ կլինեն կին գործարարների համար

Հաջորդ տարի նոր միջոցներ ու հնարավորություններ կլինեն կին գործարարների համար Wed, 07 Oct 2026 22:15:15…

18 րոպե ago

Լեգիտիմության ամբողջական բացակայություն

Լեգիտիմության ամբողջական բացակայություն Wed, 07 Oct 2026 22:15:14 +0400 ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձն իր…

18 րոպե ago

Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունները լարված են․ Անկարայից արձագանքել են

Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունները լարված են․ Անկարայից արձագանքել են Wed, 07 Oct 2026 22:10:00 +0400 Թուրքիան թույլ…

23 րոպե ago

Կարող են դառնալ Օլիմպիական խաղերը հյուրընկալող երկիր

Կարող են դառնալ Օլիմպիական խաղերը հյուրընկալող երկիր Wed, 07 Oct 2026 22:00:38 +0400 Միջազգային Օլիմպիական…

32 րոպե ago