«Հրապարակ». Թուրքիան ներխուժել է Հյուսիսային Կիպրոս, Իրաք, Սիրիա, վաղն էլ պահը կօգտագործի եւ կներխուժի Սյունիք
Wed, 07 Oct 2026 12:15:59 +0400
Հարցազրույց աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մաքսիմ Մանասյանի հետ
– Այսօր Հայաստանի ամենախոցելի մարզը Սյունիքն է: Ի՞նչ վիճակում է, եւ ի՞նչ է սպասվում մարզին, ինչպե՞ս պետք է զարգացնել այդ սահմանամերձ տարածքը:
– Բնական ռեսուրսներով ամենաապահովված մարզն է: Միաժամանակ, տնտեսական ցուցանիշներով ամենալավ մարզերից մեկն է Հայաստանում. ցածր աղքատություն, բարձր աշխատավարձ, բարձր արդյունաբերական տնտեսություն: Բայց ո՞րն է պարադոքսը: Այդ ամենով հանդերձ, 2018թ. հետո Սյունիքի բնակչությունը մոտ 20 հազարով նվազել է: Այսօր 117-118 հազարի չափ բնակչություն ունի, իսկ մի 10 տարի առաջ ուներ 137-138 հազար: Իհարկե, Սյունիքի բնակչության նվազումն ամբողջ անկախության շրջանում է եղել, բայց ինտենսիվ բնույթ կրեց հատկապես վերջին 7-8 տարում: Պատերազմում պարտությունը մեծ դեր ունեցավ, որովհետեւ Սյունիքն անմիջապես սահմանամերձ դարձավ մեր հակառակորդ հարեւանին: Իսկ նախկինում գյուղերն ավելի հեռու էին եւ ապահով: Հիմա անվտանգության հետ կապված խնդիրներ կան, ինչն էլ արագացնում է արտագաղթը, որովհետեւ տնտեսական առումով վատ վիճակում չէ մարզը, եւ աղքատությունը չի կարող պատճառ հանդիսանալ: Բացի այդ, գյուղերը փոքր են, դպրոցները փակվում են, եթե չկա դպրոց` չկա գյուղ: Պաշտոնական տվյալներով՝ Սյունիքում մոտ 119 բնակավայր է, եւ կա 12 լքված գյուղ, տասնյակ գյուղեր էլ կան, որոնք 50-100 բնակիչ ունեն: Դրանք այն գյուղերն են, որտեղ երեխաներ գրեթե չեն ծնվում, երիտասարդներ չկան, եւ միայն ծերեր են:
– Կառավարությունն էլ՝ մարզը զարգացնելու, իրավիճակը կայունացնելու փոխարեն, դպրոցներն է փակում, որպեսզի ավելի՞ արագացնի գյուղերի դատարկվելը: Դուք ի՞նչ կառաջարկեք՝ այս իրավիճակը կանխելու համար:
– Հայաստանն աստիճանաբար վերածվում է պետություն-մայրաքաղաքի: Հայաստանի բնակչության մոտ 37 տոկոսն այսօր ապրում է Երեւանում: Եկամտահարկի վերադարձը ոչ թե Երեւանում է պետք կիրառել, որ դարձել է շինհրապարակ, այլ՝ մարզերում, որպեսզի երիտասարդները շահագրգռված լինեն մնալ այնտեղ: Այդ դեպքում հնարավոր էր, որ Երեւանից գնային մարզեր, որպեսզի այդ եկամտահարկի վերադարձից օգտվեին: Ճիշտ է, որոշել են, որ Երեւանում վերացնում են այդ եկամտահարկի վերադարձը, բայց հիմա էլ երեւանամերձ քաղաքներն են աճում` Աբովյանը, Բյուրեղավանը, այսինքն` Երեւանի աճը տեղափոխում են մերձակա տարածքներ, եւ Հայաստանի բնակչությունը խտանում է արդեն մերձերեւանյան շրջաններում: Հաջորդը՝ առաջարկում եմ, որ համայնքների գերխոշորացում չլինի: Խոշորացնել, բայց՝ փնջային տարբերակով, իրար մոտ գտնվող 4, 5, 7 գյուղեր ստեղծեն իրենց համայնքը, այլ ոչ թե մի համայնքում լինի 30-40 բնակավայր, որի դեպքում համայնքի բովանդակությունը, իմաստը վերանում են: Նախկին խորհրդային ժամանակների շրջաններն են վերականգնվել, որը չի աշխատում: Պետությունը պետք է համայնքներին տա շատ լայն լիազորություններ, լինի ապակենտրոնացում եւ ավելի փոքր մոդելով խոշորացում: Բայց դա բավական չէ, հարկավոր է, որ պետությունը տնտեսական, իրավական մեխանիզմներով համայնքներին տա շատ իրավասություններ, որ համայնքների բյուջեները ձեւավորվեն ոչ միայն տեղական հարկերից ու տուրքերից, այլեւ տեղում աշխատող հիմնարկներն ու ձեռնարկությունները որոշ չափով իրենց եկամտահարկից մասնաբաժին հանեն համայնքներին: Եթե համայնքն ունենա ֆինանսական միջոցներ, իր խնդիրներն ինքը կլուծի, բայց պետությունը, նպատակադրված, համայնքներին կախվածության մեջ է դնում կենտրոնից` Երեւանից, որ կառավարելի լինեն համայնքները: Մենք պետք է հարկային, վարկային արտոնություններ տանք մարզերին, հատկապես՝ սահմանամերձ տարածքներին: Պետք է տարբերակված տարածքային քաղաքականություն վարենք, որպեսզի Հայաստանը համաչափ տեղաբաշխվի:
– Մենք Սյունիքից ենք խոսում, բայց Գեղարքունիքի մարզը նույնպես դատարկվում է՝ հատկապես «թավշյա հեղափոխություն» կոչվածից հետո: Մարդիկ հեղափոխություն են արել եւ լքո՞ւմ են Հայաստանը:
– Հատկապես սահմանամերձ Վարդենիսի եւ Ճամբարակի տարածաշրջանում նույն խնդիրներն են: Բնակավայրերի դատարկվելը նոր չի սկսվել, եղել է ամբողջ անկախության շրջանում, բայց այսօր ավելացել է նաեւ սահմանամերձ լինելու խնդիրը: Իսկ մենք խնդիրները չենք լուծում: Մենք պետք է սահմանամերձ բնակավայրերն ամրացնեինք, որպեսզի չունենայինք այն տասնյակ լքված գյուղերը: Իսկ մենք ի՞նչ ենք անում, անգամ չենք հակադարձում, երբ Բաքվից ասում են «Արեւմտյան Ադրբեջան»: Այդպիսի աշխարհագրական հասկացություն չկա, ոչ մի քարտեզում չես գտնի, ես սա ասում եմ որպես աշխարհագրագետ: Չեմ հասկանում՝ ինչո՞ւ չեն անդրադառնում, թե որն է այդ «Արեւմտյան Ադրբեջանը», ցույց տվեք: Իսկ այդ իբր 300 հազարը որտեղի՞ց, որ պետք է վերադառնան: Մենք, ցավոք, չունենք պետական ռազմավարական մտածողություն, այդպիսի քայլեր չենք անում, իրավիճակային քաղաքականություն ենք վարում: Մենք պետք է ռազմավարական ծրագրեր մշակեինք, քայլեր անեինք եւ Հայաստանը համաչափ բնակեցնեինք, տնտեսությունը զարգացնեինք: Սյունիքը մեծ հնարավորություններ ունի, այդ գյուղերը կարելի է արթնացնել զբոսաշրջության միջոցով, կարելի է որոշակի նորագույն տեխնոլոգիաներ համարձակ տանել եւ կենտրոններ ստեղծել տեղերում: Երիտասարդները կհամախմբվեն եւ կմնան մարզում, իսկ այս համացանցի դարում էլ կկարողանան կապ հաստատել համաշխարհային կենտրոնների հետ: Պարտադիր չէ գալ եւ Երեւանում աշխատել, կարելի է հեռավոր գյուղերում էլ լավ պայմաններ ստեղծել երիտասարդների զարգացման համար:
– Այդ «Արեւմտյան Ադրբեջան» զառանցանքն իրականություն դարձնող քայլերից մեկն արդյո՞ք «Զանգեզուրի միջանցքի» հավակնությունը չէ՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից:
– Այդ «Արեւմտյան Ադրբեջան»-ին մենք ուղղակի պետք է կոշտ պատասխանենք, նաեւ՝ հեգնանքով, թե որտեղ է այդ աշխարհագրական տարածքը: Իսկ ԹՐԻՓՓ-ն ունի դրական պահեր, որովհետեւ, ամեն դեպքում, մենք կարեւոր տարանցիկ դեր ենք կատարելու, աշխարհաքաղաքական առումով կարեւորվում է մեր դիրքը: Բայց ես կարծում եմ, որ ռիսկերը շատ մեծ են, որովհետեւ մենք այսօր աշխարհաքաղաքական այն բարդ իրավիճակում ենք, երբ տեսնում ենք, թե ինչեր են տեղի ունենում ամերիկաիսրայելական եւ իրանական կամ ռուս-ուկրաինական հարաբերություններում, նաեւ այս թուրանական հավակնությունների պայմաններում մենք Հայաստան ենք բերում այդ ամենը եւ մեր երկիրը դարձնում այդ հակամարտությունների պոտենցիալ օջախ: Ասում եմ, որ դրական բաներ կան, բայց տնտեսական արդյունքն այնքան մեծ չէ, որքան աշխարհաքաղաքականը: Ռուսաստան, Թուրքիա, Ամերիկա, Իրան, Չինաստան, Եվրոպա. մենք այդ աշխարհաքաղաքական կենտրոնների բախման կիզակետում ենք գտնվելու, որ շատ վտանգավոր է:
– Արդյո՞ք Ադրբեջանը նպատակ չունի հետագայում ԹՐԻՓՓ-ի երկայնքով եւ Սյունիքում ադրբեջանցիներ բնակեցնել:
– Այո, ինչի՞ մասին է խոսքը: Այդ ամենը փոխկապակցված է: Նրանք շտապում են ասել՝ 300 հազարի վերադարձ, որ մենք չասենք՝ արցախահայության վերադարձ: Բայց դրանք տարբեր բաներ են: Լեռնային Ղարաբաղը` նույն Արցախը, իրավաբանական տարածք է եղել` ինքնավար մարզ, իսկ Հայաստանում այդպիսի բան չկա` «Արեւմտյան Ադրբեջան»: Ինչ վերաբերում է ԹՐԻՓՓ-ին, եթե մենք ունենայինք համարժեք անխոչընդոտ ճանապարհ՝ Նախիջեւանով դեպի Հայաստան, եւ մյուսը` Ադրբեջանով դեպի Ռուսաստան, լիներ այլընտրանք եւ աշխատեր, բայց չունենք: Այստեղ ավելի շատ շահագրգռված է Թուրքիան, ինչո՞ւ արագ կառուցեց Կարս-Նախիջեւան երկաթգիծը: Եթե Թուրքիային հետաքրքրում է Ադրբեջան գնալը, շատ լավ ճանապարհ կա՝ Իրանով, նաեւ կարելի է վերականգնել Իջեւանով ճանապարհը: Բայց նրան այնքան ճանապարհը չի հետաքրքրում, որքան այն, որ այստեղ ունենա հենակետ` ապագայում զորքեր մտցնելու, հենարան ունենալու համար: Իրանն ինչո՞ւ է դեմ, որովհետեւ շատ լավ գիտի, թե ինչ է նշանակում թուրանական մեծ երկիր, որովհետեւ ինքն էլ է խնդիրներ ունենալու, վտանգները մեծ են:
– Օրեր առաջ Փաշինյանը մտահոգություն հայտնեց, որ Թուրքիան եւ Ադրբեջանն ուզում են Հայաստանը դուրս թողնել տարածաշրջանային կոմունիկացիաներից: Դուք տեսնո՞ւմ եք նման վտանգ:
– Մտահոգությունը տեղին է, եւ լավ է, որ ինքն էլ է մտահոգվում: Իրենց ճանապարհները չեն հետաքրքրում, այլ՝ այն, որ հաջորդ Արցախը կլինեն Սյունիքը, Վայոց ձորը: Թուրքիան ներխուժել է Հյուսիսային Կիպրոս, Իրաք, Սիրիա, վաղն էլ պահը կօգտագործի եւ կներխուժի Սյունիք: Որեւէ արգելք չկա միջազգային այսպիսի խառը պայմաններում: Նախ պետք է ունենա հենակետ եւ կամաց-կամաց ընդլայնվի: Ռիսկերը շատ մեծ են, որովհետեւ Սյունիքը սեպի նման խրված է ամբողջ թուրանական աշխարհում: Իսկ մենք ունենք ճանապարհներ դեպի հարեւան երկրներ, կարող ենք կոմունիկացիաներից դուրս չմնալ, եւ մեզ չշրջանցեն: Ուղղակի բարի կամք է պետք՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, բայց նրանք ամեն ինչ անում են, որ Հայաստանը տնտեսապես մեկուսանա, եւ դա նոր չէ: Ադրբեջանը Վրաստանով է ճանապարհներ, երկաթգծեր գցել դեպի Թուրքիա, բայց ամենակարճ ճանապարհը Հայաստանով է: Նրանք ամեն ինչ արել են, որպեսզի շրջանցեն մեզ, եւ ես որեւէ հիմք չունեմ ասելու, որ փոխվել են: Շատ լավ կլիներ, որ «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրն իրագործվեր, բայց ես հույս չունեմ Թուրքիայի եւ Ադրբեջանի վրա: Ես լուծումը տեսնում եմ այն, որ Հայաստանը տնտեսապես հզորանա, ժամանակակից տեխնոլոգիական երկիր դառնա, հզոր բանակ ունենա: Այսօր մարդկանց թվով չի որոշվում բանակը, տեխնոլոգիան է որոշում, իսկ Հայաստանն ուղեղների պակաս չունի, եթե դրան էլ գումարենք սփյուռքի ներուժը: Եթե մենք դառնանք ժամանակակից, տնտեսապես հզոր, ժողովրդավարական երկիր եւ ուժեղ բանակ ունենանք, հավատացեք՝ ճանապարհները կբացվեն: Իսկ եթե հրաշք լինի, եւ ճանապարհները Թուրքիայի հետ բացվեն այս պայմաններում, մեր գյուղատնտեսությունը, որ շատ ծանր պայմաններում է, էլ ավելի վատ վիճակում է լինելու: Թուրքական եւ ադրբեջանական էժան ապրանքները ողողելու են մեր շուկան, որովհետեւ մեր գյուղատնտեսությունը մրցունակ չէ, եւ մեծ են տնտեսական ռիսկերը: