Ադրբեջանն աջակցում է Փաշինյանին՝ ընդդեմ հայ ազգայնականների

Ադրբեջանն աջակցում է Փաշինյանին՝ ընդդեմ հայ ազգայնականների

Wed, 07 Oct 2026 12:23:45 +0400


Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Ադրբեջանի և Թուրքիայի իշխանություններն ու նրանց լրատվամիջոցները ուշադրությամբ հետևում են Հայաստանում և Սփյուռքում տեղի ունեցող զարգացումներին ու հրապարակվող հոդվածներին՝ քննադատաբար արձագանքելով դրանց։ Տարիների ընթացքում իմ շաբաթական հոդվածներից շատերը թարգմանվել ու վերահրապարակվել են ադրբեջանական ու թուրքական թերթերում և կայքերում։
Վերջին օրինակը Ատլանտայից (Ջորջիա նահանգ) Հարություն Աղա-Սարգսյանի հոդվածն է, որը սեպտեմբերի 29-ին հրապարակվել է հայաստանյան լրատվական կայքերից մեկում։ Նա Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի նախագահն է և Ամերիկայի հայ դատի հանձնախմբի (ANCA) տեղական մարմնի հիմնադիրը։ «Փաշինյանի նոր բաժանարար գիծը՝ Սփյուռքի երիտասարդության մեջ» վերնագրով հոդվածում նա քննադատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ամերիկահայ ուսանողների փոքր խմբի հետ հանդիպելու համար։ Փաշինյանը մտադիր էր ուսանողներին ներկայացնել «Իրական Հայաստանի» վերաբերյալ իր վիճահարույց հայեցակարգը։

Սեպտեմբերի 30-ին ադրբեջանական «1news.az» լրատվական կայքն արձագանքեց՝ քննադատելով Աղա-Սարգսյանին և պաշտպանելով Փաշինյանի քաղաքականությունը, որը վնաս է հասցնում հայկական ազգային շահերին։ Ֆարիդա Բաղիրովայի հեղինակած հոդվածը վերնագրված էր՝ «Ուժասպառ անող ուրվականի գերին. ինչպես է ռևանշիզմը խարխլում Հայաստանի ապագան»։

Բաղիրովան գրել է. «Վերջին տարիներին հայկական քաղաքական խոսույթն ավելի ու ավելի է դառնում վտանգավոր միտման պատանդ. արմատականությունն ու ռևանշիզմը վերածվում են հանրային կյանքի հիմնասյուների։ Այս կործանարար դինամիկայի շարժիչ ուժերը ոչ միայն երկրի ներսում գործող արմատական ​​ուժերն են, այլև արտերկրի հայկական սփյուռքի մի հատվածը»։
Այնուհետև Բաղիրովան հարձակվեց Հայ Առաքելական եկեղեցու վրա. «Էջմիածինը և դրա հետ կապված սփյուռքյան շրջանակները շարունակում են մնալ ռևանշիստական ​​հռետորաբանության մոբիլիզացման կարևորագույն խողովակներից մեկը։ Ազդեցության այս փոխկապակցված ցանցը տասնամյակներ շարունակ հնարավորություն է տվել արմատականներին օրակարգ թելադրել Երևանին։ Նրանց համար Հայաստանը ոչ թե իր սոցիալ-տնտեսական խնդիրներով ապրող երկիր էր, այլ քաղաքական հավակնությունները բավարարելու ցատկահարթակ»։

Այնուհետև Բաղիրովան պաշտպանեց Փաշինյանի՝ «Իրական Հայաստան» հայեցակարգը՝ հավելելով. «Փաշինյանը փշրում է այն պատրանքը, թե արտերկրում գտնվող լոբբիստներն իրավունք ունեն զոհաբերելու Հայաստանի քաղաքացիների անվտանգությունը՝ հանուն սեփական գաղափարական դոգմաների»։

Վերադառնալով Հայոց եկեղեցու դեմ իր հարձակումներին՝ Բաղիրովան գրել է. «Նմանատիպ գործընթացներ են տեղ ունենում նաև հայկական եկեղեցում, որը, փոխանակ խաղաղություն քարոզելու, վերածվում է տարածաշրջանում վերջնական խաղաղությանն ուղղված ցանկացած շարժման դեմ գաղափարական դիմադրության կենտրոնի։ Ռևանշիզմն այլևս անցյալի շուրջ վեճ չէ. դա քաղաքական մոդել է, որը պահանջում է «թշնամու մշտական ​​ներկայություն», վերադարձ դեպի «կորուստները» և նոր իրողությունը չընդունելու կեցվածք։ Եթե Հայաստանում ցանկանում են շարունակել ապրել այս տրամաբանությամբ, դա իրենց ընտրությունն է։ Ադրբեջանն առավելագույն հստակությամբ ներկայացրել է իր դիրքորոշումը՝ խաղաղություն, կայունություն, զարգացում։ Հայ հասարակությունը ստիպված է լինելու ինքնուրույն առերեսվել իր քաղաքական ուրվականներին»։

Ադրբեջանական մի շարք կայքեր պարբերաբար թիրախավորում են հայկական ընդդիմությանը՝ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում։ Հոդվածները մանրակրկիտ ուսումնասիրված են և գրված են տարբեր լեզուներով, այդ թվում՝ բարձր մակարդակի անգլերենով։ Ակնհայտ է, որ այդ կայքերը լավ ֆինանսավորվում են, իսկ դրանց համար հոդվածներ գրող վերլուծաբանները բարձր վարձատրություն են ստանում Ադրբեջանի իշխանությունների կողմից։

Հայաստանի ներսում և դրանից դուրս Փաշինյանի ընդդիմախոսների վրա հարձակվելու մոլուցքի մեջ ադրբեջանական լրատվամիջոցներն ու պաշտոնյաները, կարծես, չեն գիտակցում, որ ակնհայտ են դարձնում հետևյալը․ Ադրբեջանը ողջունում և սատարում է վարչապետի վարած քաղաքականությունը։ Երբ թշնամիդ կանգնում է սեփական կառավարությանդ կողքին, կասկածելու լուրջ հիմքեր են առաջանում։ Վերջին տարիներին Փաշինյանն արել է հնարավոր ամեն ինչ՝ իր գործելակերպը Ադրբեջանի և Թուրքիայի ցանկություններին համապատասխանեցնելու համար։ Նա բազմաթիվ զիջումների է գնացել և շարունակում է գնալ։ Նա Ադրբեջանին է հանձնել Արցախը և զիջել Հայաստանի Հանրապետության տարածքից հատվածներ՝ միաժամանակ օտարվելով Հայաստանի քաղաքացիներից և Սփյուռքի ներկայացուցիչներից։ Բնականաբար, Ադրբեջանն ու Թուրքիան գոհ են նրանից։ Ինչպես ասում են՝ «ներքին թշնամին շատ ավելի վտանգավոր է, քան արտաքինը»։ Ադրբեջանի և Թուրքիայի ամենամեծ մտավախությունն այն է, որ Փաշինյանին կփոխարինի հայրենասեր հայ ղեկավար, որը կպաշտպանի ազգային շահերը։

Ադրբեջանի՝ որպես խաղաղասեր պետության մասին անդադար պնդումներին հակասում է նախագահ Իլհամ Ալիևի հրաժարումը ստորագրել համաձայնեցված «Խաղաղության պայմանագիրը», այն էլ այն դեպքում, երբ նա նախկինում հայտարարել էր, թե Փաշինյանին թելադրել է համաձայնագրի բոլոր 17 հոդվածները։

Ալիևը պարբերաբար սպառնալիքներ է հնչեցնում՝ զգուշացնելով, որ Ադրբեջանը կհարձակվի Հայաստանի վրա, եթե վերջինս չընդունի ադրբեջանական բոլոր պահանջները։ Նա Հայաստանի ղեկավարներին որակում է որպես «պատերազմական հանցագործներ, որոնք պետք է ստանան իրենց արժանի պատիժը»՝ միաժամանակ հրաժարվելով ազատ արձակել Բաքվում ապօրինի բանտարկված ու դատապարտված Արցախի պաշտոնյաներին։ Վերջերս Ալիևը նույնիսկ խոսել է «Հաղթանակի երրորդ կամարը… հենց այսօր Երևանի կենտրոնում» կառուցելու մասին։

Մինչդեռ Փաշինյանն անդադար խոսում է այն մասին, թե ինչպես է խաղաղություն բերել Հայաստանին։ Սակայն խաղաղությունը չի կարող լինել միակողմանի։ Խաղաղություն գոյություն չունի, երբ թշնամին յաթաղանը ճոճում է գլխիդ վերևում՝ սպառնալավ կտրել այն։

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Կարեք Ռուսաստանի բերանը»․ Զելենսկին «մունաթ» է գալիս Ռուբիոյի վրա

«Կարեք Ռուսաստանի բերանը»․ Զելենսկին «մունաթ» է գալիս Ռուբիոյի վրա Thu, 08 Oct 2026 22:00:28 +0400…

12 րոպե ago

Արդեն չորրորդ տարին սպասում ենք մեր հայրենակիցների վերադարձին

Արդեն չորրորդ տարին սպասում ենք մեր հայրենակիցների վերադարձին Thu, 08 Oct 2026 21:45:32 +0400 ԱՄՆ…

27 րոպե ago

Ռուսների մղձավանջը շարունակվում է․ Լոնդոնը թարմացրել է պատժամիջոցները

Ռուսների մղձավանջը շարունակվում է․ Լոնդոնը թարմացրել է պատժամիջոցները Thu, 08 Oct 2026 21:30:10 +0400 Մեծ…

43 րոպե ago

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագները

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագները Thu, 08 Oct 2026 21:19:03 +0400 «Monument Watch»-ը ահազանգում…

54 րոպե ago

Իրականում որքան ժամանակում է վաճառվել տոմսերը

Իրականում որքան ժամանակում է վաճառվել տոմսերը Thu, 08 Oct 2026 21:15:46 +0400 Լիոնել Մեսսիի՝ Արգենտինայի…

57 րոպե ago

Գրիգոր Բաբալով․ պալատական հայազգի լուսանկարիչը

Գրիգոր Բաբալով․ պալատական հայազգի լուսանկարիչը Thu, 08 Oct 2026 21:00:43 +0400 Հին լուսանկարները կարող են…

1 ժամ ago