«Հրապարակ»․ «Վրիժառուները»` պատկերասրահում

«Հրապարակ»․ «Վրիժառուները»` պատկերասրահում

Sat, 10 Oct 2026 09:45:16 +0400


Օրերս Հայաստանի ազգային պատկերասրահում մշակութային միջոցառում էր կազմակերպվել: Նպատակը բուրժուազիայից, ավելի ստույգ՝ Գագիկ Խաչատրյանի ընտանիքից խլված կտավների ցուցադրությունն էր: Կհիշեք՝ «Անորսալի վրիժառուները» ֆիլմում այդպիսի կադր կա, երբ Դանկան, Յաշկա գնչուն ու կինոյի աղջիկը, բերանները բաց, քայլում են թանգարանի շքեղ սրահներով՝ հեղափոխության հաղթանակի գլխավոր ապացույցը՝ ցարական ադամանդակուռ թագը տեսնելու։

Մոտավորապես նույնը Ազգային պատկերասրահում էր, միայն թե այս կինոյում աղջիկները երկուսն էին՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը եւ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, իսկ Յաշկա գնչուի դերում ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանն էր:

Նրանք դեմքի հպարտ արտահայտությամբ ըմբոշխնում էին Խաչատրյանների երբեմնի հարստությունը, որն իրենք խլել ու հետ են վերադարձրել «պրոլետարիատին»: Իսկ վերջինս արդեն հասցրել է տարբեր հարթակներում զարմանք արտահայտել առ այն, թե որտեղից է նախկին չինովնիկն այսքան թանկարժեք 70 կտավ ձեռք բերել, ինչ փողերով: «Պրոլետարիատին» ամենաբարձր ամբիոններից ամենօրյա ռեժիմով ներշնչում են, որ իր համար երանելի օրեր են եկել, եւ նա քիչ է մնում հավատա դրան: Մեկ դարից ավելի է անցել Հոկտեմբերյան հեղափոխության օրերից, երբ կաշվե բաճկոններով ու մաուզերներով տղաները ներխուժում էին բուրժուաների տները, պատերից պոկում կտավները, արծաթե սպասքը լցնում պարկերի մեջ ու այդ ամենը հռչակում «պրոլետարիատի սեփականություն»։
Այսօր հանդերձանքն այլ է, էությունը՝ նույնը: Դատարանի վճիռ էլի չկա, բայց կա հեղափոխական էնտուզիազմ։ Մնում էր՝ պատկերասրահում «Ինտերնացիոնալը» երգեին: Արվեստը՝ ժողովրդին, իրավունքը՝ աղբաման։

«Գերատեսչությունների ղեկավարները տեղում ծանոթացել են քրեական վարույթի շրջանակում ՊԵԿ նախկին նախագահ եւ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանից առգրավված կտավների ցուցադրությանը, որոնք քննչական գործողությունների արդյունքում ի պահ են հանձնվել «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ին»,- հաղորդել է Քննչական կոմիտեն: ՔԿ 2026 թվականի սեպտեմբերի 11-ի որոշմամբ՝ կտավները ճանաչվել են իրեղեն ապացույց եւ ի պահ հանձնվել Ազգային պատկերասրահին:

Ի՞նչ է նշանակում «ի պահ», ինչո՞ւ են հանրությանը հասանելի դարձնում քրեական վարույթով անցնող իրեղեն ապացույցները, որոնք պետք է պահվեին Քննչական կոմիտեում, ո՞ւմ որոշման հիման վրա են դրանք տեղափոխվել Ազգային պատկերասրահ, ո՞ր ընդունման-հանձնման ակտով, ո՞վ է ստորագրել այդ ակտը, արդյո՞ք այդ կտավները պատկերասրահի ֆոնդերում հաշվառվել են, արդյո՞ք փոխանցվել են պետությանը եւ ի՞նչ դատական ակտի հիման վրա, արդյո՞ք Գագիկ Խաչատրյանը կամ նրա ընտանիքը պաշտոնապես ծանուցվել են հանձնման մասին:

Խաչատրյանի փաստաբաններն այս հարցադրումները` միջնորդության տեսքով, ուղարկել են քննչական եւ դատախազություն: Նրանք հղում են արել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին մասին, որի համաձայն. «Իրեղեն ապացույցները, որպես կանոն, պահպանվում են այնքան, քանի դեռ դրանց տնօրինման հարցը չի լուծվել օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտով։ Նույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերում իրեղեն ապացույցը կարող է վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ լուսանկարվել կամ տեսագրվել, հնարավորության դեպքում՝ կնքվել եւ պահվել որոշմամբ սահմանված վայրում կամ օրենքով նախատեսված դեպքում հանձնվել պահպանության։ Նման փոխանցումը, սակայն, իր իրավական բնույթով պահպանության միջոց է եւ չի կարող նույնացվել գույքի նկատմամբ սեփականության իրավունքի անցման կամ այն թանգարանային մշտական ցուցադրության առարկա դարձնելու հետ։ Իրեղեն ապացույցների պահպանումը, դրանց գտնվելու վայրի փոփոխությունը, պետական սեփականությանն անցնելը, ինչպես նաեւ ցուցադրության կամ այլ կերպ օգտագործման հնարավորությունը պետք է հիմնված լինեն հստակ նույնականացվող վարույթային կամ դատական ակտերի վրա: Նման ակտերը պետք է հասանելի լինեն նաեւ այն անձին, որի սեփականության, օրինական տիրապետման կամ այլ գույքային շահերի վրա դրանք ուղղակիորեն ներգործում են՝ համապատասխան ակտերը վիճարկելու արդյունավետ հնարավորություն ապահովելու նպատակով»։

Տվյալ դեպքում օրենքը խախտված է: Մենք պարզաբանումների համար դիմեցինք դատախազություն, ու սկսվեց չիովնիկական «ֆուտբոլը»: Մեզ ուղղորդեցին ՔԿ. «Քննչական կոմիտեի տիրույթում է, իրենք պետք է պարզաբանեն»:

Քննչականը ոչինչ չի պատասխանում: Ազգային պատկերասրահից հայտնում են, որ կտավներն իրենց սեփականությունը չեն: «ՔԿ հայտարարության մեջ գրված է՝ ի պահ են տրված: Ենթադրում եմ՝ վերցրել են, ուրիշ ո՞ւր պետք է տանեն, առաջին հասցեն պատկերասրահն է: Դրանք ընդամենը ի պահ են տրված, դրանք չեն կարող լինել մեր հավաքածուում՝ գոնե էս պահին»,- ասաց խոսնակը՝ խնդրելով հարցեր չտալ, քանի որ «դրանք իրենց աշխատանքները չեն»: Կտավների ցանկից նա տեղյակ չէ: Փաստորեն, պատկերասրահը «վրիժառուների» համար սովորական պահեստ է, որտեղ քննիչը կարող է «իրեղեն ապացույց» տանել ու հարմար պահի PR-ի առարկա դարձնել: Նիկոլի քննիչին այս երկրում առարկող չկա: Վերեւից լցվող ատելությունից ոչ ոք երաշխավորված չէ՝ հասարակ փողոցային առեւտրականից, որի ապրանքն իր աչքի առաջ ոչնչացնում են, իրեն էլ քարշ տալիս բաժին, մինչեւ միլիոնատեր նախկին չինովնիկ: Եվ ոչինչ չի կանգնեցնում այդ ատելությունը, նույնիսկ՝ պետական շահը:
Օրերս պատգամավոր Ագնեսա Խամոյանը խորհրդարանի ամբիոնից հրապարակեց ՊԵԿ-ից ստացած պաշտոնական պատասխանը՝ Հայաստանում հարկային ստուգումների ու քննչական վարույթների պատրվակով ապօրինի կապարակնքված ու փակված է շուրջ 60 ընկերություն, ներառյալ «Օրանժը», «Գալերեան»: Դրանցից ընդամենը 3-ը նախորդ տարվա միայն սեպտեմբեր ամսին պետական բյուջե էին վճարել ավելի քան 100 միլիոն դրամ: Մի կողմից՝ պետությունը փողի, բյուջեի մուտքերի պակաս ունի, մյուս կողմից՝ կապարակնքում ու սպանում է բիզնեսը։ Մարդիկ մնում են գործազուրկ, բյուջե փող չի մտնում, անձնական հաշվեհարդարն ու չարությունն են կառավարում երկիրը, փոխարինում արդարադատությանը:

ՀԳ․ Ի դեպ, Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավի մեջ է եղել նաեւ նրա դիմանկարը, հետաքրքիր է` այդ կտավն է՞լ են ցուցադրելու ազգային պատկերասրահում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Բանգլադեշի 4 քաղաքացի փորձել է սահմանը հատելով՝ անցնել Թուրքիա

«Հրապարակ»․ Բանգլադեշի 4 քաղաքացի փորձել է սահմանը հատելով՝ անցնել Թուրքիա Sat, 10 Oct 2026 12:45:22…

17 րոպե ago

Բագրատաշենի անցակետում մեծ հերթեր են․ Վրաստանի կողմում անտանելի շոգ է

Բագրատաշենի անցակետում մեծ հերթեր են․ Վրաստանի կողմում անտանելի շոգ է Sat, 10 Oct 2026 12:42:56…

19 րոպե ago

Ի՞նչ է ասել Պուտինը Թրամփին Հայաստանի ու Ադրբեջանի մասին

Ի՞նչ է ասել Պուտինը Թրամփին Հայաստանի ու Ադրբեջանի մասին Sat, 10 Oct 2026 12:37:25 +0400…

25 րոպե ago

«Թշնամիներ» են․ Նոբելյան մրցանակ չստանալուց հետո «տեղը» չի գտնում

«Թշնամիներ» են․ Նոբելյան մրցանակ չստանալուց հետո «տեղը» չի գտնում Sat, 10 Oct 2026 12:30:17 +0400…

32 րոպե ago

«Հրապարակ»․ Ծնողներն ասում են՝ չի սովորում` թող չսովորի, դու ի՞նչ իրավունք ունես իմ երեխային դաս հարցնելու

«Հրապարակ»․ Ծնողներն ասում են՝ չի սովորում` թող չսովորի, դու ի՞նչ իրավունք ունես իմ երեխային դաս…

46 րոպե ago

Կիևը վաղաժամ ընդհատել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները․Թրա՞մփն է մեղավոր

Կիևը վաղաժամ ընդհատել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները․Թրա՞մփն է մեղավոր Sat, 10 Oct 2026 12:00:47 +0400…

1 ժամ ago