Մտորումներ՝ Թրամփի «կորիդորին» սպասելիս
Tue, 13 Oct 2026 18:45:29 +0400
ԵՄ առաջնորդների՝ այս օրերի պահվածքին պետք է ըմբռնումով մոտենալ: Նրանք դարձել են ուկրաինական մայդանի (գունավոր հեղափոխություն, թավշյա հեղափոխություն) զոհը: Մայդանն ո՞ւմ գործն էր… ԱՄՆ-ի: Մայդանից ո՞վ շահեց… ԱՄՆ-ն: Դե իսկ ամենաշատը տուժեց մայդան արած ժողովուրդը, նրանից հետո՝ Ուկրաինան, ԵՄ-ն, նաեւ՝ ՌԴ-ն: Չոր փաստերը սրանք են: Իսկ եթե իրադարձություններին նայենք ռուս-ուկրաինական հակամարտության ողջ երկայնքով, ապա կտեսնենք, որ այդ հակամարտության շնորհիվ ավարտվեց ռուս-եվրոպական «ջերմացումը»՝ տեղը զիջելով կողմերի միջեւ նոր ու կատաղի հակամարտության: Երկրորդ համաշխարհային պատերազմի դասերը մոռացած՝ Եվրոպան կրկին նետվեց Ռուսաստանի դեմ պայքարի կրակների մեջ՝ չունենալով դրա համար լրջագույն պատճառներ: Կարելի է ասել՝ ԱՄՆ-ի թեթեւ ձեռքով: Իսկ ամենազարմանալին էլ այն էր, որ ամբողջ ԵՄ-ում չգտնվեց մի առաջնորդ, որ մյուսներին բացատրեր մի հասարակ բան, որ Ռուսաստանի հետ ավելի հեշտ է համագործակցել, քան պատերազմել: Մի թեթեւ հույս էր ներշնչում կանցլեր Անգելա Մերկելը, բայց նա էլ ի զորու չեղավ գերմաներեն խոսող Պուտինի հետ իր լավ հարաբերություններով իրավիճակ փոխել:
Ամերիկյան հովերով տարված եվրոպացի երիտասարդ առաջնորդները ռուս-ուկրաինական հակամարտությունն ընդունեցին որպես ռուսական ընդերքին եւ էներգակիրներին հասանելիություն ստանալու լավ առիթ: «Բարեկրթված» Եվրոպան, բնականաբար, Հիտլերի ճանապարհով չգնաց: Պատճառը, թերեւս, «Հիտլեր» չունենալն էր եւ, իհարկե, հակառուսական պատժամիջոցների ամերիկյան «զենքը», որ նրանց կարծիքով պետք է ծնկի բերեր Ռուսաստանին: Ռուս-ուկրաինական հակամարտությունից ավելի քան 10 տարի անց, սակայն, պարզվեց, որ անգլո-ամերիկյան կլանը տակավին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ որդեգրած քաղաքականությունն է վարում, այն է՝ եթե տեսնենք, որ Գերմանիան է հաղթում, կօգնենք Ռուսաստանին (ԽՍՀՄ-ին), իսկ եթե տեսնենք, որ Ռուսաստանն է հաղթում, օգնության կհասնենք Գերմանիային: Ամեն ինչ կախված էր այն բանից, թե պատերազմի որ փուլում ԱՄՆ-ն եւ Անգլիան կհամարեին, որ ուրիշի ձեռքով իրենց շագանակներն արդեն հանել են կրակից:
Հիմա դուք ինչքան ուզում եք ինձ համոզեք, որ Թրամփը Սենատի ընտրություններից վախեցավ ու որոշեց պաշտպանել ամերիկացի հարկատուների շահերը եւ էժան դիզվառելիք գնեց Ռուսաստանից՝ չնայած խիստ պատժամիջոցներին: Չկա այդպիսի բան: Իսկ ո՞ւր է Մեծ Բրիտանիան… Ասես գետնի տակն է անցել: Այդ երկիրը ժամանակին ճողոպրեց ԵՄ-ից, բայց շուտով, երբ Ուկրաինայի հարցերը լուծվեն, եւ ահռելի գումարներ կորցրած ու հասարակական հուզումներից թուլացած ԵՄ-ի գլխին կրկին կախվի Ռուսաստանին միայնակ դիմակայելու վտանգը, կհայտնվի ԱՄՆ-ի կողքին, որ «փրկի» Բեռլինը: Այս իրավիճակում Մակրոնին, Մերցին, Տուսկին եւ ԵՄ մյուս առաջնորդներին, այդ թվում եւ մերձբալթյան երկրների, կարելի է միայն լիքը փող մաղթել, որ կարողանան հնարավորինս շատ անօդաչու թռչող սարքեր գնել Զելենսկու համար եւ շարունակել ռուս-ուկրաինական իմաստազուրկ պատերազմը:
Այդ պատերազմը շուտով կավարտվի: Անգլո-ամերիկյան թերթերն այդ օրը կգրեն, որ Թրամփն այն դադարեցրեց, իսկ ռուսական մամուլը կազդարարի նոր «Մայիսի 9-ի»՝ նոր հաղթանակի օրվա մասին: Իսկ ինչ կգրեն եվրոպական թերթերը՝ դժվար է ասել: Դուք կարծում եք, որ Մակրոնը, Տուսկը կամ Մերցը ինքնասպանությո՞ւն կգործեն՝ Ուկրաինային եւ նրա ժողովրդին պատճառած ահավոր տառապանքների համար: Քավ լիցի: Նրանք դարձյալ կնետվեն հաղթողի գիրկը, ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Սա է Եվրոպայի անվտանգության մոդելը:
ՀԳ. Բա Զելենսկի՞ն… Թրամփն ասել է, որ Ուկրաինային նոր առաջնորդ է պետք: Կիսում եմ Թրամփի կարծիքը, բայց ինձ ավելի շատ հուզում է Զելենսկու ճակատագիրը, որը, ի դեպ, 6 ամսով հրադադար է խնդրել՝ նոր ընտրություններ կազմակերպելու համար: Հիշում եմ մեր Զելենսկուն՝ Նիկոլ Փաշինյանին, որ ճիշտ այդքան ժամանակ էր խնդրում իր հարցերը կարգավորելու համար: Փաշինյանի դեպքում Թուրքիան ու Ադրբեջանն ընդառաջ գնացին եւ պահեցին նրան պաշտոնում: Ռուսաստանն արդյոք նույնքան «հանդուրժող» կգտնվի՞ Զելենսկու հանդեպ, որ երբեք Մոսկվա չգնաց ու Պուտինի գիրքը կրծքին սեղմած չնկարվեց: Թրամփը նույնիսկ Զելենսկու դատավճիռն է կարդացել՝ նշելով, որ Զելենսկին ոչ միայն Ուկրաինայի ժողովրդի պարտության սիմվոլն է, այլեւ վտանգ է ներկայացնում ամերիկացի ֆերմերների եւ մյուս հարկատուների համար, որոնք շարունակում են վճարել Զելենսկու «ծախսերը»: Մենք նույնը չէի՞նք ասում Փաշինյանին՝ պարտված ղեկավարը պետք է հեռանա, եւ նոր բանակցող գա՝ ցեխն ընկած մեր էշը ցեխից հանելու համար: Բայց այսօր ի՞նչ գործի ենք… Այո, շարունակում ենք վճարել Փաշինյանի անիմաստ գոյության համար, որ մի յուրատեսակ պատերազմ է՝ Հայաստանի եւ հայ ժողովրդի վերացման նշմարվող ելքով: