Բառախաղերով կառավարվող պետություն
Wed, 14 Oct 2026 19:15:05 +0400
Եթե փորձենք վերջին օրերին ԱԺ ամբիոնից հնչած հայտարարություններն ու իշխանավորների «փիլիսոփայական» մտքերը կարդալ առանց հումորի զգացումի, ստիպված կլինենք դիմել հոգեբույժի։ Իշխանական քաղաքական միտքը հասել է այնպիսի «բարձունքի», որ ամեն մահկանացու չի կարող մարսել այն։ Հոկտեմբերի 11-ին Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ մասնակցել է «Հաղորդակցության հմտություններ եւ հուզական ինտելեկտ» դասընթացին։ Կարծես վատ բան չէ։ Քաղաքական գործիչները պետք է սովորեն լսել մարդկանց, զսպել հույզերն ու հստակ արտահայտվել։ Միայն թե հանրությունը հիմա հարց ունի՝ այդ դասընթացի արդյունքները ե՞րբ են երեւալու։
Շաքիում զինված ադրբեջանցու հայտնվելն է։ Երբ գյուղացին իր տանը տեսնում է ավտոմատով օտարերկրյա զինվորի, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շտապում է «հանգստացնել». «Նա դիվերսանտ չէ»։ Եթե դիվերսանտ չէ, գուցե «զինված էքսկուրսանտ» է, որը որոշել է մի քիչ զբոսնել գեղահրաշ Սյունիքում։ Մարդիկ հարց են տալիս՝ ինչպե՞ս է թշնամին անարգել հասել մեր գյուղեր, ՔՊ խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանն ասում է․ «ԱԱԾ-ն որոշակիորեն թերացել է»։ «Որոշակիորեն թերացել է»-ն պետական կառավարման նորագույն տերմին է։ Սահմանը հատել են, հասել տուն, բայց դե, մի նեղվեք` ընդամենը որոշակի են թերացել։ Եթե հասնեին Երեւան, թերեւս ասեին՝ «որոշակի անուշադիր ենք եղել»։ Հարցին՝ կա՞ արդյոք ձերբակալության տեսագրությունը, վարչապետը պատասխանեց՝ «պետք է ճշտեմ»։ Միահեծանը տեղյակ չէ՝ ինչ է կատարվում իր երկրի սահմանից ներս ու սահմաններին։ Ընդդիմությունը փորձում է հարցեր տալ անվտանգության բացերից, Փաշինյանը դիմում է իր սիրելի մեթոդին՝ անձնական վիրավորանքներին ու սպառնալիքներին․ «Դուք դերասան եք», «Ձեր քթներից հանելու եմ»։ Սա սովորական բան է. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը քաղաքացու վրա թքեց, իշխանական թեւը ոչ թե ներողություն խնդրեց հանրությունից, այլ լծվեց՝ արդարացնելու «բարձրաստիճան պաշտոնյայի զգացմունքայնությունը»։ Սա է իրենց վարքագիծը, քանզի նրանք զգացմունքային են: Պետության անվտանգության փլուզումն ու քաղաքացու պաշտպանվածության հարցը քննարկելու փոխարեն, երկրի ղեկավարներն անցնում են փողոցային բառապաշարի եւ սպառնալիքների։ Իսկ Շաքիի բնակչուհուն հոտնկայս ծափահարելու առաջարկից հետո ԱԺ նախագահ Ռուբինյանը զգուշացնում է «հեռու մնալ շահարկումներից»։
Հոկտեմբերի 9-ին Փաշինյանը հայտարարեց․ «Ադրբեջանի նախագահի հետ եւ միջազգային գործընկերների աջակցությամբ հասել ենք անհնարինին»։ Միայն չլուծված են հումանիտար հարցերը՝ անհետ կորածների ճակատագրերը, ականազերծումը, Բաքվի բանտերում տանջվող մեր հայրենակիցների խնդիրները։ Ի՞նչ անհնարինի մասին է խոսքը, երբ թշնամին կրակում է սահմանին։ Այստեղ էլ իշխանությունն ունի «հանճարեղ» բացատրություն. «3-4 անգամ կրակելը նշանակում է` թիրախավորում են «խաղաղությունը»։ Եթե մենք պատասխանենք, կօգնենք նրանց՝ վտանգել խաղաղությունը»։ Սա էլ ռազմավարական մազոխիզմ է։ Եթե քեզ վրա չորս անգամ կրակում են, դա սովորական թիրախավորում է, եթե փորձես պաշտպանվել՝ կդառնաս խաղաղության «թշնամի»։ Ըստ տրամաբանության՝ լավագույն պաշտպանությունը հարվածները լուռ… հաշվելն է։ Իսկ սահմանամերձ գյուղերի անվտանգության մասին խոսելիս Փաշինյանը զուգահեռ է անցկացնում. «Երեւանի կենտրոնում էլ են մարդ գնդակահարում, ի՞նչ անենք, փշալա՞ր քաշե՞ք»։ Այսինքն,եթե մայրաքաղաքում հանցագործություն կա, ուրեմն սահմանին թշնամու հայտնվելը բնական է ու տեղին։
Տիգրանաշենի եւ ռազմավարական ճանապարհի ապագայի մասին Ամենակարողը հերթական «գլուխգործոց» պատասխանն է տալիս․ «Մենք ունենք ՀՀ տարածքի մասին պետական պատկերացում»։ Գեղեցիկ է, չէ՞։ Քարտեզը կա, պատկերացումը կա, բայց թե որտեղով է անցնելու Հայաստանը Սյունիքին կապող միակ ճանապարհը՝ դա «մանր-մունր դետալ» է։ Նույն անհեռատեսությունն էլ՝ արտաքին քաղաքականության մեջ. Իրանի դեմ պատժամիջոցների հարցում ասում է․ «Հենց տեսնենք, որ մենք ենք սանկցիայի տակ ընկնում, ինչ-որ որոշում կկայացնենք»։ Սպասենք՝ վտանգը մեզ հասնի, հետո կորոշենք՝ ինչ անել։ Տրամաբանական շղթան ամփոփում է ՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանը․ «Հայաստանը չի կործանվի, եթե գազի գինը բարձրանա»։ Ահա՛ իշխանության գլխավոր չափանիշը` ոչ թե քաղաքացու համար անվտանգ, արժանապատիվ, տնտեսապես ապահով երկիր ապահովելն է, այլ հերթական թանկացումից, կորստից կամ զիջումից հետո գոյատեւելը։ Եթե քարտեզի վրա դեռ «Հայաստան» անունը կա, իրենց քաղաքականությունը «հաջողված» է։
Այս իշխանությունը սովորել է սեփական անգործությունն ու թերացումները որպես «պետականաշինություն» ներկայացնել, մինչդեռ ժողովուրդը քվե է տվել ոչ թե նրա համար, որ լսի «չենք կործանվի», «կտեսնենք՝ հետո կորոշենք» արդարացումներ, այլ ունենա իր անվտանգությանն ու արժանապատվությանը տեր կանգնող իշխանություն։ Երբ պաշտոնական խոսքը վերածվում է անհեթեթությունների, երկիրը սկսում է ապրել զուգահեռ իրականության մեջ։ Իսկ պատասխանատվությունից փախչելն օրեցօր անհնար է դառնալու։