«Հրապարակ»․ Պետական մարմինը չի կարող «պատիվ եւ արժանապատվություն» ունենալ

«Հրապարակ»․ Պետական մարմինը չի կարող «պատիվ եւ արժանապատվություն» ունենալ

Thu, 15 Oct 2026 10:15:31 +0400


Իրավապահները շարունակում են ընդդիմադիր գործիչներին կալանավորել, զրկել խոսքի իրավունքից, երկրում վախի մթնոլորտ տարածել: Անցած շաբաթ «Ադեկվատների» ղեկավար Արթուր Դանիելյանին կալանավորեցին, երեկ խուզարկություն արեցին կուսակցության գրասենյակում: Սա այնքան անօրինական է, որ դատապարտում է անգամ Փաշինյանի երբեմնի աջակից Արթուր Սաքունցը:

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի նախագահ Ռաֆայել Իշխանյանը մեզ հետ զրույցում ասում է. «Այս խնդիրը բավականին խորքային է, ունի մի քանի շերտ: Կարծում եմ, որ այն նաեւ կապված է Ամուլսարի հանքի շահագործման խնդրի հետ: Սրանք հանրային ակտիվության, մասնակցության դեմ ռազմավարական քայլեր են: Զրպարտության, վիրավորանքի, ատելության խոսքի հոդվածներով պետությունը ծանրաբեռնում է լրագրողներին, քաղակտիվիստներին եւ մյուս ակտիվ շերտերին, եւ դեռ հարց է՝ այդ հայցերը հիմնավորվա՞ծ են, թե՞ ոչ: Գնալ դատարան, օգտվել փաստաբանական ծառայություններից, հաճախ մարդկանց հաշիվները կալանքի տակ են դնում, եւ այսպես շարունակ: Այս տարիներին ֆեյսբուքյան պոստերի համար էլի են մարդկանց կալանավորել՝ Արթուր Դանիելյանի դեպքն առաջինը չէ։ Աննախադեպ է, որ նրան մեղադրում են խուլիգանության մեջ, դա իսկապես սպեցիֆիկ երեւույթ է: Արագած Ախոյանին էլ տարիներ առաջ մեղադրում էին բռնության կոչեր անելու մեջ, հիշենք Վազգեն Սաղաթելյանի եւ Նարեկ Սամսոնյանի, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւի գործը: Վիրավորանքի հոդվածը, որն ապաքրեականացվեց, հետո նորից ծանր վիրավորանքը քրեականացվեց, սակայն միջազգային ճնշումների արդյունքում կրկին ապաքրեականացվեց, փաստորեն, զուտ շրջանցվեց, այն հիմա էլ գործում է, սակայն գործում է խուլիգանության հոդվածի անվան տակ: Գործի հիմքերը լրիվ նույնն են, հայհոյանքը մեկնաբանվում է որպես խուլիգանություն։ Էլ չենք խոսում այն մասին, թե ինչպես է հնարավոր խուլիգանության արխայիկ հոդվածը կիրառել թվային տիրույթում: Օնլայն տիրույթում հնարավոր չէ խուլիգանություն կատարել, դա զավեշտ է: Վիրավորանքի ապաքրեականացման պայմաններում փաստացի այն շարունակվում է մնալ քրեական, պարզապես ներկայացվում է որպես խուլիգանություն: Ատելության խոսքի, բռնության կոչերի հոդվածները շարունակվում են մեկնաբանվել խիստ կամայական: Քաղաքական հատկանիշը դառնում է անձի ինքնության մաս, ինչպես, օրինակ, մաշկի գույնը, ընդդիմադիր լինելը համարում են բավարար պայման՝ վարույթ հարուցելու համար: Կա եւս մեկ զավեշտալի, միեւնույն ժամանակ մտահոգիչ հոդված, այն վերաբերում է իրավապահներին արատավորելուն: Չի կարող պետական մարմնի վրա այդ հոդվածը կիրառվել: Այն կարող է կիրառվել, օրինակ, եթե անձը անհատ քննիչին շանտաժ է արել՝ ակնկալելով, որ քննիչն իր հանդեպ արտոնյալ վերաբերմունք ցուցաբերի: Օրինակ` քննիչի ինտիմ կյանքի վերաբերյալ տեղեկություններ հրապարակելու շանտաժի պարագայում կարող է այդ հոդվածը կիրառվել: Պետական մարմնին քննադատելը անգամ քաղաքացիական հայցի առարկա չպետք է դառնա, ուր մնաց՝ քրեական: Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով պետական մարմինները չեն կարող ունենալ պատվի եւ արժանապատվության նույն չափանիշները, որոնք ունեն շարքային մարդիկ: Զավեշտալի է, որ ապաքրեականացված հոդվածով մարդկանց են ազատազրկում եւ անունը խուլիգանություն դնում, դա էլ քիչ է` տեսակցություններից զրկում են մարդուն, կարծես խոսքը խիստ վտանգավոր հանցագործի մասին է: Ես իմ ողջ կյանքի ընթացքում նման ծայրահեղ դեպք չեմ հիշում»:

Իշխանյանն անդրադարձավ նաեւ միջազգային կառույցների լռությանը. «Քանի որ Արեւմուտքն աջակցում է Փաշինյանին, բնականաբար, շատ բաների վրա աչք է փակում: Եթե համեմատենք միջազգային կառույցների այսօրվա հայտարարությունները նախկին իշխանությունների ժամանակ արված հայտարարությունների հետ, ապա ակնհայտ կդառնա, որ կա ահռելի տարբերություն: Մենք մշտապես միջազգային հանրությունից ենք նման դեպքերում արձագանք ակնկալում, սակայն ես այն կարծիքին եմ, որ պետք չէ բացառապես միջազգային կառույցներին դիտարկել որպես մարդու իրավունքների շահառու: Մենք պետք է մեր ներսում այդ ստանդարտները կառուցենք, որպեսզի հանրության գնահատականները լինեն իշխանության համար զսպող մեխանիզմներ»:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԱՄՆ-ում թողարկվել է Մելանյա Թրամփի մասին ֆիլմի թրեյլերը

ԱՄՆ-ում թողարկվել է Մելանյա Թրամփի մասին ֆիլմի թրեյլերը Sat, 07 Nov 2026 23:07:56 +0400 Հոսքային…

12 րոպե ago

Կմարմնավորի լեգենդար մարդասպանին

Կմարմնավորի լեգենդար մարդասպանին Sat, 07 Nov 2026 23:00:55 +0400 Կիանու Ռիվզը պայմանավորվել է Lionsgate-ի հետ…

19 րոպե ago

«Այսօր ուժեղ, խրոխտ, անկոտրում և գեղեցիկ հայուհու հայացքով դիմավորեց մեզ». Անիի ծննդյան օրն է

«Այսօր ուժեղ, խրոխտ, անկոտրում և գեղեցիկ հայուհու հայացքով դիմավորեց մեզ». Անիի ծննդյան օրն է Sat,…

31 րոպե ago

Մասկը խոստացել է, որ կաթված ստացած մարդիկ կկարողանան կրկին քայլել առաջիկա տարիներին

Մասկը խոստացել է, որ կաթված ստացած մարդիկ կկարողանան կրկին քայլել առաջիկա տարիներին Sat, 07 Nov…

34 րոպե ago

Հետ են պահանջել 4 հազար տարեկան հին եգիպտական մումիան

Հետ են պահանջել 4 հազար տարեկան հին եգիպտական մումիան Sat, 07 Nov 2026 22:30:29 +0400…

50 րոպե ago

Կլիչկոն Զելենսկիին մեղադրել է Կիևը ոչնչացնելու մեջ

Կլիչկոն Զելենսկիին մեղադրել է Կիևը ոչնչացնելու մեջ Sat, 07 Nov 2026 22:07:45 +0400 Կիևի քաղաքապետ…

1 ժամ ago