Հինգշաբթի , 15 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ»․ Պետական մարմինը չի կարող «պատիվ եւ արժանապատվություն» ունենալ

«Հրապարակ»․ Պետական մարմինը չի կարող «պատիվ եւ արժանապատվություն» ունենալ

Thu, 15 Oct 2026 10:15:31 +0400


Իրավապահները շարունակում են ընդդիմադիր գործիչներին կալանավորել, զրկել խոսքի իրավունքից, երկրում վախի մթնոլորտ տարածել: Անցած շաբաթ «Ադեկվատների» ղեկավար Արթուր Դանիելյանին կալանավորեցին, երեկ խուզարկություն արեցին կուսակցության գրասենյակում: Սա այնքան անօրինական է, որ դատապարտում է անգամ Փաշինյանի երբեմնի աջակից Արթուր Սաքունցը:

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի նախագահ Ռաֆայել Իշխանյանը մեզ հետ զրույցում ասում է. «Այս խնդիրը բավականին խորքային է, ունի մի քանի շերտ: Կարծում եմ, որ այն նաեւ կապված է Ամուլսարի հանքի շահագործման խնդրի հետ: Սրանք հանրային ակտիվության, մասնակցության դեմ ռազմավարական քայլեր են: Զրպարտության, վիրավորանքի, ատելության խոսքի հոդվածներով պետությունը ծանրաբեռնում է լրագրողներին, քաղակտիվիստներին եւ մյուս ակտիվ շերտերին, եւ դեռ հարց է՝ այդ հայցերը հիմնավորվա՞ծ են, թե՞ ոչ: Գնալ դատարան, օգտվել փաստաբանական ծառայություններից, հաճախ մարդկանց հաշիվները կալանքի տակ են դնում, եւ այսպես շարունակ: Այս տարիներին ֆեյսբուքյան պոստերի համար էլի են մարդկանց կալանավորել՝ Արթուր Դանիելյանի դեպքն առաջինը չէ։ Աննախադեպ է, որ նրան մեղադրում են խուլիգանության մեջ, դա իսկապես սպեցիֆիկ երեւույթ է: Արագած Ախոյանին էլ տարիներ առաջ մեղադրում էին բռնության կոչեր անելու մեջ, հիշենք Վազգեն Սաղաթելյանի եւ Նարեկ Սամսոնյանի, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւի գործը: Վիրավորանքի հոդվածը, որն ապաքրեականացվեց, հետո նորից ծանր վիրավորանքը քրեականացվեց, սակայն միջազգային ճնշումների արդյունքում կրկին ապաքրեականացվեց, փաստորեն, զուտ շրջանցվեց, այն հիմա էլ գործում է, սակայն գործում է խուլիգանության հոդվածի անվան տակ: Գործի հիմքերը լրիվ նույնն են, հայհոյանքը մեկնաբանվում է որպես խուլիգանություն։ Էլ չենք խոսում այն մասին, թե ինչպես է հնարավոր խուլիգանության արխայիկ հոդվածը կիրառել թվային տիրույթում: Օնլայն տիրույթում հնարավոր չէ խուլիգանություն կատարել, դա զավեշտ է: Վիրավորանքի ապաքրեականացման պայմաններում փաստացի այն շարունակվում է մնալ քրեական, պարզապես ներկայացվում է որպես խուլիգանություն: Ատելության խոսքի, բռնության կոչերի հոդվածները շարունակվում են մեկնաբանվել խիստ կամայական: Քաղաքական հատկանիշը դառնում է անձի ինքնության մաս, ինչպես, օրինակ, մաշկի գույնը, ընդդիմադիր լինելը համարում են բավարար պայման՝ վարույթ հարուցելու համար: Կա եւս մեկ զավեշտալի, միեւնույն ժամանակ մտահոգիչ հոդված, այն վերաբերում է իրավապահներին արատավորելուն: Չի կարող պետական մարմնի վրա այդ հոդվածը կիրառվել: Այն կարող է կիրառվել, օրինակ, եթե անձը անհատ քննիչին շանտաժ է արել՝ ակնկալելով, որ քննիչն իր հանդեպ արտոնյալ վերաբերմունք ցուցաբերի: Օրինակ` քննիչի ինտիմ կյանքի վերաբերյալ տեղեկություններ հրապարակելու շանտաժի պարագայում կարող է այդ հոդվածը կիրառվել: Պետական մարմնին քննադատելը անգամ քաղաքացիական հայցի առարկա չպետք է դառնա, ուր մնաց՝ քրեական: Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով պետական մարմինները չեն կարող ունենալ պատվի եւ արժանապատվության նույն չափանիշները, որոնք ունեն շարքային մարդիկ: Զավեշտալի է, որ ապաքրեականացված հոդվածով մարդկանց են ազատազրկում եւ անունը խուլիգանություն դնում, դա էլ քիչ է` տեսակցություններից զրկում են մարդուն, կարծես խոսքը խիստ վտանգավոր հանցագործի մասին է: Ես իմ ողջ կյանքի ընթացքում նման ծայրահեղ դեպք չեմ հիշում»:

Իշխանյանն անդրադարձավ նաեւ միջազգային կառույցների լռությանը. «Քանի որ Արեւմուտքն աջակցում է Փաշինյանին, բնականաբար, շատ բաների վրա աչք է փակում: Եթե համեմատենք միջազգային կառույցների այսօրվա հայտարարությունները նախկին իշխանությունների ժամանակ արված հայտարարությունների հետ, ապա ակնհայտ կդառնա, որ կա ահռելի տարբերություն: Մենք մշտապես միջազգային հանրությունից ենք նման դեպքերում արձագանք ակնկալում, սակայն ես այն կարծիքին եմ, որ պետք չէ բացառապես միջազգային կառույցներին դիտարկել որպես մարդու իրավունքների շահառու: Մենք պետք է մեր ներսում այդ ստանդարտները կառուցենք, որպեսզի հանրության գնահատականները լինեն իշխանության համար զսպող մեխանիզմներ»:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Աճարկուտի եւ Ակնաղբյուրի դպրոցների փակվելը խնդիրներ է առաջացնելու

«Հրապարակ»․ Աճարկուտի եւ Ակնաղբյուրի դպրոցների փակվելը խնդիրներ է առաջացնելու Thu, 15 Oct 2026 11:15:42 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով