Ամաչեք ձեր երեխաների մոտ
Thu, 15 Oct 2026 13:01:03 +0400
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը կառավարության շենքի դիմաց անցկացված բողոքի ակցիայի ընթացքում խիստ քննադատության է ենթարկել ՀՀ իշխանություններին՝ նրանց մեղադրելով քաղաքացիների իրավունքները սահմանափակելու, կեղծ տեղեկություններ տարածելու և հանրային խոսքում անընդունելի վարքագիծ դրսևորելու մեջ։
Ալավերդյանի խոսքով՝ մտահոգիչ է այն, որ կլիմայի պաշտպանության անվան տակ, իր գնահատմամբ, իրականացվում է հակաքրիստոնեական բնույթ ունեցող արշավ, որն ուղեկցվում է կեղծ պնդումներով և վիրավորական արտահայտություններով։ Նա նաև հարց է բարձրացրել ընդդիմադիր տեսակետներ արտահայտող քաղաքացիների, այդ թվում՝ սոցիալական ցանցերում գրառումներ կատարողների ձերբակալությունների վերաբերյալ։
Նախկին ՄԻՊ-ը հայտարարել է, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, իր գնահատմամբ, աննախադեպ են՝ ընդգծելով մարդու իրավունքների պաշտպանության և խոսքի ազատության հետ կապված խնդիրները։
Կառավարության անդամներին դիմելով՝ Ալավերդյանը նրանց պատասխանատվության է հրավիրել երկրի ապագայի համար՝ նշելով, որ իշխանությունների գործողություններն անդրադառնում են ոչ միայն ներկայի, այլև հաջորդ սերունդների վրա։
Նա նաև ընդգծել է պատմական հիշողության և անցյալի իրադարձությունների ճիշտ ընկալման կարևորությունը՝ նկատելով, որ պատմությունը միայն անցյալի մասին չէ, այլ անմիջականորեն կապված է նաև ներկայի հետ։
«Ամաչեք ինքներդ ձեր երեխաների մոտ, դուք եք քանդում, դուք եք ավերում մեր ապագան»,- նշել է նա։