«Հրապարակ». Մեր իշխանությունները հայ ժողովրդին ուզում են դարձնել այն խոզը, որը չունի որեվիցե իղձ, նպատակ, ծրագիր

«Հրապարակ». Մեր իշխանությունները հայ ժողովրդին ուզում են դարձնել այն խոզը, որը չունի որեվիցե իղձ, նպատակ, ծրագիր

Thu, 15 Oct 2026 13:15:01 +0400


Հարցազրույց պատմաբան Վահե Լորենցի հետ

– «Իրական Հայաստան», «իսկական Հայաստան», իսկ ո՞րն է «սուտ Հայաստանը», ի՞նչ կա այդ սադրանքի տակ թաքնված:

– Ես, որպես պատմաբան, այսպես կասեմ` ծիծաղելի կլիներ, եթե այդքան լացելու չլիներ: Այսօրվա իշխանությունների «իրական Հայաստանի» բանաձեւն այն է, որ հայի մեջ հային սպանեն: Սպանեն ազգային իղձերը, նպատակները, ծրագրերը, որովհետեւ, եթե «իրական Հայաստան» ասելով իշխանությունները եւ նրանց հետեւորդները հասկանում են զուտ ներկա պահի սահմանները, քարտեզը, ապա, եթե այդ «իրական Հայաստան» կոչված անհեթեթության տրամաբանությունը գործեր 1991թ. սեպտեմբերին, մենք այսօր Հայաստանի Հանրապետություն չէինք ունենալու: Ասելու էինք` սա Խորհրդային Միությունն է, որն իրական մեր երկիրն է: Ասենք, եթե գործեր 884 թվականին, Բագրատունյաց թագավորություն չէինք ունենա եւ այլն: Այդ «իրական Հայաստան» ասված ծուղակով իրենք ուզում են հայի մեջ հային սպանել եւ արդեն վերջացող ազգային արժեհամակարգի փոշին սրբել, թափ տալ: Չկա այդ համակարգը, բայց դրա փոշին էլ սրբեն, թափ տան: Աբսուրդ է նման բան ասելը` «իրական Հայաստան», հակագիտական արտահայտություն է, որովհետեւ պետության եւ իրավունքի մասին ցանկացած ձեռնարկ եթե վերցնեք, կտեսնեք, թե ինչ է իրենից ներկայացնում։ Որ պետությունը կենսաբանական օրգանիզմ է, որն աճում է, որին պիտի սնուցես: Իսկ այդ պետության կրողն էթնոսն է, որը պիտի ունենա իղձեր, ձգտումներ եւ այլն: Պատկերացրեք, որ մարդ է եւ չունի երազանքներ, չի ձգտում սովորել, լավ աշխատանք ունենալ, հարուստ լինել: Այսինքն, ինքը կենսաբանական մի զանգված է դառնում` խոզ: Հիմա մեր իշխանությունները հայ ժողովրդին ուզում են դարձնել այդ խոզը, որը չունի որեւիցե իղձ, նպատակ, ծրագիր: Ինքը պիտի ապրի որոշակի սահմանների մեջ` չունենալով այդ իղձերը, մտածի բացառապես միայն ստամոքսը լցնելու մասին: Էլի եմ ասում՝ դա ծիծաղելի կլիներ, եթե մեզ չվերաբերեր, եւ այս ողբերգությունը մենք չապրեինք, մեր կաշվի վրա չզգայինք:

– Իսկ ի՞նչ անենք պատմական Հայաստանի, Մեծ Հայքի հետ, մեր տեղանունների ու մշակութային արժեքների հետ: Առհասարակ, մեր պատմության ու հիշողության հետ ինչպե՞ս վարվենք:

– Ես մի քիչ այլ հարթության վրա եմ հարցը տեսնում: Մենք հասել ենք այս օրին ոչ թե այն պատճառով, որ այս իշխանությունները եկան եւ մեզ այստեղ դրեցին, այլ հակառակը՝ այս իշխանությունները կարողացան գալ եւ իրենց խոսքը բարձրաձայնել, որովհետեւ մենք այդպիսին դարձանք: Մտովի տեղափոխվենք 30 տարի առաջվա Հայաստան, 88 թվական, Երեւանում միլիոնանոց միտինգներ էին, անգամ գրպանահատություն չկար, միասնություն էր, եւ մեկը մյուսին օգնող ու աջակցող, որովհետեւ կային ազգային իղձ ու նպատակ: Սկսվեց ազատամարտը, մեծից փոքր գնում էին, Արցախը բոլորի ցավն էր: Այն դեպքում, երբ Հայաստանի բնակչության անգամ մեկ տոկոսն Արցախում չէր եղել, տեղն էլ չգիտեր: Այդ մարդկանց մեջ թասիբն էր խոսում, զուտ ազգային արժանապատվությունը, որովհետեւ ասում էին` այնտեղ հայեր են, հայկականություն է ու հայկական հող, եւ պիտի միանա մայր հայրենիքին, եւ միացման էինք գնում: Եվ այդ սերունդը հանկարծ վերածվում է մի սերնդի, որը քվե է տալիս, ծափահարում է մի մարդու, որն ասում է` գիտե՞ս, դու կենսաբանական զանգված ես, դու չունես հոգի, չունես միտք, դու պիտի ապրես այս սահմաններում եւ պիտի մտածես միայն սնվելու մասին:

– Եթե նայում ենք հասարակությանը, ապա զգալի մասը 88-ով անցած սերունդներն են, այն ժամանակվա երիտասարդներն այսօր միջին տարիքի են, միջին տարիքը տարեց է: Եվ հանկարծ ի՞նչ պատահեց:

– Համակարգ է փոխվել, արժեհամակարգ է փոխվել: Մեր բոլոր ողբերգությունները գալիս են արժեհամակարգի բացակայությունից: Տեսեք, թե որն է խնդիրը: Այս իշխանությունները, որոնց երազանքն էր ունենալ այսօրվա Հայաստանը, եւ այսօրվա հայը, սկսեցին դպրոց քանդելուց եւ պղծելուց` բարեփոխման անվան տակ տարբեր ծրագրեր ներդնելով: Եթե վատ բժիշկը կարող է սպանել մեկ-երկու բուժառուի, ապա վատ դասատուն սերունդներ է պղծում, ապականում, սպանում: Եվ սրանք կրթական մակարդակն աստիճանաբար իջեցրին ու մեր հասարակությանն արժեզրկեցին: Իսկ ինչո՞վ կրթվեց մեր հասարակությունը` «Կիսաբաց լուսամուտներով», Հայկո-Մկոյով, Դիանա Գրիգորյանի մատուցած անբարո սերիալներով եւ այլն: Այդ հասարակությունից ակնկալիքդ էլ ո՞րն է: Սրա համար եմ ասել եւ ասում` հայ ժողովրդի առաջին թշնամին թուրքը չէ, ռուսը չէ, եվրոպացին չէ, այլ 1991թ. հետո Հայաստանի կրթության եւ մշակույթի պատասխանատուներն են: Հայ ժողովրդի առաջին թշնամին իրենք են, հետո նոր՝ մյուսները: Որովհետեւ իրենք մեզնից, մեր պինդ ոսկորից սարքեցին այն խմորը, որը թուրքի եւ մյուսների ձեռքին դառնում է խաղալիք: Մեր էթնոմտածողությունն այնքան խոցելի է, որ մենք ունենք առնվազն 10 բանաձեւ՝ իրար արհամարհող, իրար ատող, հայհոյող ու պառակտող, բայց չունենք գոնե մեկը, որը մեզ միավորում է: Դուք Հայաստանում չեք գտնի գոնե մեկ գյուղ, որի բնակիչները որոշակի ընդգծված քամահրանք չունենան կողքի գյուղի նկատմամբ: Այսինքն, էն գլխից է դրված էդ պառակտիչ արժեհամակարգը, էլ ի՞նչ ենք սպասում, ակնկալում: Չունենք ընդհանրություններ, եւ մենք մեզ թշնամի ենք:

– Ո՞ր թվականից գրենք մեր պատմությունը՝ 1921-ի՞ց, 2018-ի՞ց: Նիկոլի կրծքին փակցված քարտեզի նպատակը միայն պատմականությունից հրաժարվե՞լ է, թե՞ ավելի խորքային հիմքեր ունի:

– Հիմքն է՝ առհասարակ հրաժարվել ինքնությունից: Եթե այսօր հային ստիպեն հրաժարվել Վանից, Մասիսից եւ էլ չգիտեմ ինչից, վաղն էլ ասելու են` դու քո հորից, պապից պիտի հրաժարվես, որ քեզ համար գոյություն չունի բացարձակապես որեւիցե հոգեւոր արժեք, դրա փոխարեն դու նյութականացված էակ ես: Իրենց նպատակը սա է, եւ զավեշտն այն է, որ հայը սիրով գնում է, վազում է հետեւներից:

– Տեսանք, որ Թուրքմենստանում Ալիեւի հետ Փաշինյանը գնաց Ադրբեջանի տաղավար, որտեղ ներկայացված էր «Ղարաբաղի տունը»: Սա պատմության նենգափոխո՞ւմ է, ստորաքարշությո՞ւն։ Կարող էր, չէ՞, մեր երկրի ղեկավարը գոնե չգնալ:

– Կպատկերացնե՞ս Ալիեւին կամ Էրդողանին Նիկոլի դերում: 1994թ. Ադրբեջանը շատ ավելի ծանր իրավիճակում էր, քան մենք ենք այսօր: Բայց Ադրբեջանում ոչ միայն չգտնվեց մի ղեկավար, որ Նիկոլ դառնար, այլեւ չգտնվեց գեթ մեկ ադրբեջանցի, որ իր իղձերից, երազանքից հաներ Արցախը: Նրանք ունեին իղձ, նպատակ, ի վերջո հասան նրան, որ ազգայնական արժեքներով սերունդ կրթեցին, որը մեզ հաղթեց: Իսկ Հայաստանում հայելաձեւ դրա հակառակ գործընթացն էր գնում, ազգայինը հետին պլան էր մղվում, Նժդեհը պետական մակարդակով ֆաշիստ էր հռչակվում: Արդյունքը պիտի լիներ այն, ինչը որ կա: Ցանկացած էթնոս իր մեջ ունի այն ներքին ուժը եւ ինքնապաշտպանական բնազդը, որ զարթնում է անհրաժեշտ պահին: Օրինակ, մեր մեջ զարթնեց 1918-ին, զարթնեց 1988-ին, բայց 2020-ին չզարթնեց: Այդ ինքնապաշտպանական բնազդն էլ է այսօր մեռած:

– Այնքան մեռած, որ Թուրքմենստանի մայրաքաղաքում մեր երկրի վարչապետը ադրբեջանական երգի հնչյունների տակ սրտիկ է ցույց տալիս, չգիտենք՝ Հայաստանի՞ն, թե՞ Ադրբեջանին:

– Խնդիրը վարչապետի մեջ չէ, ինքն իր գործը 100 տոկոսով եւ մի բան էլ ավելի կատարում է, խնդիրն իր հետեւորդ 100 հազարավոր հայերի մեջ է:

– Դուք, որպես պատմաբան, հնարավո՞ր եք համարում Ադրբեջանի այս հոխորտանքների եւ չհագեցող պահանջների պայմաններում կերտել խաղաղություն, թե՞ այսպես կապիտուլյացիա է լինում:

– Օսմանյան կայսրության իշխանության տակ բազմաթիվ ազգեր են ապրել՝ հայեր, հույներ, ասորիներ եւ այլն, բայց ապրել են իրենց ինքնությունից հեռու: Եվ ի՞նչ է նկարագրում 19-րդ դարի վերջի հայ իրականությունը, որ կարող էր գալ մի թուրքի լամուկ, կանգնել գյուղամիջում, ոտքը թափ տալ եւ ասել, որ քո ունեցվածքն իմն է, անգամ քո կինն է իմը, եւ հայը խաղաղ, անմռունչ, վախը մեջը, չհակադարձելով՝ հանդուրժեր դա: Դա էլ է խաղաղության տեսակ, բայց դա ստրկական խաղաղություն է:

– Երբ Սյունիքում ազերի դիվերսանտն ընտանիք է մտնում եւ գնդակահարում, դա էլ է խաղաղության տեսակ:

– Երբ այդ ահաբեկիչը Սյունիք էր մտել, փառք ու պատիվ այդ հայուհուն, որ դիմադրել էր, բայց տեսա՞ք, թե քանի հոգի էր այդ հայուհուն հայհոյում համացանցում: Հիմա ի՞նչ ասենք՝ թո՞ւրքն է մեղավոր, որ մենք այդպիսին ենք: Իհարկե՝ ոչ, մեղքը մեր մեջ է, Թումանյանն ասել է` ներսից ենք փչացած: Մենք շիտակ չենք կարող նայել մեր հոգու մեջ, մեր ինքնությանը, մեր պատմությանը, խնդիրը հենց դա է: Ինչո՞ւ եմ ես այդքան կռիվ տալիս հանրային հարթակում, ինչո՞ւ եմ շեշտը դնում մեր պատմության սեւ էջերի վրա, դավաճանությունների վրա, որ տեսնենք` ներսից ենք փչացած: Եթե դու այսօր` 21-րդ դարում, ունակ չես 1000 տարի առաջվա քո իսկությանը շիտակ նայելու, ուրեմն դու այսօր պիտի ստրուկ լինես, իսկ այսօրվա ստրուկը 1000 տարի առաջ է ծնվել: Նա մի օրում չծնվեց, նա ծնվեց այն ժամանակ, երբ աչք փակեց ինքն իր վրա, իր ինքնությունը չնկատեց, չհասկացավ, որ հիվանդ է: Եթե մեր հիվանդությունը չիմանանք, չենք բուժվի: Ես թուրքի հետ հարցուպատասխան չունեմ, ես անգամ Նիկոլի հետ հարցուպատասխան չունեմ, ինքը գործիք է, որն իր գործը շատ լավ անում է: Իմ խնդիրն այն հայն է, որ ծնում է Նիկոլ եւ նիկոլականություն: Իսկ ինչ վերաբերում է այդ թուրք ահաբեկչին, որպես նախկին զինվորական, ես հրաշալի գիտեմ եւ պատկերացնում եմ, թե ինչ է կատարվել, եւ նա պատահական մոլորված չէր: Մոլորված զինվորը տասնյակ կիլոմետրեր չի խորանում իր հակառակորդ պետության տարածքը, հետ է գնում: Ճիշտ քայլ կլիներ, որ թեկուզ հայ սահմանապահին անձնատուր լիներ, օդ կրակեր, ասեր` այստեղ եմ, մոլորվել եմ, անձնատուր եմ լինում: Սա դիվերսիա էր, կազմակերպված դիվերսիա թշնամու կողմից, որը կարող էր ունենալ մի քանի շերտ: Առաջինը․ ստուգել աչալրջությունը մեր սահմանապահների, զորքի մարտունակությունը սահմանին: Երկրորդը․ ստուգել ժողովրդի ռեակցիան, որ շատ ավելի կարեւոր է թշնամու համար: Մոլորյալ զինվորը չի գնում ուրիշի տանը կրակում՝ քնում է մի ծառի կամ խոտի դեզի տակ: Իսկ եթե ուզենար սպանել՝ կսպաներ: Իր խնդիրը սպանելը չէր, իր խնդիրը սադրելն էր եւ հասարակության ռեակցիան ստուգելը: Նա իր խնդիրը կատարել է եւ շատ ավելի մեծ խնդիր է լուծել: Եթե հոգնած էր, կգնար տանիքում կամ գյուղից դուրս կքներ, ոչ թե անկողնում` առոք-փառոք: Նա եկել էր հատուկ սադրելու եւ հանձնվելու:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Խաչատուր Սուքիասյանի որդին մասնակցում է աներոջ` Ծառուկյանի գործով նիստին

Խաչատուր Սուքիասյանի որդին մասնակցում է աներոջ` Ծառուկյանի գործով նիստին Thu, 15 Oct 2026 14:01:21 +0400…

15 րոպե ago

Լավ ա չի ասել՝ Պուտինն ա մեղավոր Շաքիի դեպքի համար

Լավ ա չի ասել՝ Պուտինն ա մեղավոր Շաքիի դեպքի համար Thu, 15 Oct 2026 14:00:44…

16 րոպե ago

Աբսուրդ է, քրգործ հարուցվել է տուժող կողմի՝ Գագիկ Ծառուկյանի հանդեպ… Քննարկելու բան չկա

Աբսուրդ է, քրգործ հարուցվել է տուժող կողմի՝ Գագիկ Ծառուկյանի հանդեպ... Քննարկելու բան չկա Thu, 15…

26 րոպե ago

Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռևս չլուծված հարցեր կան․ ԵԱՀԿ գործող նախագահ

Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռևս չլուծված հարցեր կան․ ԵԱՀԿ գործող նախագահ Thu, 15 Oct 2026…

50 րոպե ago

Թուրքիան գալիս է COP17-ին, իսկ Ադրբեջա՞նը․ ի՞նչ է հայտնի այս պահին

Թուրքիան գալիս է COP17-ին, իսկ Ադրբեջա՞նը․ ի՞նչ է հայտնի այս պահին Thu, 15 Oct 2026…

55 րոպե ago

Արթուր Դանիելյանը մեղադրվում է այն բանում, որ իր գրառումներով ստորացրել է Փաշինյանին․ Փաստաբան

Արթուր Դանիելյանը մեղադրվում է այն բանում, որ իր գրառումներով ստորացրել է Փաշինյանին․ Փաստաբան Thu, 15…

59 րոպե ago