Թուրքական կոնգլոմերատի ներսում «ընտանեկան տարաձայնություններ» են առաջացել
Thu, 15 Oct 2026 14:15:32 +0400
Այն, ինչ տեղի է ունենում Ադրբեջանի և Թուրքիայի միջև՝ այսպես կոչված «հիջաբային պատերազմի» համատեքստում, չի կարելի դիտարկել բացառապես կրոնական տեսանկյունից։ Նախևառաջ արձանագրենք. թուրք-ադրբեջանական հարաբերություններն ունեն ինստիտուցիոնալ բնույթ, իսկ դրանց հիմքում ընկած են մի քանի գործոններ։
Դրանցից առանցքայինը հետևյալն է. Ադրբեջանը դասական պետություն-մինյոն է, որը ստեղծվել է թուրքական սվինների օգնությամբ՝ XX դարասկզբին բրիտանական հատուկ ծառայությունների անմիջական ֆինանսավորմամբ։ Բավական է հիշել մեկ փաստ. «Ադրբեջան» կամ «ադրբեջանցի» ինքնանվանումը սկզբնական պատմական իմաստով էթնոնիմ չէ, այլ աշխարհաքաղաքական պիտակ, որը ժամանակին «փակցրին ճակատին»` տարբեր թյուրքական ցեղերի, որոնք մինչև 1920-ական թվականները հայտնի էին որպես անդրկովկասյան թաթարներ։ Ընդ որում, պարադոքսն այն է, որ «Ադրբեջան» անվանումն ունի իրանական, այսինքն՝ պարսկալեզու ծագում։ Սակայն վերադառնանք մեր օրեր։
Մենք տեսնում ենք, որ Թուրքիայի քաղաքական հովանավորյալը՝ Ադրբեջանը, որոշել է դուրս գալ իր աշխարհաքաղաքական «պապայի»՝ Թուրքիայի ստվերից և, ոգևորվելով Արցախի ժամանակավոր օկուպացիայով, իրեն պատկերացրել է որպես ինքնուրույն խաղացող։ Դրան նպաստում է նաև Իսրայելը, որn Ադրբեջանը դիտարկում է նախևառաջ որպես հակաիրանական հենակետ և, որքան էլ տարօրինակ է` թուրքական հակաիսրայելական ճնշումը զսպող լուրջ գործոն։
Մինչև վերջերս այն դասավորությունը, որի պայմաններում Թուրքիան հանդես էր գալիս որպես հակասեմական խաղացող, իսկ Ադրբեջանը՝ որպես պրոիսրայելական հենակետ, բավական արդյունավետ էր գործում։ Սակայն եկավ մի պահ, երբ Ալիևը որոշեց մոռանալ, թե ով է «ծնել» իր պետությունը, և փորձում է մի քիչ «թփրտալ» Թուրքիայի ուղղությամբ։ Առավել ևս, որ Իլհամին թվաց, թե ակտիվ սիրախաղ անելով ԱՄՆ-ի և Չինաստանի հետ՝ կկարողանա Էրդողանի «բեղերից քաշել»։ Էրդողանին դա չափազանց դուր չեկավ։ Հենց այստեղից էլ, ըստ էության, սկսվեց Թուրքիայի կողմից Ադրբեջանի դեմ տեղեկատվական հարձակումը։
Ալիևն իր հերթին փորձում է պատասխանել՝ իրեն ներկայացնելով որպես ուժեղ և ինքնուրույն առաջնորդ։ Սակայն ես համոզված եմ, որ ի վերջո թուրքերը նրան ցույց կտան իր տեղը։ Ինչո՞ւ։ Ամեն ինչ շատ պարզ է. Ադրբեջանը արհեստական կազմավորում է, որը ստեղծվել է Թուրքիայի անմիջական մասնակցությամբ, և առանց թուրքական շահերի սպասարկման այն նույնիսկ տեսականորեն չի կարող գոյատևել։ Սա փաստ է։
Թուրքերը թույլ տվեցին Իլհամին մի փոքր խաղալ ինքնուրույնություն, բայց, դատելով ամեն ինչից, նրանց դա արդեն ձանձրացրել է։ Հետևաբար, այս ամբողջ աղմուկը պետք է դիտարկել բացառապես որպես թուրքական կոնգլոմերատի ներսում ծագած «ընտանեկան տարաձայնություններ»։ Եւ ես համոզված եմ, որ իրավիճակը շատ շուտով կհանդարտվի, թուրքերը վերջնականապես ճնշում կգործադրեն ադրբեջանցիների վրա և ամեն ինչ կվերադարձնեն իր նախկին հուն։
Մեզ՝ հայերիս համար, այս հակամարտության ներկայիս դասավորությունը բացարձակապես հետաքրքրություն չի ներկայացնում, քանի որ թուրքերը և ադրբեջանցիները, ըստ էության, փոքրիկ «ընտանեկան» վեճ են սկսել։ Մեզ համար միանգամայն միևնույն է, թե ով կհաղթի այս «գորտի և օձի» պայքարում։
Իհարկե, եթե Հայաստանում լիներ հայամետ իշխանություն, հնարավոր կլիներ օգտվել Անկարայի և Բաքվի միջև հակասությունների սրումից և ստեղծված իրավիճակն օգտագործել մեր երկրի շահերից ելնելով։ Բայց, ցավոք, Հայաստանի ներկայիս իշխանությունները չեն տեսնում հայ ազգային շահերի պաշտպանության իմաստը։
Հետևաբար, նրանք անտարբեր են նաև այն դիվանագիտական հնարավորությունների հանդեպ, որոնք մեր առջև բացում է Թուրքիայի և Ադրբեջանի միջև այս փոքրիկ ընտանեկան «ռազբիրատը»:
Արման Աբովյան