Պետք չէ վախեցնել մարդկանց

Պետք չէ վախեցնել մարդկանց

Thu, 15 Oct 2026 18:15:06 +0400


Ադրբեջանում տեղի ունեցող բողոքի ցույցերի ֆոնին որոշ հայ վերլուծաբաններ կանխատեսումներ են անում, որ Ադրբեջանի իշխանությունը, հասարակության ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելու համար, կարող է նոր պատերազմ կամ առնվազն զինված ընդհարում հրահրել Հայաստանի հետ: Տրամաբանությունն այն է, որ հասարակությունները միավորվում են ընդդեմ արտաքին խնդիրների եւ թշնամու, ներքին խնդիրներն էլ մղվում են հետին պլան, եթե արտաքին թշնամու դեմ պայքարելու խնդիր է ծագում: Ինչ-որ իմաստով նման բան կա․ իհարկե, հասարակությունները երբեմն մի կողմ են դնում ներքին հակասությունները եւ միավորվում են՝ դրսի հետ կապված հարցերը լուծելու համար։ Բայց միշտ չէ, որ դա այդպես է, եւ շատ հաճախ դա նաեւ հակառակ էֆեկտն է ունենում:
Նախ՝ որպեսզի հասարակությունը միավորվի ընդդեմ արտաքին թշնամու, պետք է արտաքին թշնամու կողմից ագրեսիա լինի, պարզ ասած՝ Հայաստանը պետք է ինքը հարձակվի Ադրբեջանի վրա, որ Ադրբեջանի իշխանությունները կարողանան ասել՝ եկեք մի կողմ դնենք մեր ներքին խնդիրները եւ համախմբվենք, որ պաշտպանենք մեր երկիրը: Մինչեւ 2020 թվականի պատերազմը ադրբեջանական իշխանությունները հենց դա էլ անում էին, որովհետեւ երկրի միջազգային ճանաչված տարածքի մոտ 20 տոկոսը գտնվում էր Հայաստանի վերահսկողության տակ, եւ ցանկացած հակաիշխանական ցույց կամ գործողություն ներկայացվում էր որպես հայկական ագրեսորի ջրաղացին ջուր լցնելու փորձ, իսկ դրանց ճնշումը ներկայացվում էր որպես ազգային անվտանգության պաշտպանություն: Հիմա Հայաստանը ոչ միայն ագրեսոր չէ, այլեւ պարտված եւ թուլացած մի երկիր է, որի իշխանություններն իրենք են խաղաղություն աղերսում Ադրբեջանից: Պարտված եւ թուլացած Հայաստանին Ադրբեջանի իշխանությունները որեւէ կերպ չեն կարող ներկայացնել որպես ագրեսոր:

Ադրբեջանը կարող է ինքը հարձակվել Հայաստանի վրա եւ պատերազմ հրահրել, բայց դա չի կարող համախմբող էֆեկտ ունենալ: Ադրբեջանը նախորդ պատերազմից ունեցել է հազարավոր զոհեր, եւ հաղթանակը Ադրբեջանի շարքային քաղաքացուն ոչինչ չի տվել: Ընդհակառակը՝ մարդիկ հասկանում են, որ այդ հաղթանակի պտուղներից օգտվում են միայն իշխանության ամենաբարձր ներկայացուցիչները, որոնք բյուջետային հսկայական միջոցներ են օգտագործում գրաված տարածքների յուրացման եւ նոր սպառազինությունների վրա, որոնք օգտագործվում են անձնական հարստացման վրա, մինչդեռ հասարակության հիմնական մասն ապրում է իր չարքաշ կյանքով: Ադրբեջանցիները հասկանում են նաեւ, որ նույնիսկ հաղթանակից հետո Ադրբեջանը շարունակում է մնալ իսրայելական վասալ երկիր, որ իրենց երկրի քաղաքականությունն ուղղորդվում եւ թելադրվում է Իսրայելից, իրենք ոչ միայն համաիսլամական համերաշխության մասնակից չեն, այլեւ ընդհակառակը՝ պատասխանատու են հավատակից իսլամադավան եղբայրների եւ քույրերի ոչնչացման համար: Նոր պատերազմը կարող է ոչ միայն չհամախմբել այդ հասարակությանը, այլեւ ընդհակառակը՝ ավելի բորբոքել դժգոհությունը եւ ատելությունը ռեժիմի դեմ: Պատմության մեջ բազմաթիվ են դեպքերը, երբ հասարակության ներքին խնդիրներից շեղելու համար կազմակերպված պատերազմները հենց նման էֆեկտ են ունեցել՝ հանգեցնելով իշխող վերնախավի տապալմանը: Հիշեք թեկուզ օսմանյան, ավստրո-հունգարական եւ ռուսական կայսրությունների կործանումը:
Ինչո՞ւ չի կարելի պատերազմի սպառնալիքով վախեցնել հայ հասարակությանը: Նախ՝ դա իշխանությունների եւ նրանց սատելիտների զբաղմունքն է: Երբ նրանք են հայ հասարակությանը վախեցնում Ադրբեջանի կողմից հնարավոր հարձակմամբ եւ հասարակությանը հնազանդության քարոզ են անում, դա բացատրելի է, փաշինյանական իշխանությանը պետք է վախեցած եւ խեղճացած հասարակություն, այդպիսի հասարակությունը չի ըմբոստանա իր իրավունքների եւ արժանապատվության համար եւ ավելի կառավարելի է: Փաշինյանի քարոզը հետեւյալն է` մարդու համար կա երկու արժեք եւ կյանքի նպատակ՝ ապրելը եւ ուտելը, յուրաքանչյուր մարդու ձգտումը պետք է լինի հնարավորինս շատ ուտել եւ հնարավորինս երկար ապրել, դա է իր եւ իր աղանդի հիմնական գաղափարախոսությունը: Մարդկային մնացած բոլոր արժեքները եւ ձգտումները կա՛մ պետք է վերանան, կա՛մ ստորադասվեն ապրելուն եւ ուտելուն, այսինքն՝ անասնական բնազդին: Արժանապատվության, ինքնասիրության ձգտումը եւ դրանք պաշտպանելու կամքը վտանգում են շատ ուտելու եւ երկար ապրելու գերնպատակը:

Բայց երբ հասարակությանը հնարավոր պատերազմով, ադրբեջանական հնարավոր հարձակմամբ վախեցնում են ընդդիմադիր եւ հակաիշխանական հայացքներ ունեցողները, նրանք դրանով հասարակությանը որեւէ լավություն չեն անում: Նույնիսկ այն հիմնավորումը, որ դրանով հասարակությունը զգուշացվում է հնարավոր վտանգի մասին, հիմնավոր չէ: Ընդդիմության խնդիրը հասարակությանն ըմբոստության եւ դիմադրության կոչ անելն է, դրան նախապատրաստելը եւ կազմակերպելը: Առկա պայմաններում պատերազմի կամ դրա սպառնալիքի մասին խոսակցությունները որեւէ հանրային օգուտ չեն պարունակում, եթե չասենք՝ բխում են փաշինյանական իշխանության շահերից:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր

Նոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր Mon,…

11 րոպե ago

ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը բարելավվել են իրավիճակը Հրվ․Կովկասում

ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը բարելավվել են իրավիճակը Հրվ․Կովկասում Mon, 09 Nov 2026 12:30:24 +0400…

18 րոպե ago

«Հոկտեմբերի կեսերին հնարավոր էր դադարեցնել կոտորածը և խուսափել մեծաթիվ զոհերից»

«Հոկտեմբերի կեսերին հնարավոր էր դադարեցնել կոտորածը և խուսափել մեծաթիվ զոհերից» Mon, 09 Nov 2026 12:29:16…

19 րոպե ago

Դա կործանարար կլինի ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ հայ ժողովրդի համար

Դա կործանարար կլինի ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ հայ ժողովրդի համար Mon, 09 Nov 2026…

25 րոպե ago

Մեզ պետք չէր Փաշինյանը, որ Շուշիում տրնգի պարեց, հետո դժգույն անվանեց

Մեզ պետք չէր Փաշինյանը, որ Շուշիում տրնգի պարեց, հետո դժգույն անվանեց Mon, 09 Nov 2026…

30 րոպե ago

29-ամյա երիտասարդը ABC Media-ի նախկին աշխատակից էր

29-ամյա երիտասարդը ABC Media-ի նախկին աշխատակից էր Mon, 09 Nov 2026 12:16:35 +0400 Հայտնի է…

32 րոպե ago