Փաշինյանն էլ դարձավ «նախկին»
Fri, 16 Oct 2026 19:15:45 +0400
Ինչպես երևում է, Բաքվի բռնապետը բավարարված չէ փաշինյանական վարչապետությամբ: Առաջին անգամ դա դրսևորվել էր հոկտեմբերի սկզբին՝ երբ ասվել է, թե անհնար է բոլոր մեղքերը բարդել Հայաստանի նախկին ղեկավարների վրա: Եվ ՀՀ նախկինների հետ մեկտեղ մեղադրել է նաև գործող իշխանությանը: Թեև վերջինիս առումով ընդամենը շեշտվել է Ադրբեջանին տարածքային պահանջներ ներկայացրելը: Նաև հայտարարություններով ադրբեջանցիների արժանապատվությունը վիրավորելը: Ի դեպ, ճակատագրի ծաղր է, որ երբեմնի «դուխով» Նիկոլին արժանապատվության դաս է տալիս այդ օրերի նրա թշնամին: Ինչ մնում է նախկիններին, ապա նրանց տրվող բնորոշումը հայտնի է՝ չեմ կրկնում: Հույս ունեմ, որ մեր ժողովուրդը ոչ հեռավոր ապագայում կտեսնի, թե ինչպես է իր արժանի պատիժը ստանում իրական ռազմական հանցագործը:
Ինչևէ, պետք է, որ Փաշինյանի առումով ասվածն այլևս չկրկնվեր՝ եթե երկու երկրների միջև խաղաղություն է հաստատվում: Որովհետև խաղաղություն հաստատելը ենթադրում է ղեկավարների մակարդակով վստահության ամրապնդում: Սակայն երկու շաբաթ անց Բաքվի բռնապետն ավելի է կոշտացրել հռետորաբանությունը: «2018 թվականից ի վեր Հայաստանի ներկայիս ղեկավարությունը շարունակել է իր նախորդների հանցավոր քաղաքականությունը»,- ասել է նա: Եթե հոկտեմբերի սկզբում տարածքային պահանջը և արժանապատվության պահն առանձնացված էր «հանցագործ» բնորոշումից՝ տրված նախկիններին, ապա երկու շաբաթ անց այդ բնորոշումն արդեն վերաբերում է նաև Փաշինյանի կառավարմանը: Ինչով, ի դեպ, ինքն էլ դարձավ նախկին: Ու այդ հարվածը ինքը ստացավ այնտեղից, որտեղից բացարձակ չէր սպասում: Դա էլ նախկիններին թիրախավորելու ու սևացնելու՝ բումերանգի հետհարվածն էր:
Դա նշանակում է, որ աշնան առումով տրվել է ինչ-որ խոստում, իսկ աշունը կիսվել է, սակայն խոստումը չի կատարվել: Այն, որ կոշտացվել է Ադրբեջանից հնչող հռետորաբանությունը, վկայում է ակնկալիքների չարդարացման մասին: Իսկ այս փուլում, ինչպես հայտնի է, գլխավորը սահմանադրություն փոխելն է: Ի դեպ, մեկ-երկու օր առաջ մեզանում կիսատ-պռատ ասվեց, որ տարեվերջին պետք է այդ հարցը լուծվի: Չնայած սահմանադրություն նոր տեքստ մշակող հանձնաժողովի անդամ Իոաննիսյանը դրանից առաջ ասել էր, որ վաղուց նիստեր չեն կայանում: Քանի որ վերջինս, որպես ՀԿ-ական, իրեն մեկ-մեկ թույլ է տալիս ընդդիմադիր քայլեր կատարել, ենթադրաբար նրան այլևս չեն հրավիրում նիստերին: Կամ էլ ընդհանրապես կասեցվել է այդ հանձնաժողովի աշխատանքը: Եվ առանց աղմուկ հանելու սահմանադրության տեքստի մշակումը կատարվում է իշխանական առանձնասենյակներում: Միայն այդ դեպքում էր հնարավոր առանց նիստեր անելու գործը համարյա ավարտելը:
Իսկ թե ինչու է ուշանում նախագծի հրապարակումը՝ դժվար է ասել: Եթե, իհարկե, չենթադրենք, որ, «կիրթ ու կառուցողական» Իլհամի ասած, «հանցավոր» իշխանությանը պարտադրում են տեքստում ներառել այնպիսի դրույթներ, որ իրենք չէին ցանկանա: Օրինակ՝ երեք հարյուր հազար ադրբեջանցիների, այսպես կոչված, վերադարձի հնարավորությունը: Ի դեպ, մեր տարածաշրջանի վերջին քառասուն տարվա իրադարձությունները ներկայացնող՝ ռուսախոս յութուբյան տեսանյութերում հավասարության նշան է դրվում Ադրբեջանից մազապուրծ եղած մեր հայրենակիցների ու Հայաստանը լքած ադրբեջանցիների միջև: Կարծում եմ, որ նման նյութեր պատրատողներին վճարում են, իսկ վճարումը հենց այնպես չի կատարվում: Դա ևս անուղղակիրեն վկայում է, որ սահմանադրության նոր տեքստում ևս կարող է ներառվել այդ պահանջը:
Ինչպես տեսնում ենք, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի խաղաղասիրական ջանքերը գրվում են ավազի վրա: Ինքն ու իր ենթակաները «տեր են կանգնում խաղաղությանը» և նույնը հորդորում են կատարել հայաստանցիներին: Ինքն ու իր ենթակաները «փայփայում են խաղաղությունը», և դա այն աստիճան, որ խոստանում են չարձագանքել թշնամու կրակոցին, թեև դա նորություն չէ: Եվ նույնը հորդորում են կատարել Հայաստանի քաղաքացիներին՝ ինչպես, օրինակ, վերը նշված անձն էր խորհուրդ տալիս շաքեցի երեք երեխաների մորը: Բայց, ինչպես երևում է, դիմացը կանգնածը թքած ունի Նիկոլի փայփայած խաղաղության վրա: Նրա նպատակը ոչ թե խաղաղություն հաստատելն է, այլ առավելագույնը քաղելն այդ գործընթացից: Ինչը նորմալ է, քանի որ պատերազմում ինքն է հաղթել, ու չնայած հետպատերազմական շրջանի սկզբում հյուսիսից նրան խանգարել են ստանալ առավելագույնը, ինքն, այնուամենայնիվ, փորձում է ձեռք բերել իր «ստանալիքը»: Քանի դեռ Հայաստանի վարչապետի պաշտոնին է, մեր ժողովրդի ասած, «խեղճ հարիֆը»: