«Ձեռքս կկտրեմ, Հայաստանի քաղաքացու մի քվեաթերթիկի չեմ կպնի»

«Ձեռքս կկտրեմ, Հայաստանի քաղաքացու մի քվեաթերթիկի չեմ կպնի»

Thu, 22 Oct 2026 20:15:34 +0400


Հաշվի առնելով, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն աջլիկ է՝ ես անընդհատ հետևում եմ նրա ձախ ձեռքին: Որովհետև եթե աջլիկ մարդը տղամարդավարի հայտարարել էր, թե «ձեռքս կկտրեմ, Հայաստանի քաղաքացու մի քվեաթերթիկի չեմ կպնի», սակայն կպել էր մի քանի հազար թվեաթերթիկի, պետք է արդեն կտրած լիներ իր ձախ ձեռքը: Սակայն, ինչպես տեսնում ենք, նրա ձեռքին ոչինչ չի պատահել: Ու զարմանում եմ մեզ վրա, որ շատ ավելի մեղմ խոսքի դրժմանն ի պատասխան՝ այնպիսի բոլոլա սարքեցինք, որ մինչև հիմա տակից դուրս գալ չի ստացվում: Իսկ շատ ավելի ծանր, ինչպես նաև բազմաթիվ դրժումներին թեթև ենք նայում: Իսկապես որ, մերն ուրիշ է, և այդ ուրիշն էլ աննորմալ է՝ իսկը ծուռ հայելիների թագավորություն:

2018-ի գարնանային օրերին վարչապետ կարգվող անձը խոստանում էր, որ իր կառավարման օրոք երբեք թույլ չի տա ընտրակեղծարարություն: Բայց ընտրակեղծարարության մեխանիզմով ԱԺ-ն զրկեց չորրորդ խմբակցությունից: Այն կուսակցությունից, որ հիմնադրվել էր 2004-ին, իսկ 2007-ին անցել խորհրդարան՝ ստանալով քվեների 15.1 տոկոսը: Իսկ այնուհետև 2012-ի ու 2017-ի հերթական ընտրություններին ավելացրել էր իր ներկայացվածությունը խորհրդարանում: 2018-ի արտահերթ ընտրություններին հեղափոխական էյֆորիայի պատճառով միտումը նվազել էր: Սակայն դա չէր նշանակում, թե էյֆորիան անցնելուց հետո «Բարգավաճ Հայաստան»-ն այլև չէր հաղթահարելու անցողիկ շեմը: 2026-ի ընտրակեղծարարությունը հուշում է, որ դրա նման բան է տեղի ունեցել նաև 2021-ին: Ինչը, սակայն, ուշադրության չի արժանացել մեր հասարակության ընդդիմադիր հատվածի կողմից:

«Ձեռքս կկտրեմ, Հայաստանի քաղաքացու մի քվեաթերթիկի չեմ կպնի» հայտարարության հեղինակի անմիջական հրահանգով իրավապահ համակարգը շարունակում է «զարգացնել» հայաստանյան «ժողովրդավարությունը»: Անմիջական հրահանգով, քանի որ, նախ, ինքը ոչ միայն վարչապետ է, այլև ամբողջական կառավարություն: Երկորդ, Հայաստանում, իր ասելով, չի կարող լինել դատավոր, որ համարձակվի չկատարել վարչապետի հրահանգները: Այդ երկու գործոնի առկայության պայմաններում քանի գլխանի են ոստիկանությունը, քննչականները, ԱԱԾ-ն ու դատախազությունը, որ չենթարկվեն նրան: Ինչևէ, դա էլ պետք է հանգեցներ նրան, որ աչքի ընկնեին նաև համայնքային ընտրություններ: Եվ դրանք աչքի ընկան՝ կալանավորումներ, աշխատանքից ազատումներ, հոգեբանական ճնշումներ: Գործը հասավ նույնիսկ դիվան բաշուն, ու վերջինս երեք անգամ՝ բովանդակային տարբեր նրբերանգներով, «աջակցեց» ընդդիմադիր թեկնածուներին: Այսինքն, առաջարկեց գանգատվել իրեն, եթե իր տեղական մանկլավիկները խոչընդոտներ կհարուցեն ընտրական գործընթացում: Պատկերացնո՞ւմ եք՝ երկրի թիվ մեկ կամ գլխավոր ընտրակեղծարարը խոստանում է ընտրակեղծարարների դեմն առնել:

Այնինչ, իրենց ընտրական իրավունքի խոչընդոտմանը և բռնաճնշումների ենթարկվող բոլոր քաղաքացիներին բողոքի ակցիաներ կազմակերպելու կամ իրեն գանգատվելու կոչ անող վարչապետն աչքիս մոռացել է, որ ինքը վարչապետ է և ոչ թե ընդդիմադիր գործիչ: Որ դրանց հեղինակներին պատժել տալու փոխարեն մի հատ էլ ընդդիմադիր գործչի ֆունկցիա է վերցրել իր վրա: Բայց այդ կոչը միաժամանակ նշանակում է, որ եթե մարդիկ բողոքի ցույց չանեն (ո՞նց անեն՝ եթե ամեն համայնքում հազիվ մեկ տասնյակ նման մարդ լինի), կասի, որ «տեսա՞ք, սաղ սուտա, ոչ մի մարդ էլ նման բանի չի բախվում»: Ու հասարակության կիսագրագետ ու անուղեղ հատվածն էլ, բնականաբար, կհավատա նրան:

Անցնենք, սակայն, գրագետներին, ովքեր խայտառակ պարտությունից վեց տարի անց էլ շարունակում են աջակցել «խեղճ հարիֆի» (նրա «սիրելի» ժողովրդի ասելով) վերածված երբեմնի «դուխով» Նիկոլին: Այդ թվում հասարակական կազմակերպություններին (ՀԿ-ներին), որոնց անդամն ու աշխատակիցն էի ես շուրջ 17 տարի: Պատկերացնում եմ, թե ինչ աղմուկ-աղաղակ կբարձրացնեին հայաստանյան (և ոչ միայն հայաստանյան) ՀԿ-ները՝ եթե նախկինում որևէ համայնքի ավագանու ընտրություններից մի քանի օր առաջ կալանավորվեր որևէ ընդդիմադիր թեկնածու՝ այն էլ համայնքապետի: Ու եթե դա տեղի ունենար հատկապես Երևանում ընթացող միջազգային ինչ-որ միջոցառման ընթացքում, ապա քարոզչական արշավը կկրկնապատկվեր:

Դրան գումարենք արևմտյան երկրների դեսպանատների ու հենց միջոցառման արևմտյան մասնակիցների բարձրացվելիք վայնասունը: Իսկ այս օրերին համայնքապետի ընդդիմադիր թեկնածու և ավագանու անդամներ են կալանավորվում, բայց քանի որ Հայաստանի իշխանությունները նախկին չեն, այլ գործող, քաղաքական խաղադաշտում էլ պետք է որ խոր լռություն տիրեր: ՀԿ-ները ձայն չեն հանում, դեսպանատները ենթադրաբար «արձակուրդ» են գնացել, միջոցառման մասնակիցներն էլ՝ իրենց գործով զբաղված, բանից տեղյակ չեն: Սա հենց այժմեական «ժողովրդավարության» իրական դիմագիծն է: Իսկ ինձ նմանները շուրջ 20 տարի կռիվ էին տալիս, որպեսզի Հայաստանում հաստատվեր իրական ժողովրդավարություն: Պայքարում էին փողոցում ու սոցցանցում՝ չիմանալով, որ այն ունենալու է հենց այսպիսի տեսք: Մարդ քիչ է մնում կրկնի Մկրտիչ Արմենի հերոսի խոսքը. «Յա՜, ըպը կյանքս ընչի՞ անցավ․․․»:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Առաջին անգամ «Շամոնդի վիրուսով» մարդ է վարակվել

Առաջին անգամ «Շամոնդի վիրուսով» մարդ է վարակվել Thu, 22 Oct 2026 23:55:41 +0400 Ֆրանսիական իշխանությունները…

2 ժամ ago

50 Cent-ը պնդում է՝ P. Diddy-ին բանտից իրեն հուղարկավորության ծաղկեփունջ է ուղարկել

50 Cent-ը պնդում է՝ P. Diddy-ին բանտից իրեն հուղարկավորության ծաղկեփունջ է ուղարկել Thu, 22 Oct…

2 ժամ ago

Արագածում արդեն խորը ձմեռ է․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Արագածում արդեն խորը ձմեռ է․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Thu, 22 Oct 2026 23:34:47 +0400…

2 ժամ ago

Զոհված զինվորականների մասունքներ են փոխանակել

Զոհված զինվորականների մասունքներ են փոխանակել Thu, 22 Oct 2026 23:30:22 +0400 Ռուսական եւ Ուկրաինական կողմերը…

2 ժամ ago

Քեյթ Միդլթոնը «Դիսնեյի արքայադստեր» կերպարով ներկա է գտնվել Օմանի սուլթանի այցի պատվին կազմակերպված ընդունելությանը

Քեյթ Միդլթոնը «Դիսնեյի արքայադստեր» կերպարով ներկա է գտնվել Օմանի սուլթանի այցի պատվին կազմակերպված ընդունելությանը Thu,…

2 ժամ ago

Փաշինյանի հայտարարություն, TRIPP-ի նախագծման աշխատանքների մեկնարկ, Եկեղեցի՝ դատական գործեր․ Օրվա թոփ լուրերը

Փաշինյանի հայտարարություն, TRIPP-ի նախագծման աշխատանքների մեկնարկ, Եկեղեցի՝ դատական գործեր․ Օրվա թոփ լուրերը Thu, 22 Oct…

2 ժամ ago