«Հրապարակ»․ Ղեկավարը պիտի մտածի երկրի մասին, գիշերները չքնի, ոչ թե կատակներ անի, ձեռք առնի սրան-նրան

«Հրապարակ»․ Ղեկավարը պիտի մտածի երկրի մասին, գիշերները չքնի, ոչ թե կատակներ անի, ձեռք առնի սրան-նրան

Sat, 24 Oct 2026 11:45:58 +0400


Հարցազրույց գրող, ազատամարտիկ Հովիկ Վարդումյանի հետ

– Լույս է տեսել Ձեր բանաստեղծությունների ժողովածուն` «Երգ ապրողների համար» վերնագրով: Ի՞նչ բանաստեղծություններ են, եւ որո՞նք են հիմնական թեման ու ասելիքը:

– Այս գրքի հիմնական թեման ազգային մտածողությունն է: Իմ բոլոր գրքերում միայն ազգայինն է: Ես ինչ-որ անհատական, վերերկրային բաների մասին չեմ մտածում, ինչ ասում եմ, ինչ գրում եմ, կապված է միայն ազգայինի հետ: Իսկ այս գրքի բանաստեղծություններն անցյալ դարի 70-80-ականներին գրված գործեր են: Այն ժամանակ ես այնքան էլ հայրենասեր չէի, բայց բանաստեղծություններն էլի գնում են այդ ուղղությամբ, որ ինձ հետ է ծնվել, ինձնից անկախ: Ջահել տարիքում երկուսն էլ գրում էի` ե՛ւ արձակ, ե՛ւ չափածո, հիմնականում բանաստեղծություններ, բայց հետագայում արձակը հաղթեց, դարձավ տիրապետող, եւ պոեզիան ետ մնաց:

– Ինչո՞ւ «Երգ ապրողների համար», վերնագիրն ինչ-որ միտում ունի՞ իր մեջ:

– Վերնագրի միտումը ոչ թե ֆիզիկական իմաստով ապրողների համար է, այլ՝ հոգեւոր, այդ ապրումներն են: Հիմա էլ են բանաստեղծություններ գրում, բայց մարմնականից, նյութականից այն կողմ չեն կարողանում անցնել շատ ժամանակ: Իսկ պոեզիան պետք է դրանից վեր լինի, դրա համար էլ հենց այդ վերնագիրն եմ ընտրել:

– Արցախյան ազատամարտը շրջադարձային է եղել Ձեր կյանքում ե՛ւ որպես գրող, ե՛ւ որպես ազատամարտիկ: Կարո՞ղ ենք ասել, որ կարմիր թելի պես անցնում է Ձեր գրեթե բոլոր գրքերով:

– Իմ գրական ընթացքի մեջ արձակը որոշակի է դարձել 1994թ. հրադադարից հետո: Պատերազմի ընթացքում օրագիր էի պահում, իմ ուսապարկում՝ իրերիս մեջ մշտապես կային գրիչն ու ընդհանուր տետրը: Եվ մի քանի տետր գրառումներ եմ արել հենց մարտադաշտում, դադարների ժամանակ: Ամեն օր գրել եմ, թե ինչ ենք արել, ինչ է պատահել: Այդ օրագրերը հետո դարձան գրքեր, երբ պատերազմից, հրադադարից հետո վերադարձա տուն, եւ արդեն հնարավոր էր ստեղծագործել: Օրագրերն ինձ թելադրում էին. վեպ եմ գրել, վիպակներ եմ գրել, պատմվածքների ժողովածուներ եմ տպագրել: Եթե ուշադիր նայող լինի, ապա կզգա, որ իմ գրականության 70-80 տոկոսը պատերազմի թեման է շոշափում: Երբ 4-5 տարի եղել ես պատերազմի դաշտում (իհարկե` ընդհատումներով, 2 ամսով, 4 ամսով գնացել-եկել ենք), արդեն անցնում ես պատերազմի թեմայով գրելուն, որովհետեւ այնքան որոշիչ է դառնում, որ ինչ ուզում ես գրես, կապվում է դրա հետ:

– Այսօր Արցախում գեթ մեկ հայ չի մնացել: Դուք՝ որպես ազատամարտիկ եւ գրող, ինչպե՞ս եք վերաբերվում այդ իրողությանը:

– Այդ իրողությունն ինձ համար շատ ծանր է, ես նույնիսկ չեմ կարող ասել, թե ինչքան: Հիվանդագին ծանր է, երբ պատկերացնում եմ: Մարդը, որ առաջին անգամ գնում է պատերազմի դաշտ, նա չգիտի, թե ինչ է պատերազմը: Այդպիսի մարդիկ գալիս էին հազարներով, բայց առաջին գալուց հետո արդեն երկրորդ անգամ չէին գալիս, որովհետեւ ամեն րոպե կարող էին կյանքը կորցնել: Իսկ նորից եկողները նաեւ կորցնում էին: Եվ այդքան կորուստներից հետո, այդքան զոհեր տալուց հետո, մեր կյանքը նվիրելուց ու վիրավորվելուց հետո այսօր չունենք Արցախ: Մենք ապրում էինք նրանով, որ Արցախ ենք ազատագրել, իսկ կորցնելը ցավագին է, շատ ցավագին: Ես չգիտեմ, թե ազատամարտի ուրիշ մասնակիցներն ինչպես, բայց ես շատ ծանր եմ տարել եւ մինչեւ հիմա, այս պահին էլ որ հիշում, մտածում եմ այդ մասին, հոգեկան մեծ ցավ եմ ապրում: Այդքան արել ես, դրել ես, հրճվել ես, որ երկիր ես ազատագրել, եւ այսօր միանգամից դարձավ զրո… Անտանելի բան է:

– Մենք կարո՞ղ էինք Արցախը պահել, թե՞ դատապարտված էր կորստյան:

– Արցախը պահելու համար մենք 30 տարի պիտի աշխատեինք այնպես, ինչպես թուրքն էր աշխատում: Թուրքը զինվում էր, իսկ մենք այդ աստիճանի չէինք զինվում` իր հետ համեմատած: Ժողովուրդը տրամադրված չէր, այդ քաղաքականությունը չէր տարվում, մոռացել էինք պատերազմի մասին, պատրաստ չէինք: Եվ իշխանությունը փոխվելուց հետո նաեւ այդ երկփեղկվածությունը նպաստեց մեր պարտվելուն, բացի նրանից, որ Ադրբեջանը զինվել էր, իսկ մենք լավ չէինք զինված:

– Մեր վարչապետն ասում է, որ Արցախը թոկ էր մեր վզին, ազատվելով` ավելի ամրացանք ու անկախացանք, որ դառնում ենք ինքնիշխան, կարեւոր պետություն: Համաձա՞յն եք այդ մտքի հետ:

– Իհարկե՝ համաձայն չեմ, որովհետեւ դա ասելու բան չէ, որ ասում է: Ունեցածդ տաս ու կորցնես, որ իբր դրանից շահե՞ս։ Դա առնվազն հիմարություն է: Ունեցածդ պիտի պահես, այնքան խելք ու ուժ, կամք ունենաս, որ կարողանաս պահել, հետո մտածես ուրիշ բաների մասին:

– Ի՞նչ եք կարծում՝ Արցախը կորցնելուց հետո վտանգվա՞ծ է Սյունիքը, ամբողջ Հայաստանը, նույն ճակատագի՞րն է սպառնում մեզ այս ընթացքով: Չէ՞ որ մենք շարունակ տալիս ենք, զիջում ենք Ադրբեջանին:

– Եթե նման ձեւով շարունակվի, լավ վախճան չի ունենալու, արդեն պարզ չի՞: Պատկերացնո՞ւմ ես, թե ինչ էր Արցախ տալը, Արցախը ո՞նց կարելի էր տալ: Բայց մի կողմից էլ մտածում ես, որ ինքը հա՛մ պատրաստ չէր որպես ազգի առաջնորդ, ղեկավար, հա՛մ էլ թշնամին լավ զինվել էր, իսկ մենք` ոչ: Ինչ էլ ասեն, ես չեմ հավատում, ես աշխատել եմ այդ ժամանակ, տեսել եմ, թե ինչ ունեինք, ինչքան ունեինք: Եթե նույնիսկ հաղթում ես, պիտի այնպիսի քաղաքականություն վարես՝ ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին, որ կարողանաս պահել քո ետ բերածը: Իսկ այդ քաղաքականությունը չի եղել ոչ միայն այս վերջին «թագավորի» կողմից, այլեւ հենց սկզբից էլ չի եղել, լավ չեն արել, լավ չենք կազմակերպել: Դա էլ էր պատճառ, որովհետեւ մեր պարտության պատճառները մի քանիսն էին:

– Դուք ասացիք, որ պատրաստ չէր որպես ղեկավար՝ Փաշինյանի՞ն նկատի ունեիք, դա՞ էր Արցախը կորցնելու հիմնական պատճառը:

– Հա, իհարկե: Ինքը՝ այդ պաշտոնի մարդը, նաեւ գլխավոր հրամանատարն էր, իսկ գլխավոր հրամանատարը պիտի գաղափար ունենա բանակից, պատերազմից եւ ամեն ինչից: Ինքը չուներ այդ գաղափարը, ո՞նց կարող էր ղեկավարել: Եթե նա խելքը գլխին մարդ լիներ եւ հայրենասեր, մեկին պիտի վերցներ զինվորականներից, ասեր` արի ինձ տեղակալ, ու նրա միջոցով այդ բաներն աներ, ինչն ինքը չէր կարող անել:

– Ինչպե՞ս կբնորոշեք մեր կյանքի այս վերջին 8 տարին: Ինքնահաստատմա՞ն ժամանակ էր, ինչպես իշխանություններն են պնդում, թե՞ կորստի:

– Կորստի ժամանակ էր, ինչքան էլ ուզում են ասեն, թե այս ենք արել, այն ենք արել, որ հեքիաթներ են պատմում, միեւնույն է` կորստի շրջան էր: Հեչ որ չլինի` Արցախն այնքան մեծ կորուստ է, որ տեղը չես կարող ուրիշ բան դնես եւ ասես` գտել եմ. պիտի վերադարձնես, որ գտնես: Կորուստը շատ մեծ է, շատ, ահավոր: Եվ մենք հիմա պատրաստ էլ չենք, մեզ հիմա անընդհատ խաղաղության քարոզ են անում, ու էլ չգիտեմ, թե ինչ, որ, այ, այսպես ապահով է: Է հա, շատ լավ է, բայց մենք այնքան թույլ ենք հիմա, որ Ադրբեջանը երբ ուզենա հարձակվի` կհաղթի: Ես վստահ չեմ, չենք կարող, ինքը լավ զինված է ամեն ինչով: Պետք է աշխատել այդ ուղղությամբ, ոչ թե խոսել, հո միայն խոսելո՞վ չէ:

– Մենք դատապարտվա՞ծ ենք, արդյո՞ք կարող է այսօր մեզ այս վիճակից դուրս բերել պարտված, կապիտուլյացիա ստորագրած իշխանությունը:

– Եթե այս ընթացքով գնա, չի կարող: Իսկ եթե կարողանա փոխվել, մտածողությունը փոխվի, ազգային մոտեցումները փոխվեն, այսինքն` մարդը գիշերը չքնի, մտածի: Երկրի ղեկավարը չպիտի գնա՝ հանգիստ քնի, պիտի անընդհատ մտածի երկրի ապահովության մասին, ոչ թե կատակներ անի, ձեռք առնի սրան-նրան: Ես չեմ կարծում, որ մտածում են: Ասում են` ի՞նչ է եղել որ, թուրքը մեր ախպերն է: Թուրքը մեր ախպերը չի եղել եւ երբեք չի կարող լինել: Թուրքն ունի ծրագիր եւ իրականացնում է: Եթե պատերազմով չկարողանա, կանի այնպես, ինչպես արել է վրացիների հետ: Խաղաղ ճանապարհով Վրաստան լցվելով` տիրում է: Հիմա նույնն ուզում է մեզ հետ անի եւ քայլ առ քայլ գնում է դրան:

– Իսկ ինչո՞ւ է ազգային զարթոնք ապրած, ազատամարտ հաղթած ժողովուրդն այսօր լուռումունջ հաշտվում իր բոլոր կորուստների հետ:

– Ժողովուրդն էլ է հոգնում: 30 տարի անվերջ պայքարեց: Բացի դրանից, ժողովրդի 60-70 տոկոսը գաղափար չունի ո՛չ լավի, ո՛չ վատի մասին: Մտածում է իր հացի, իր ընտանիքի եւ իր համար: Եվ ինչ տեսակ իշխանություն աթոռի վրա նստած է, ժողովուրդը գնում է դրա կողմը: Կապ չունի՝ լավն է, վատն է, ժողովուրդը մի բան պոկելու, ապրելու համար գնում է էդ կողմը: Դա բնական է, եւ բոլոր ազգերի մեջ է այդպես, դա մարդկության հատկությունն է: Եթե փոխվի իշխանությունը, հայրենասեր, ազգասեր մեկը գա, ժողովուրդը գնալու է նրա հետեւից: Սա է, ժողովուրդը մեղք չունի:

– Իսկ ինչո՞ւ է մտավորականությունը լուռ ու հաշտվող, չէ՞ որ ժողովրդին կողմնորոշող ու առաջնորդող էլիտան է:

– Հոգնել է: Ես հիշում եմ, երբ այդ մտավորականությունը գալիս էր միտինգներին, մասնակցում էր, ակտիվ էր, բայց հոգնել են, որովհետեւ 30 տարի արդյունք չեն տեսել: Հույսը կորել է, հուսահատվել են: Բացի այդ, հետո եղել են պահեր, երբ ժողովուրդը մեծ զանգվածով դուրս է եկել, որ պիտի գնային, մի բան անեին, բայց առաջնորդողները չեն գնացել, չեն արել: Ժողովուրդն էլ է հիասթափվել: Ընդդիմությունը պիտի մի բան անի, բայց չի արել, այսօր էլ չի անում, մենակ խոսում են, իսկ միայն խոսելով հարց չի լուծվում: Փողոց էլ դուրս են գալիս, չգիտեմ, էս մարդն ամեն քայլի գնում է, ամեն ինչի ընդունակ է, ով էլ որ խոսում է, ինքը բռնում «կոխում» է էն տեղը, չէ՞: Քանի մարդու՝ անմեղ կամ կիսամեղավոր, որ խոսացել են կամ չգիտեմ ում կողմից են եղել, վերցրել, տարել-նստացրել է: Վրան մեղք կա, չկա` հաշիվ չէ, տանում դնում են էնտեղ. վտանգավոր է: Ինքը լավ աշխատում է:

– Այդ բռնությունն էլ աչքը վախեցնում է ե՛ւ մտավորականի, ե՛ւ մյուսի:

– Հա, բա ի՞նչ է անում: Մտավորականն էլ, ի՞նչ ասեմ, ես ուշադիր նայում եմ` ով ինչ է անում: Ասենք` դու խոսում ես քեզ տրամադրելով, պայքարի ձեւ է, չէ՞, ես իմ ձեւով եմ պայքարում: Բայց քանի՞ գրող այդ գաղափարն ունի, չկա՛ն, մեկ-մեկ խոսացող կա, այդքան բան, մնացածը մտածում է՝ իրենց գիրքը տպեն, էս անեն, էն անեն: Նույնն էլ ազգի մնացած մասն է, բոլորը դարձել են էդպես: Հոգնել են, հասկանո՞ւմ ես, հոգնել են: Էնքան պայքարեցինք` հարց չլուծվեց, հոգնել են: Իսկ ով որ չի հոգնում, նա կպայքարի մինչեւ վերջ, բայց դրանց թիվը քիչ է:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թուրքիան կշարունակի միջնորդական ջանքերը՝ հանուն խաղաղության. Էրդողան

Թուրքիան կշարունակի միջնորդական ջանքերը՝ հանուն խաղաղության. Էրդողան Sat, 24 Oct 2026 13:30:13 +0400 Թուրքիան շարունակելու…

21 րոպե ago

Բերման է ենթարկվել Եղեգնաձորի քաղաքային իշխանությունը

Բերման է ենթարկվել Եղեգնաձորի քաղաքային իշխանությունը Sat, 24 Oct 2026 13:29:44 +0400 Այսօր վաղ առավոտյան…

21 րոպե ago

«Տիրադավների» դատական պարտություններն ու «գեոպոլիտիկ գործոնը»

«Տիրադավների» դատական պարտություններն ու «գեոպոլիտիկ գործոնը» Sat, 24 Oct 2026 13:15:00 +0400 Արդեն երկու օր…

36 րոպե ago

Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանը

Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանը Sat, 24 Oct 2026 13:00:38 +0400…

50 րոպե ago

Երեք բժշկի մեղադրանք է առաջադրվել

Երեք բժշկի մեղադրանք է առաջադրվել Sat, 24 Oct 2026 12:45:36 +0400 Բժիշկների նկատմամբ հերթական քրեական…

1 ժամ ago

Անսպասելի պարտություն

Անսպասելի պարտություն Sat, 24 Oct 2026 12:37:54 +0400 Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գործող չեմպիոն Մալխաս…

1 ժամ ago