Իմ սերնդի Սովետական Հայաստանը եւ Սովետմիությունը

Իմ սերնդի Սովետական Հայաստանը եւ Սովետմիությունը

Sat, 24 Oct 2026 19:15:00 +0400


Այսօրվա երիտասարդների մի մասը կարծում է, թե Սովետական Միությունը նման էր Հյուսիսային Կորեային:
Իրոք, Ստալինի իշխանության օրոք մի որոշ ժամանակ հենց այդպես էլ եղել է: Բայց իմ սերնդի բախտը բերել է, եւ մենք ապրել ենք այնպիսի Սովետական Հայաստանում, որով կարելի էր հպարտանալ:

Հպարտ եւ հայրենասեր ժողովուրդ, զարգացած արդյունաբերություն, գիտություն, հարուստ մշակույթ ունեցող այդ բարգավաճ երկիրը, որը նկարագրված է հորս՝ Գեւորգ Էմինի «Յոթ երգ Հայաստանի մասին» գրքում, ցավոք, այլեւս գոյություն չունի: Արեւելյան Եվրոպայի պետությունների հետ մրցունակ այդ հանրապետությանը փոխարինելու է եկել երրորդ աշխարհի զարգացող երկրներին համարժեք մի պետություն, որի ղեկավարները չեն համարձակվում հակաճառել նույնիսկ տարածաշրջանի երկրների ղեկավարներին: Մինչդեռ Կարեն Դեմիրճյանը մերժում էր աշխարհի երկու գերտերություններից մեկի՝ Սովետմիության առաջնորդին, որն իր անմիջական ղեկավարն էր՝ չվախենալով զրկվել պաշտոնից: Այդպես եղավ, օրինակ, երբ Քաղբյուրոյի անդամ Հեյդար Ալիեւի խնդրանքով Մոսկվան պահանջեց Հայաստանից Ադրբեջանին փոխանցել Մեղրիի շրջանի՝ Իրանին սահմանակից տարածքը՝ այնտեղով Ադրբեջանը Նախիջեւանին կապող ավտոմոբիլային մայրուղի կառուցելու համար: Այդպես եղավ նաեւ այն ժամանակ, երբ 1978-ին ԽՍՀՄ հանրապետությունների նոր սահմանադրությունների ընդունումից առաջ Մոսկվան վերջիններից պահանջեց ռուսերենը դարձնել պետական լեզու: Բոլորը համաձայնեցին, Կարեն Դեմիրճյանի Հայաստանը հակաճառեց: Իսկ հպարտ եւ ըմբոստ վրացիները նույնիսկ պատասխանեցին զանգվածային ցույցերով: եւ … գերտերության ղեկավարներն ընկրկեցին:

ԻՄ ՍԵՐՆԴԻ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Հայաստանը Սովետմիության ամենաքիչ կոմունիստական եւ ամենաշատ բարեկեցիկ մասն էր: Վկայում եմ, որ 1970-80-ականներին Հայաստանում կենսամակարդակն ավելի բարձր էր, իսկ մատակարարումը՝ ավելի լավը, քան նույնիսկ Մոսկվայում եւ Լենինգրադում, որոնք համարվում էին բարձրագույն դասի քաղաքներ, գտնվում էին պետության հատուկ հոգածության ներքո, եւ նրանց պաշտոնական մատակարարումն ամենալավն էր: Իսկ ՍՍՀՄ-ում մատակարարումը շատ կարեւոր էր, որովհետեւ թե՛ լավորակ մթերքի, թե՛ որակյալ ապրանքների մեծ դեֆիցիտ կար: Այդ տարիներին մերձբալթյան հանրապետություններից տուրիստները գալիս էին Հայաստան, որպեսզի մթերք, նույնիսկ իրենց իսկ հանրապետություններում արտադրված ձկան պահածոներ գնեն եւ տանեն իրենց հետ: Իսկ մենք այդ պահածոներն արհամարհում էինք, քանի որ Երեւանում ազատ վաճառքում էր գտնվում դելիկատեսային «կարմիր» ձկնեղենը: Խանութներում վաճառում էին թարմ միս ու մսեղեն, ինչի անգամ սառեցվածը հեշտ չէր ճարել նույնիսկ Մոսկվայում: Իսկ Թաթարստանի նման հանրապետություններում դա էլ չկար, եւ նրանք պատմում էին, որ բորշչի մեջ մսի փոխարեն … կիլկա տեսակի ձուկ են դնում: Նախիջեւանից եկած ադրբեջանցիներն արկղերով կարագ էին գնում՝ տեղափոխում Ադրբեջան: Նույնիսկ Եվրոպայից, հատկապես Լեհաստանից եւ Ռումինիայից ժամանած տուրիստները Երեւանի փողոցներում վաճառում էին իրենց բերած շորեղենը, որպեսզի այստեղից ապրանքներ գնեն՝ տանեն: Անկախություն ստանալուց հետո Արեւելյան Եվրոպայի եւ մերձբալթյան երկրները, սակայն, սրընթաց առաջադիմեցին, մինչդեռ Հայաստանը սրընթաց հետադիմեց եւ հայտնվեց զարգացող ու աղքատ երկրների շարքում:
1976 թվականին եղբայրս՝ Վահան Էմինը, դասախոսում էր Մոսկվայի Արհմիութենական շարժման բարձրագույն դպրոցում (Высшая школа профсоюзного движения ВЦСПС): Այդտեղ ուսանում էին զարգացող երկրների արհմիութենական գործիչները: Ամռանն այդ ուսանողների մի խմբի Վահանն ուղեկցել էր Լենինգրադ, Կիեւ, Բաքու, Սոչի եւ վերջում՝ Երեւան՝ արտադրական պրակտիկայի անցկացման եւ Սովետմիության հետ ծանոթանալու համար: Հայաստանն այնքան էր դուր եկել խմբի հատկապես ազգությամբ արաբ անդամներին, որ նրանցից մի քանիսը դիմել էին եղբորս՝ խնդրելով օգնել Հայաստանում մնալու եւ աշխատելու հարցում: Ո՛չ Լենինգրադում, ո՛չ Կիեւում, ո՛չ Սոչիում եւ, առավել եւս՝ Բաքվում, նման ցանկություն նրանք չէին ունեցել:

Ո՞ՐՆ ԷՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ

Խրուշչովի՝ իշխանության գալուց հետո Սովետմիությունում թուլացրին գաղափարական այն մամլիչը, որը կիրառվում էր Կոմունիստական կուսակցության բարձրագույն ղեկավարության կողմից: Դա հատկապես զգացվում էր Հայաստանում: Իսկ Բրեժնեւի օրոք սկսեց ծաղկել կոռուպցիան: Կարեն Դեմիրճյանը եւ նրա թիմը, իմ կարծիքով, կարողացան կոռուպցիան օգտագործել ոչ միայն չինովնիկների, այլ նաեւ Հայաստանի եւ հայաստանցիների բարգավաճման համար: Ամեն ինչ, նաեւ պաշտոնները, նույնիսկ կոմունիստների կուսակցական անդամատոմսերը, առանց որոնց հնարավոր չէր լավ պաշտոն ստանալ, ունեին իրենց սակագները: Ստեղծվել էր ստվերային տնտեսություն, որը մուծվում էր «վերեւներին», իսկ վերջիններն այդ գումարների մի մասն օգտագործում էին Մոսկվայում գտնվող բարձրաստիճան չինովնիկներին կաշառելու համար: Եվ այն բարիքների մի մասը, որ ԽՍՀՄ Պետպլանը պետք է ուղարկեր այլ հանրապետություններ, ստանում էր Հայաստանը: Ըստ ամենայնի, իլհամալիեւյան Ադրբեջանն այսօր գործում է նման սխեմայով՝ օգտագործելով նավթի եւ գազի վաճառքից ստացվող եկամուտները: Բաքվում էլ է ստեղծվել ստվերային բյուջե, որն օգտագործվում է աշխարհի, միջազգային կազմակերպությունների եւ ՌԴ չինովնիկներին կաշառելու համար: Մինչդեռ Իլհամի հոր՝ Հեյդար Ալիեւի օրոք այդ գումարները հիմնականում նա օգտագործում էր սեփական կարիերայի եւ շահի համար: Օրինակ, Մոսկվային հաճոյանալու համար, Ռուսաստանից Ադրբեջանի վրա դրված պլանային մատակարարումներից բացի, նա ինքնակամ ստանձնել էր նաեւ Ռուսաստանի՝ Մորդովական Ինքնավար Հանրապետության ապահովումը:

Հայաստանյան կոռուպցիայից հայաստանցիները «շահում» էին, քանի որ, աշխատավարձից զատ, հավելյալ եկամուտներ ստանալու հնարավորություն ունեին, ինչը լիովին համապատասխանում էր սովետական շատ քաղաքացիների երազանքին, որոնց ամենապոպուլյար անեծքն այսպես էր հնչում. «Մնաս միայն աշխատավարձիդ հույսին»: Հայաստանցիները տնտեսապես շահում էին, բայց բարոյական նորմերի անկում եղավ, ինչը տեղի չունեցավ, ասենք, մերձբալթյան հանրապետություններում, որտեղ կոռուպցիան պրակտիկորեն բացակայում էր: Նաեւ դա էր նրանց հետխորհրդային ճիշտ քաղաքականության եւ հաջողությունների պատճառը: Բայց դե՝ այն օրերին ո՞վ կարող էր կանխատեսել, որ հզորագույն Սովետմիությունը կարող է փլուզվել: Դա անհնարին էր թվում: Այդպես է կարծել նաեւ Կարեն Դեմիրճյանը՝ այդ հայրենասեր ղեկավարը, որը տնտեսապես ծաղկեցրեց Խորհրդային Հայաստանը, ինչի շնորհիվ հայերը ԽՍՀՄ այլ հանրապետություններից եւ զարգացող երկրներից գալիս՝ բնակվում էին Հայաստանում:

Գրիգոր Էմին-Տերյան

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Առաջին անգամ մարդու մեջ ներարկել են ԱԲ օգնությամբ ստեղծված վիրուս․ հետեւանքները պահվում են գաղտնի

Առաջին անգամ մարդու մեջ ներարկել են ԱԲ օգնությամբ ստեղծված վիրուս․ հետեւանքները պահվում են գաղտնի Sat,…

14 րոպե ago

Ճապոնիայի վարչապետի խոստովանությունը ցնցել է հանրությանը

Ճապոնիայի վարչապետի խոստովանությունը ցնցել է հանրությանը Sat, 24 Oct 2026 22:15:47 +0400 Ճապոնիայի վարչապետ Սանաե…

28 րոպե ago

Դատավորը մերժեց «Հայրենիք»-ի թեկնածուի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդությունը

Դատավորը մերժեց «Հայրենիք»-ի թեկնածուի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդությունը Sat, 24 Oct 2026 21:59:17 +0400…

45 րոպե ago

Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի չեմպիոն

Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի չեմպիոն Sat, 24 Oct 2026 21:41:04 +0400 Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի…

1 ժամ ago

Փարիզում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև

Փարիզում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև Sat, 24 Oct 2026 21:30:40 +0400…

1 ժամ ago

Օղակը սեղմվում է, ժամկետը սպառվում է

Օղակը սեղմվում է, ժամկետը սպառվում է Sat, 24 Oct 2026 21:14:10 +0400 Արդեն քանի օր…

1 ժամ ago