Պիտի այս ամենը հետաձգել
Mon, 26 Oct 2026 12:50:55 +0400
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը կարծում է, որ ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելմանն ու տուժած անձանց պաշտպանությանը վերաբերող օրենսդրական փոփոխությունների փաթեթի ընդունման հարցում չպետք է շտապել։ Նրա խոսքով՝ Քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները կարող են խնդիրներ առաջացնել իրավական որոշակիության և համաչափության տեսանկյունից։
Այս մասին պատգամավորը հայտարարել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում՝ քննարկելով «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում և հարակից օրենսդրական ակտերում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագիծը։
Ղահրամանյանի խոսքով՝ նպատակահարմար կլինի հետաձգել փաթեթի ընդունման գործընթացը և նախապես ստանալ միջազգային մասնագիտական կառույցների խորհրդատվական եզրակացությունը, մասնավորապես՝ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը։
Որպես նման մոտեցման օրինակ՝ պատգամավորը հիշատակել է «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ իրենց խմբակցության նախաձեռնած օրինագծի մշակման աշխատանքները։ Նրա փոխանցմամբ՝ այդ գործընթացի ընթացքում իրենք հանդիպումներ են ունեցել Եվրամիության պատասխանատու մարմնի ներկայացուցիչների և դեսպանների հետ։
Մարիաննա Ղահրամանյանը նշել է, որ միջազգային փորձագիտական գնահատականը կարևոր է նաև իրավական հնարավոր ռիսկերը կանխելու համար։ Եթե Վենետիկի հանձնաժողովը Քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ որոշակիության խնդիր արձանագրի, դա, նրա գնահատմամբ, կարող է հարցականի տակ դնել դրանց սահմանադրականությունը։
Պատգամավորի խոսքով՝ առանց այդ հարցերը նախապես հստակեցնելու՝ օրենսդրական փոփոխությունները կարող են ոչ թե բարելավել իրավիճակը, այլ հանգեցնել հակառակ արդյունքի։