Հանրությունը դժգոհ է ընդդիմությունից, որ ձեզ չի հեռացնում

Հանրությունը դժգոհ է ընդդիմությունից, որ ձեզ չի հեռացնում

Wed, 28 Oct 2026 16:45:54 +0400


Ռուբինյանի տրամաբանությամբ՝ ընդդիմությունը «տրիգեր» է փնտրում, որ ՔՊ-ին իշխանությունից հեռացնի։
«Տրիգերը» քաղաքական համատեքստում նշանակում է դրդապատճառ, կայծ, առիթ, որը կարող է պայթեցնել ներքաղաքական իրավիճակը և զանգվածային բողոքի ալիք բարձրացնել։ Այսինքն՝ Ռուբինյանի ասածի իմաստն այն է, որ ընդդիմությունը հանրային բավարար աջակցություն չունի և իշխանափոխություն իրականացնելու համար «պատճառ է ման գալիս»։

Իշխանությունից հեռանալը ՔՊ-ի համար պարզապես պաշտոններ կորցնել չէ։ Դա իր համար քաղաքական մահ է՝ իր բոլոր հետևանքներով։ Թերևս հենց այդ գիտակցությամբ էլ Ռուբինյանը Ազգային ժողովի նախագահողի աթոռից պոռթկում է․ «Առա՛ հա, թե դուք կստանաք այդ տրիգերը… »։

Սա հայերենի ժարգոնային, փողոցային խոսքին բնորոշ ձևակերպում է։ Ազգային ժողովի նախագահի աթոռից նման բառապաշարի օգտագործումը ոչ միայն հարիր չէ բարձրաստիճան պաշտոնյային, այլև նվազեցնում է խորհրդարանի՝ որպես պետական բարձրագույն ներկայացուցչական մարմնի հեղինակությունը։ Բայց այդ մասին չեմ խոսելու, որովհետև խորհրդարանի հեղինակությունը նվազեցնելու հարցում Նիկոլ Փաշինյանն ու նրա զանգի-զրանգի թիմակիցներն այնքան հետևողական են եղել, որ դժվար է պատկերացնել՝ էլ ինչով կարելի է այն զարմացնել։ Ես այլ բանի մասին եմ խոսելու։

Իրո՞ք Ռուբինյանը կարծում է, թե ՔՊ-ին իշխանությունից հեռացնելու պատճառ չկա, և ընդդիմությանը պարզապես մի «տրիգեր» է պետք։ Իրո՞ք կարծում է, թե հանրությունը գոհ է իրենց վարած քաղաքականությունից։ Թե՞ այնքան են մեկուսացել իրականությունից, որ այլևս չեն տեսնում իրենց շուրջ կուտակված դժգոհությունը։

Մի՞թե պատճառները քիչ են։ Պե՞տք է թվարկել դրանք, դասակարգել, համարակալել, որ իշխանությունը հասկանա՝ իր հեռանալու համար անհրաժեշտ պատճառները։

Իշխանության գործունեությունը պետք է գնահատել ոչ թե այն հարցով, թե ընդդիմությունն ինչու դեռ չի կարողացել իշխանությանը հեռացնել, այլ այն հարցով, թե ինչու է նա շարունակում մնալ իշխանության՝ չնայած իր քաղաքականության հետևանքով առաջացած խնդիրներին ու կուտակված դժգոհությանը։

Ոչ թե ընդդիմությունը պիտի պատճառ փնտրի, որ ձեզ հեռացնի, այլ դուք պիտի հասկանաք, որ երկիրը վերջնական կործանման չտանելու համար իշխանությունից հեռանալն այլևս քաղաքական պատասխանատվության հարց է։
Եվ մի բան էլ, պարոն Ռուբինյան։

Դուք պատճառահետևանքային մի ամբողջ սարդոստայնի մեջ եք հայտնվել։ Ձեր իսկ քաղաքական որոշումներով ստեղծված պատճառները նորանոր հետևանքներ են ծնում, իսկ դուք, փոխանակ այդ շղթան կասեցնելու, փորձում եք մեղքը բարդել նրանց վրա, ովքեր դեռ չեն կարողացել ձեզ իշխանությունից հեռացնել։

Այդ սարդոստայնով էլ ավելի ու ավելի եք մեկուսանում հանրությունից՝ սեփական քաղաքական գնահատականները շփոթելով հանրային տրամադրությունների հետ։
Իսկ գուցե այստեղ ամեն ինչ մի փոքր ա՞յլ է։
Հանրությունը դժգոհ է ընդդիմությունից, որ ձեզ չի հեռացնում։

Սա է այն հակասությունը, որը ձեր տրամաբանությունը կարծես չի նկատում։ Հանրային դժգոհությունը պարտադիր չէ, որ ինքնաբերաբար վերածվի փողոցային պայքարի։ Մարդիկ կարող են դժգոհ լինել իշխանությունից, միաժամանակ հիասթափվել ընդդիմության գործողություններից, չվստահել նրա մարտավարությանը կամ չտեսնել իշխանափոխության հասնելու իրատեսական ճանապարհը։

Բայց դրանից չի հետևում, թե իշխանությունը հանրային աջակցություն ունի, իսկ ընդդիմությունը՝ հանրային պահանջ չունի։ Մի՛ շփոթեք ձեր իշխանության դեմ պայքարի դեռևս չհաջողված փորձը ձեր իշխանության հանդեպ հանրային գոհունակության հետ։
Ձեզ իշխանությունից հեռացնելու համար պատճառների պակաս չկա։ Պակասում է այդ պատճառները քաղաքական արդյունքի վերածելու կարողությունը։ Իշխանությունը կարող է չտեսնել իր դեմ կուտակված դժգոհությունը, կարող է չընդունել այն, կարող է նույնիսկ ծաղրել ընդդիմությանը։ Բայց դրանից դժգոհությունը չի անհետանում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Դպրոցականները ոտքի են ելել․ այս անգամ Գերմանիայում է

Դպրոցականները ոտքի են ելել․ այս անգամ Գերմանիայում է Thu, 29 Oct 2026 21:30:28 +0400 Գերմանացի…

3 րոպե ago

Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում

Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում Thu, 29 Oct 2026 21:27:46 +0400 Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 18։49-ին,…

6 րոպե ago

Վենսը փորձում է վերսկսել բանակցությունները Իրանի հետ

Վենսը փորձում է վերսկսել բանակցությունները Իրանի հետ Thu, 29 Oct 2026 21:23:33 +0400 ԱՄՆ փոխնախագահ…

10 րոպե ago

Այսօրվա կռվի հերոս Նարեկ Բաբայանը բանակում չի ծառայել

Այսօրվա կռվի հերոս Նարեկ Բաբայանը բանակում չի ծառայել Thu, 29 Oct 2026 21:15:06 +0400 ԱԺ…

18 րոպե ago

Նոր պատմական դրամա, որն արժե դիտել

Նոր պատմական դրամա, որն արժե դիտել Thu, 29 Oct 2026 21:00:17 +0400 Այսօր ռուսական կինովարձույթ…

33 րոպե ago

Օգնենք կարիքի մեջ գտնվող երեխաներին

Օգնենք կարիքի մեջ գտնվող երեխաներին Thu, 29 Oct 2026 20:50:43 +0400 Մինչ իշխանությունը վստահեցնում է,…

43 րոպե ago