«Հրապարակ». Նման ծրագրեր շատերի հետ է ԱՄՆ-ն ստորագրել, բայց ոչ մի երկիր մասնաբաժին չի տվել

«Հրապարակ». Նման ծրագրեր շատերի հետ է ԱՄՆ-ն ստորագրել, բայց ոչ մի երկիր մասնաբաժին չի տվել

Thu, 29 Oct 2026 13:45:18 +0400


Արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում էր՝ ԹՐԻՓՓ նախագծի քննարկման առիթով: Հայաստանի սուբյեկտայնության վրա ուղղակիորեն ազդող այս նախագծին, որքան էլ զրամանալի թվա, հատկացրել էին ընդամենը երկու ժամ, իսկ վերջում պարզվեց, որ Միրզոյանին հարցեր կարող են ուղղել ընդամենը 3 պատգամավոր, քանի որ ժամանակը սպառվել է: Սակայն ամենակարեւորն այն էր, որ իբրեւ հայ-ամերիկյան նախագիծ բնորոշվող ԹՐԻՓՓ-ի ներկայացումից հետո պարզ դարձավ, որ Ադրբեջանի երկու պահանջները կատարվել են՝ ադրբեջանցիները ՀՀ տարածքով անցնելիս որեւէ հայի դեմք չեն տեսնելու, որովհետեւ Ալիեւն է այդպես պահանջել, եւ անխոչընդոտ անցում կունենան, այսինքն, օրինակ, վտանգավոր թափոններ տեղափոխող ադրբեջանական ավտոմեքենան չի հսկվելու, ստուգվելու եւ այլն: Պարզ դարձավ նաեւ, որ, օրինակ, հայկական կողմից Նախիջեւանի ճանապարհից օգտվելու հարցում որեւէ կարգավորում չկա: Երբ հարցը վերաբերում է Հայաստանի կողմից Ադրբեջանի պահանջները կատարելուն, դա գործընթացի բաղկացուցիչ մասն է, բայց, այ, հայկական կողմի արտոնությունների մասին հարց բարձրացնելը, ըստ Միրզոյանի, օրակարգի շեղվել է նշանակում, դրա համար պետք է բանակցել Ադրբեջանի հետ:

Մեկ այլ բան էլ պարզ դարձավ, որ, անկախ խաղաղության պայմանագրի կնքումից կամ դրա բացակայությունից, ԹՐԻՓՓ-ը գործարկվելու է: Այսինքն, Ադրբեջանը կարող է տարատեսակ կապիտուլյացիոն պայմաններ առաջ քաշել՝ դենացիֆիկացիայի տրամաբանության ներքո, ու խաղաղության պայմանագրի կնքմամբ շանտաժի ենթարկել այս իշխանություններին, իսկ հայկական կողմը նույնիսկ «դուխ չի արել»՝ ադրբեջանական կողմին ստիպել, որ սկզբում խաղաղության համաձայնագիրը կնքվի: Իհարկե, Միրզոյանի ելույթն ու հայկական կողմի դիրքորոշումը ո՛չ զարմանալի էր, ո՛չ էլ նորություն, եւ ընդդիմությունը վաղուց է բարձրաձայնում այս ամենի մասին, բայց նույն Արարատ Միրզոյանն ու ՔՊ-ականները ծաղրանքով էին արձագանքում այդ դիտարկումներին:
Անվտանգության հարցերով փորձագետ, ԱՄՆ նախկին դիվանագետ Միքայել Դարբինյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ ԹՐԻՓՓ-ի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2028 ին: Այդ մասին Թուրքիայի «Փոլիթիք Արդահան» լրատվամիջոցը նույնիսկ ռեպորտաժ է պատրաստել: «Տեսանյութում հստակ ցուցադրված էին տարված ու տարվող աշխատանքները, ընդ որում` Նախիջեւանում երկաթգծի շինարարությունը սկսվել է 2025 թվականին, նախատեսվում է ավարտել 2028-ին։ Այս տեսանյութում հստակ երեւում է շինարարական աշխատանքներում Թուրքիայի ներգրավվածությունը: Ներկա էին թուրքերենով խոսող անձինք, որոնք, հավանաբար, աշխատանքները վերահսկող մասնագետներ են՝ չհաշված ԶԼՄ-ների ներկայացուցիչներին։ Բաքվի ներկայացուցիչը լրագրողների հետ Թուրքիայի թուրքերենով է խոսում, բայց տեղ-տեղ զգացվում են ադրբեջանական ակցենտն ու բառերը: Բաքվի ներկայացուցիչը խոսում է Ադրբեջանից Թուրքիա բեռնափոխադրումների մասին, այլ ոչ թե ընդհանուր առմամբ Միջին միջանցքի մաս կազմելու։ Թե՛ թուրքական լրատվամիջոցի ներկայացուցիչը, թե՛ ադրբեջանցի պաշտոնյան խոսում են «Զանգեզուրի միջանցքի» մասին, ԹՐԻՓՓ-ի մասին որեւէ հիշատակում չկա»,- ասում է Դարբինյանը:

Փորձագետը նշում է, որ այդ տեսանյութի մեսիջն այն էր, որ 2028-ին, ամենայն հավանականությամբ, ծրագիրն ավարտին չի հասցվի, քանի որ շինարարությունը նոր-նոր են սկսել, եւ Թուրքիան դրանում ներգրավվածություն ունի: Ավելին, թուրքերեն խոսողները աշխատանքն են վերահսկում, իսկ բուն աշխատանքներում ներգրավված են տեղացի ադրբեջանցիներ, բոլորը՝ տարեց տղամարդիկ: «ԹՐԻՓՓ-ից Հայաստանը ոչինչ չի շահում, այդ նախագիծը Հայաստանը վերածում է տրանզիտային երկրի: Սա շատ մեծ աշխարհաքաղաքական խաղ է, որովհետեւ նման ծրագրերը Թրամփի վարչակազմի ժամանակ անցած տարվանից կտրվել են՝ տրանզիտային տարածքների եւ հանքային ռեսուրսների համար: Նմանատիպ ծրագիր կա, որն ընդգրկում է Զամբիան, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունն ու Նամիբիան, որտեղ ԱՄՆ մասնավոր ընկերությունները պետք է արտոնություններ ունենան այս երկրների հանքերում գործունեություն իրականացնելու համար: Բայց մի մեծ «բայց» կա` այդ երկրներից որեւիցե մեկը ԱՄՆ կառավարությանը որեւիցե մասնաբաժին չի տվել, ինչպես դա արել է Հայաստանը: Նման ծրագրեր Ղազախստանի եւ Ուզբեկստանի հետ էլ է ԱՄՆ-ն ստորագրել` հանքագործունեություն իրականացնելու համար, բայց ԱՄՆ կառավարությանը չեն տվել որեւիցե մասնաբաժին այդ ծրագրերում: Մեկ այլ օրինակ բերեմ, Ֆիլիպինների Ագիլա նավահանգիստն ԱՄՆ-ին տվել են շահագործման՝ նաեւ ռազմական նպատակներով, սակայն Ֆիլիպիններն ԱՄՆ-ին մասնաբաժին չի տվել: Միայն Ուկրաինան է մտադիր ԱՄՆ-ին 50 տոկոս բաժնեմաս տալ՝ հանքարդյունաբերության զարգացման համար: Սրանից հետեւություն կարող ենք անել, որ ԱՄՆ-ի կողմից Հայաստանի մասով վստահություն չկա, որ ՀՀ կառավարությունը կկարողանա իրականացնել այս ծրագիրը, այդ իսկ պատճառով էլ մեծագույն մասը բաժնեմասի Միացյալ Նահանգներն է վերցրել՝ կառուցապատել, երրորդ երկրներից ընկերություններ բերել, շահագործել: Եվ ԱՄՆ ընկերությունները հարկերից ազատված են լինելու Հայաստանում»,- ասաց փորձագետը:

Մեծ հաշվով, ԹՐԻՓՓ-ի կյանքի կոչվելու դեպքում ունենալու ենք հետեւյալ պատկերը՝ Հայաստանի նկատմամբ վստահության տոտալ բացակայություն, Հայաստանի տարածքի օգտագործում` առանց ՀՀ-ի համար անվտանգության երաշխիքներ ապահովելու կամ Հայաստանի շահերի հետ հաշվի նստելու: «Սա կվնասի նաեւ Իրան-Հայաստան, ՌԴ-Հայաստան՝ առանց այդ էլ խնդրահարույց փոխհարաբերություններին: Իրանի համար Հայաստանը կդառնա անվստահելի գործընկեր եւ իր անմիջական սահմաններին իրենց համար թշնամական պետությանը ֆիզիկական ներկայության հնարավորություն տվող երկիր՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Եթե նայենք Իրանի հարեւան երկրներին, միակ երկիրը, որի հետ Իրանը շատ լավ հարաբերություններ ունի, Հայաստանն է: Պակիստանի հետ թեեւ առեւտրային հարաբերություններ կան, բայց հարաբերությունները հարցական են, նույնը` Աֆղանստանում։ Թուրքիայի հետ մրցակից են, Իրաքի հետ տատանվող հարաբերություններ են, ինչը պայմանավորված է Իրաքի կառավարության՝ ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ, եւ Ադրբեջանն էլ հատկապես 44-օրյա պատերազմից հետո Իրանի հանդեպ կասկածելի վստահություն ունեցող երկիր է դարձել»,- եզրափակեց Միքայել Դարբինյանը:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ձեզ հետ ստորագրված «Շուշիի հռչակագրի» շնորհիվ․․․երեսպաշտ Ալիևը դիմել է Էրդողանին

Ձեզ հետ ստորագրված «Շուշիի հռչակագրի» շնորհիվ․․․երեսպաշտ Ալիևը դիմել է Էրդողանին Thu, 29 Oct 2026 15:00:33…

2 րոպե ago

Ծովինար Վարդանյանը «զինում» է թիմակիցներին

Ծովինար Վարդանյանը «զինում» է թիմակիցներին Thu, 29 Oct 2026 14:59:43 +0400 Latest news from Հրապարակ…

3 րոպե ago

«Է՛լ իվան, է՛լ ռաշիդ… էլ հետո՞. թող իրանց լեզվին տեր եղնին». Գյումրու տոնից՝ քաղաքական սկանդալ

«Է՛լ իվան, է՛լ ռաշիդ... էլ հետո՞. թող իրանց լեզվին տեր եղնին». Գյումրու տոնից՝ քաղաքական սկանդալ…

17 րոպե ago

Երբ իրենց նորմալ չպահեն, դա լինելու է. ՔՊ-ական պատգամավորը` ծեծկռտուքի մասին

Երբ իրենց նորմալ չպահեն, դա լինելու է. ՔՊ-ական պատգամավորը` ծեծկռտուքի մասին Thu, 29 Oct 2026…

22 րոպե ago

ԱԺ-ում Հաշվեքննիչ պալատի անդամ են ընտրում

ԱԺ-ում Հաշվեքննիչ պալատի անդամ են ընտրում Thu, 29 Oct 2026 14:39:11 +0400 Latest news from…

23 րոպե ago

Նոր սկանդալ է հասունանում․ Մոսկվայի կոշտ արձագանքը Շիրակի մարզպետի խոսքերին

Նոր սկանդալ է հասունանում․ Մոսկվայի կոշտ արձագանքը Շիրակի մարզպետի խոսքերին Thu, 29 Oct 2026 14:31:54…

30 րոպե ago