Բոլոր դատավորների գործերը կան Datalex-ում, իսկ Սաֆարյանինը՝ ոչ. ո՞րն է պատճառը

Բոլոր դատավորների գործերը կան Datalex-ում, իսկ Սաֆարյանինը՝ ոչ. ո՞րն է պատճառը

Fri, 30 Oct 2026 12:00:49 +0400


​«Հրապարակի» զրուցակիցն է իրավապաշտպան Ռուզան Ադանալյանը, որի որդու սպանության 12 տարին լրացավ, իսկ գործի քննությունը դեռ չի ավարտվել։

Տիկին Ադանալյանի համոզմամբ՝ հենց դատական համակարգն է նպաստում քրեական գործերի վաղեմության ժամկետների սպառմանը. ​«Եթե նախկինում դա կարող էր վերաբերել թեթև կամ միջին ծանրության հանցագործություններին, ապա ներկայումս այս միտումը տարածվել է նաև ծանր և առանձապես ծանր հանցագործությունների տիրույթում՝ առաջացնելով իրավական և հանրային անվտանգության լրջագույն խնդիրներ։ Դատական նիստերի անհարկի ձգձգումները փաստացի հանգեցնում են նրան, որ բազմաթիվ քրեական վարույթներով սպառվեն օրենքով սահմանված վաղեմության ժամկետները, և հանցանք գործած անձանց ազատեն քրեական պատասխանատվությունից»,- նշում է իրավապաշտպանը՝ հավելելով, որ ձևավորված արատավոր այս պրակտիկան ոչ միայն խաթարում է պատժի անխուսափելիության սկզբունքը, այլև դատական համակարգը վերածում է քրեական պատասխանատվությունից ազատող լեգիտիմ գործիքի։

​Խոսելով սեփական փորձի մասին՝ Ռուզան Ադանալյանն ընդգծում է, որ սրանք տեսական դատողություններ կամ սոսկ վիճակագրություն չեն, այլ դառը իրականություն, որի միջով իրենք անցնում են ուղիղ 12 տարի. ​«Որդուս՝ Արտյոմ Ադանալյանի սպանության գործը Շիրակի մարզի դատարանում է, և սա մի գործընթաց է, որը բացառապես միտված է վաղեմության ժամկետները սպառելուն։ 12 տարին քրեական դատավարությամբ սահմանված ողջամիտ ժամկետների բոլոր հնարավոր սահմանների խախտում է. սա ոչ թե ուշացած, այլ մերժված արդարադատություն է։ Խոսքը թեթև կամ միջին ծանրության դեպքի մասին չէ, որտեղ տարիների ընթացքում հանրային վտանգավորությունը կարող է նվազել, առանձնապես ծանր հանցագործության մասին է։ Ամենարսարսափելին հենց այն է, որ համակարգը թույլ է տալիս նույնիսկ նման գործերով ժամկետներ «մաշել»»։

Նրա խոսքով՝ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Սաֆարյանի նախագահությամբ դատական նիստերի բազմաթիվ հետաձգումների շղթան ողջամիտ կասկածներ է հարուցում՝ պնդելու, որ առկա է քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետները սպառելու հատուկ միտում։

​«Չնայած այն հանգամանքին, որ համակարգում չեն գործում հսկող և վերահսկող մեխանիզմները, այնուհանդերձ հարց եմ ուղղում դատական համակարգի բարձրագույն ատյաններին. եթե առանձնապես ծանր հանցագործության դեպքը կարող է 12 տարի մնալ դատարանի դարակներում միայն նրա համար, որ լրանան վաղեմության ժամկետները, ապա ո՞րն է դատարանի առաքելությունը՝ պաշտպանելու տուժողի իրավունքները, և որտե՞ղ է այստեղ պետության դերն ու պատժի անխուսափելիությունը»,- ասում է տիկին Ադանալյանը։

​Զրուցակիցը մատնանշում է նաև մեկ այլ ուշագրավ հանգամանք. համակարգը ոչ միայն ձգձգում է գործը, այլև գործի քննության ճանապարհին կիրառում է տեղեկատվական բլոկադա՝ վերահսկողությունից խուսափելու համար. ​««Datalex» դատական տեղեկատվական կայքը ստեղծված է դատավարության թափանցիկությունն ապահովելու համար, որպեսզի հետաքրքրված ցանկացած քաղաքացի տեսնի նիստերի օրն ու ժամը։ Սակայն Արտյոմ Ադանալյանի գործով դատավոր Հովհաննես Սաֆարյանի աշխատակազմը 2024 թվականի դեկտեմբեր ամսից մինչ օրս՝ արդեն երկու տարի, ուղղակի չի լրացնում տվյալ բաժինը, որի անմիջական պատասխանատվությունը կրում է դատավորը»։

​Իրավապաշտպանը պատմում է, որ երբ ամիսներ առաջ փորձել է պարզել պատճառը, ստացել է աբսուրդային պատասխաններ. Դատական դեպարտամենտն արդարանում է, թե տեխնիկական խնդիրներ կան, պայմանագիր ունեն «ՄԵՅՍԻՍ ԻՆՖՈՐՄԵՅՇՆ ՍԻՍՏԵՄՍ» ընկերության հետ և գրություն են ուղարկել՝ անհապաղ միջոցներ ձեռնարկելու պահանջով։ Նշված ընկերությունն էլ դեռ ապրիլից պատասխանում է, թե «աշխատանքներ են տարվում»։ Մինչդեռ պետությունն ընկերության հետ պայմանագիր է կնքել դեռևս 2026 թվականի մարտի 06-ին, բայց մինչև օրս ոչինչ չի կարգավորվել։

​«Այժմ ամենակարևորը. եթե խնդիրը համակարգային է, այդ ինչպե՞ս է ստացվում, որ նույն դատարանի մյուս բոլոր դատավորների նիստերը կանոնավոր լրացվում են, իսկ հենց Հ. Սաֆարյանի մոտ՝ ոչ։ Սա տեխնիկական խնդիր չէ, սա կոնկրետ իմ դեմ և իմ որդու գործով կիրառվող մանիպուլյացիա է։ Ես ունեմ հիմնավոր կասկածներ, որ սա արվում է միտումնավոր՝ որպեսզի չկարողանանք տեսնել տվյալ դատավորի օրական ծանրաբեռնվածությունը, չկարողանանք ստուգել՝ իրո՞ք այլ նիստեր ունի, թե՞ մեր նիստերը հետաձգվում են սուտ պատճառաբանություններով (այն դեպքում, երբ այսօր նիստերի մեծ մասն անցկացվում են գրավոր ընթացակարգով)։ Սա կրկին վերահաստատում է, որ սա ընդամենը արհեստականորեն վաղեմության ժամկետները սպառելու գործիքակազմ է»,- ընդգծում է տիկին Ադանալյանը։

Նա նաև հիշեցնում է, որ դատական համակարգի արատավոր այս գործելաոճի մասին ամենաբարձր մակարդակով արդեն հայտնել է երկրի ղեկավարը։ Վերջերս, անդրադառնալով Գագիկ Խաչատրյանի գործին, վարչապետ Փաշինյանն ուղղակիորեն հայտարարեց, որ «դատարանները լկտիաբար հետաձգում են նիստերը»։

«Հարց է առաջանում. եթե երկրի վարչապետն է տեսնում և բարձրաձայնում դատարանների լկտի գործելաոճը, ապա ինչո՞ւ ոչ մի քայլ չի ձեռնարկվում։ Շիրակի մարզի դատարանում արդեն 12 տարի է, ինչ տեղի է ունենում հենց այդ նույն լկտիությունը, երբ նիստերը հետաձգվում են, տվյալներն էլ թաքցվում Datalex-ից։ Այստեղ պետության պարտականությունը սոսկ ձևի համար բարձրաձայնելն ու անհետևանք թողնելը չէ, այլ հետևողականորեն գործուն միջոցներ ձեռնարկելը, որպեսզի լկտիաբար չվատնվեն ու չսպառվեն քրեական գործերի վաղեմության ժամկետները»,- շեշտում է զրուցակիցը։

Ամփոփելով խոսքը՝ Ռուզան Ադանալյանը նշում է. ​«Արդարադատությունը չի կարող 12 տարի ուշանալ, և ակնհայտ է, որ սա համակարգային հանցագործություն է։ Նման գործելաոճի մղումներով տարված յուրաքանչյուր դատավոր ոչ միայն իրավական, այլ նաև բարոյական առումով պետք է առաջին հերթին իրեն հաշիվ տա և գիտակցի, որ ի վերջո քարե դարում չենք ապրում։ Թե ինչի՞ դիմաց է լկտիաբար հետաձգում դատական նիստերը, իմ խորին համոզմամբ՝ հայտնի է բոլորիս, և դա գին ունի»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ուկրաինան Լիբիայում հարվածել է ռուսական նավին․ վիրավորներ կան

Ուկրաինան Լիբիայում հարվածել է ռուսական նավին․ վիրավորներ կան Mon, 23 Nov 2026 10:00:05 +0400 Լիբիայի…

11 րոպե ago

Մահացել է Գրիգորի Գաբրիելյանցը

Մահացել է Գրիգորի Գաբրիելյանցը Mon, 23 Nov 2026 09:45:22 +0400 Մահացել է ականավոր գիտնական, պետական…

26 րոպե ago

Իրանին նոր հարվածներ հասցնելու մտքից չի հրաժարվում

Իրանին նոր հարվածներ հասցնելու մտքից չի հրաժարվում Mon, 23 Nov 2026 09:30:58 +0400 ԱՄՆ նախագահ…

40 րոպե ago

Հրապարակվել է նոր Սահմանադրության նախագիծը

Հրապարակվել է նոր Սահմանադրության նախագիծը Mon, 23 Nov 2026 09:15:30 +0400 Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր…

56 րոպե ago

Առաջին անգամ Մերկուրի մոլորակը կուսումնասիրեն երկու արբանյակների օգնությամբ

Առաջին անգամ Մերկուրի մոլորակը կուսումնասիրեն երկու արբանյակների օգնությամբ Sun, 22 Nov 2026 23:45:13 +0400 BepiColombo…

10 ժամ ago

Քվեարկել են Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու օգտին

Քվեարկել են Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու օգտին Sun, 22 Nov 2026 23:36:13 +0400 Անգլիայի…

11 ժամ ago