«Հրապարակ»․ Միջատների պաշտպանությունն ավելի՞ կարեւոր է, քան արցախցիների հարցը

«Հրապարակ»․ Միջատների պաշտպանությունն ավելի՞ կարեւոր է, քան արցախցիների հարցը

Sat, 31 Oct 2026 10:15:29 +0400


ՀՀ իշխանությունները թույլ չեն տվել արցախյան հասարակական կազմակերպություններին՝ սեփական տաղավարով ներկայանալ COP17 գագաթնաժողովի կանաչ գոտում։ Հոկտեմբերի 29-ին արցախցիների խնդիրներին նվիրված քննարկման ժամանակ Արցախի նախկին պետնախարար, «Արցախի միություն» ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյանը պատմեց, որ դիմել են ու մերժում ստացել՝ առանց որեւէ հիմնավորման, եւ դա բացատրվում է Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությամբ` Արցախի ուրացման ու Ադրբեջանի հանցագործությունների լեգիտիմացման ուղղությամբ։ Իսկ COP-ը՝ ՄԱԿ-ի կենսաբազմազանության հարցերով հայտնի համաժողովը, մարդկությանը հուզող խնդիրների քննարկման հարթակ է: Եվ քանի որ ժողովուրդները նույնպես կենսաբազմազանության մաս են կազմում, ուստի, արցախցիներն ուզում էին իրենց իրավունքների վերականգնման հարցը բարձրացնել համաժողովում, ներկայացնել օկուպացիայի ընթացքում Արցախի նկատմամբ Ադրբեջանի իրագործած ցեղասպանական գործողությունները։

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն այս թեմայով ասում է. «COP17-ի շրջանակներում անցկացվող միջոցառումները սովորաբար այն բանի համար են, որ որոշ երկրներ կենսաբազմազանության քողի ներքո քաղաքական, դիվանագիտական, ինչպես նաեւ՝ հումանիտար հարցերի կարգավորումներ ունենան: Սա հրաշալի հնարավորություն էր մեզ համար՝ մի շարք կարեւոր հարցեր բարձրացնելու, եթե անգամ օրվա իշխանությունը վախվորած է, չի ցանկանում արցախցիների իրավունքների հետ կապված քաղաքական գնահատականներ հնչեցնել: Կարեւոր հնարավորություն էր հումանիտար խնդիրների մասին, այդ թվում` հայ ռազմագերիների հարցը բարձրաձայնելու: Մշակութային ժառանգության ոչնչացման խնդիրները նույնպես շատ կարեւոր են, ի վերջո` կարելի էր եւ պետք է խոսվեր մեր իրավունքների մասին: Այս իշխանությունը սարսափում է խոսել մեր իրավունքների մասին, այդ պարագայում կարող էին հենց արցախցիներին խոսքի հնարավորություն տալ: Մեր հասարակական ակտիվը, Արցախի հանրային խորհուրդը բավականին ակտիվ են: Նրանք կարող էին տարբեր հարցեր բարձրացնել, առանց որեւէ քաղաքական կոնտեքստի: Այդ ամենի խոչընդոտը, բնականաբար, ՀՀ իշխանություններն էին: Օրինակ` Քենիայի ներկայացուցիչը, որն աշխարհում ճանաչված քաղաքական գործիչ է, ինձ նամակ գրեց, եւ մենք հանդիպեցինք, շատ կարճ ժամանակում ես պատմել եմ մեզ հետ կատարվածը` փաստերով, ցույց եմ տվել տեսանյութեր, նկարներ եւ այլն` 2023-ից, պատմեցի մեր հայ ռազմագերիների մասին, թե ինչպես են խոշտանգվում նրանք, խոսել եմ մեր մշակութային ժառանգության ոչնչացման մասին, ներկայացնելով ապացույցներ: Ասեմ, որ նա տեղյակ չէր այդ ամենից: Հավատացեք, կարճ ժամանակ անց նա ցանկություն հայտնեց այցելել Արցախի ներկայացուցչություն, տեղում ծանոթացավ, եւ մարդը լրիվ այլ տպավորություններով լքեց Հայաստանի Հանրապետությունը՝ խոստանալով, որ անպայման խոսելու է, բարձրաձայնելու է այս հարցերի մասին: Եթե ես միայնակ կարողացել եմ դա անել, պատկերացրեք, եթե դա արվեր իշխանության կողմից կամ նրանց աջակցությամբ: Գոնե չխոչընդոտեն, մենք մեծ արդյունքների կարող ենք հասնել: Անկախ Ադրբեջանի լկտի կեցվածքից ու քայլերից, մենք կարող ենք ճշմարտությունը ներկայացնելով աշխարհին` հասնել որոշակի արդյունքների: Ադրբեջանը խեղաթյուրում է իրականությունը, իսկ ՀՀ իշխանությունը նրանց աջակցում է այդ հարցում: COP17-ը կենսաբազմազանության մասին է, մի՞թե Արցախից բռնի տեղահանված ժողովուրդն արժեքավոր մասնիկ չէ աշխարհի համար: Մի՞թե միջատների պաշտպանությունն ավելի կարեւոր է, քան արցախցիների հումանիտար խնդիրների մասին խոսելը»:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

61 կարատանոց զմրուխտներ․ Քիմ Քարդաշյանը կրել է Էլիզաբեթ Թեյլորի վզնոցը

61 կարատանոց զմրուխտներ․ Քիմ Քարդաշյանը կրել է Էլիզաբեթ Թեյլորի վզնոցը Mon, 02 Nov 2026 23:36:11…

7 ժամ ago

Զախարովան կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը

Զախարովան կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը Mon, 02 Nov 2026 23:30:56 +0400 Անհրաժեշտ է…

7 ժամ ago

Ռիհաննան և Ֆրենսիս Քյուրքջյանը բացահայտում են նոր J’adore Intense օծանելիքի նոտաները

Ռիհաննան և Ֆրենսիս Քյուրքջյանը բացահայտում են նոր J’adore Intense օծանելիքի նոտաները Mon, 02 Nov 2026…

7 ժամ ago

Երևանի քաղաքապետարանում կաշառքի դեպքեր, չվերթերի սահմանափակումներ․ օրվա թոփ լուրերը

Երևանի քաղաքապետարանում կաշառքի դեպքեր, չվերթերի սահմանափակումներ․ օրվա թոփ լուրերը Mon, 02 Nov 2026 23:23:33 +0400…

7 ժամ ago

Նիկոլը բոլորից լավ գիտի, որ պարտվել է

Նիկոլը բոլորից լավ գիտի, որ պարտվել է Mon, 02 Nov 2026 23:15:12 +0400 2026 թվականին…

8 ժամ ago

Նորից բախումների, քաղաքացիական պատերազմի վտանգը կախել է երկրի գլխին

Նորից բախումների, քաղաքացիական պատերազմի վտանգը կախել է երկրի գլխին Mon, 02 Nov 2026 23:09:39 +0400…

8 ժամ ago