«Հրապարակ»․ Ահաբեկչությունից 27 տարի անց ԱԺ-ն քննարկում էր Մեղրիով միջանցք տալու հարցը

«Հրապարակ»․ Ահաբեկչությունից 27 տարի անց ԱԺ-ն քննարկում էր Մեղրիով միջանցք տալու հարցը

Sat, 31 Oct 2026 11:15:24 +0400


ԹՐԻՓՓ նախագիծը կարող է գործարկվել նաեւ մինչեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրումը․ հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հարցին։ Խորհրդարանն այդ օրը քննարկում էր Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (TRIPP) նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը վավերացնելու հարցը։ Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքից Աննա Գրիգորյանը հայտարարեց, որ դեմ են քվեարկելու ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ համաձայնագրին: Խորհրդարանական մյուս ընդդիմադիր ուժը՝ «Ուժեղ Հայաստանը» եւս խիստ քննադատում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (TRIPP) նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը: Քննարկման ընթացքում Կարապետյանը հետաքրքրվել է՝ հնարավո՞ր է ԹՐԻՓՓ-ը գործարկել մինչեւ խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Միրզոյանը պատասխանել է՝ այո, եւ հիշեցրել, որ պայմանագիրն արդեն նախաստորագրված է, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը հրապարակավ հանձնառություն են ստանձնել։ Նախարարի խոսքով՝ ԹՐԻՓՓ-ի գործարկման համար անհրաժեշտ պայմանը խաղաղությունն է, որը, իր գնահատմամբ, արդեն հաստատված է։ «Մենք ունենք հաստատված խաղաղություն, իսկ գուցե ԹՐԻՓՓ-ը լինի եւ մոտեցնի՞ խաղաղությունը»,- ասել է Միրզոյանը՝ հավելելով. «Որպես իրողություն՝ պայմանը, միջավայրը, որ պետք է լինի, որպեսզի ԹՐԻՓՓ-ը գործարկվի, կա․ դրա անունն է խաղաղություն»։

Նարեկ Կարապետյանը կասկածի տակ է դրել, որ ԹՐԻՓՓ-ի գործարկումից հետո Ադրբեջանը կբացի նաեւ Հայաստանի համար նախատեսված ճանապարհները։ Ընդդիմադիր պատգամավորը հարցրել է՝ եթե Բաքուն նախագծի միջոցով արդեն ապահովի Նախիջեւանի հետ կապը, ի՞նչ շահագրգռվածություն կունենա՝ կատարելու մյուս պայմանավորվածությունները։ «Ձեր հայացքն աշխարհագրորեն կիսատ է, ԹՐԻՓՓ-ը հո առանձնացված չի՞ գործելու»,- հակադարձել է Միրզոյանը՝ շեշտելով, որ նախագծի իրականացման երաշխիքը դրա փոխշահավետությունն է Հայաստանի, Ադրբեջանի եւ երրորդ երկրների համար։

Երբ հետաքրքրվել են փոխադարձելիությունից, եւ արդյո՞ք նույն ուղին գործելու է նաեւ Հայաստանի համար, արտգործնախարարն ասել է․ «Հնարավոր չէ, որ Ադրբեջանը բեռ տեղափոխի Նախիջեւան, եւ հնարավոր չլինի Հայաստանի համար այդ նույն շարժը»։ Քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանը, մեզ հետ զրույցում խոսելով այս թեմայի մասին, նկատում է. «Կառավարության հետ հարցուպատասխանը, որը տեղի ունեցավ ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ միջազգային համաձայնագրերի վավերացումից հետո, ցույց տվեց հետեւյալը, որ ինչպես ես, Դուք եւ մյուսները շատ բան չգիտենք ԹՐԻՓՓ-ի մասին, օրինակ, թե ինչ կոնֆիգուրացիայով է դա տեղի ունենալու, ինչ կոորդինատներով, որ հատվածով է այն անցնելու, ինչ կոմունիկացիաներ են լինելու, ով է վերահսկելու այն եւ այլն։ Այս բոլոր հարցերի պատասխանները չունեն նաեւ ՀՀ իշխանությունները։ Ինչո՞ւ՝ որովհետեւ, հավանաբար, նրանց իսկապես որոշ հարցերի վերաբերյալ չեն էլ տեղեկացրել: Տպավորությունն առնվազն այդպիսին էր, հատկապես եթե ուշադիր լսենք Վահե Հովհաննիսյանի (ֆինանսների նախարար) եւ Մհեր Գրիգորյանի (փոխվարչապետ) պատասխանները, որոնք վերաբերում էին «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներին, առնվազն կարող ենք դա եզրակացնել: Կոնցեպտուալ առումով մենք տեսանք հետեւյալը․ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի հանցագործությունից, ահաբեկչությունից ուղիղ 27 տարի անց՝ 2026 թվականի հոկտեմբերի 27-ին, այն քաղաքական ուժերի ժառանգորդները, ովքեր պնդում էին, թե Մեղրին հանձնվում էր 1999 թվականին, եւ Վազգեն Սարգսյանն էլ դեմ էր դրան, ու այդ պատճառով նա սպանվեց, խորհրդարան բերեցին մի նախագիծ, ըստ որի` Մեղրիի հարակից տարածքով թշնամուն միջանցք են տալիս: Երբ Արցախն անկում էր ապրում, իշխանությունն ասում էր՝ դե ճիշտ է՝ վատ է, որ այսպես է, բայց եթե չկա Արցախ, չկա Լաչինի միջանցք, ուրեմն չի կարող լինել Զանգեզուրի հարց: Այս կոնֆիգուրացիայի մեջ իսկապես չկա Արցախը, իսկ Զանգեզուրի միջանցքն էլ կոչում են ԹՐԻՓՓ: Արարատ Միրզոյանից մենք իմացանք, որ Ադրբեջանն ուզում է ստանալ միջանցք եւ կստանա այդ միջանցքը, սակայն անգամ չի ուզում իր վրա հավելյալ պարտավորություն վերցնել, նույնիսկ թուղթ ստորագրել խաղաղության մասին: Դա էլ իր հերթին նշանակում է, որ մենք հերթական զիջմանն ենք գնում՝ առանց որեւիցե բան ստանալու: Իշխանությունն այս ամենը փորձում է այլ լույսի ներքո ներկայացնել՝ ընդդիմության հարցերը մանիպուլացնելով, իսկ դրան հաջորդեց հինգշաբթի օրվա խորհրդարանի ծեծկռտուքը, որը հանգեցրեց նրան, որ մարդիկ ԹՐԻՓՓ-ի վտանգավոր զարգացումների մասին խոսելու փոխարեն խոսում են այն մասին, թե ում քիթումռութը ջարդեցին եւ ում քիթումռութը, ցավոք, չջարդեցին»:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանական հակամարտությունը չի ձգձգվի․ համոզված է Վենսը

Իրանական հակամարտությունը չի ձգձգվի․ համոզված է Վենսը Sat, 31 Oct 2026 12:30:44 +0400 ԱՄՆ նախագահ…

6 րոպե ago

«Հրապարակ»․ Կարող են պացիենտի պատկերացումներն այլ լինել, եւ ես մերժեմ վիրահատել

«Հրապարակ»․ Կարող են պացիենտի պատկերացումներն այլ լինել, եւ ես մերժեմ վիրահատել Sat, 31 Oct 2026…

20 րոպե ago

Արցախահայությանը օգնելուց հրաժարվելը քաղաքականություն չէ․ Journal de Dimanche

Արցախահայությանը օգնելուց հրաժարվելը քաղաքականություն չէ․ Journal de Dimanche Sat, 31 Oct 2026 12:00:46 +0400 Ֆրանսիական…

36 րոպե ago

«Հրապարակ»․ Ընտանեկան բռնության շուրջ մեծ աղմուկ է բարձրացել, քանի որ Աննա Հակոբյանն է նախաձեռնողը

«Հրապարակ»․ Ընտանեկան բռնության շուրջ մեծ աղմուկ է բարձրացել, քանի որ Աննա Հակոբյանն է նախաձեռնողը Sat,…

51 րոպե ago

Իրանին ռմբակոծելն օրերի հարց է

Իրանին ռմբակոծելն օրերի հարց է Sat, 31 Oct 2026 11:30:28 +0400 ԱՄՆ-ն կարող է վերսկսել…

1 ժամ ago

Հրավիրել է Հռոմի Պապին Ադրբեջան

Հրավիրել է Հռոմի Պապին Ադրբեջան Sat, 31 Oct 2026 11:00:55 +0400 Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ներկայումս…

2 ժամ ago