Հայ գործարարի կնոջն ու դստերը սպանողին ցմահ ազատազրկում տվեցին
Tue, 03 Nov 2026 13:30:32 +0400
Մոսկվայի քաղաքային դատարանը ցմահ բանտարկության է դատապարտել Ալեքսեյ Մելնիչուկին՝ հայազգի գործարար Խորեն Ղազարյանի մանկահասակ դստեր եւ կնոջ դաժան սպանության համար։ Դեպքը կատարվել է 2015 թվականի փետրվար ամսին։ Մելնիչուկը պատիժը կկրի հատուկ ռեժիմի քրեակատարողական հիմնարկում։ Մելնիչուկը, ըստ գործի նյութերի, կարողացել է ներխուժել Ղազարյանների բնակարան, որը գտնվում էր Մոսկվայի Շաբոլովկայի շրջանում՝ կողոպուտի նպատակով։ Երբ տանտիրուհին հայտնաբերել է նրան, նա հարձակվել է կնոջ վրա եւ դանակի ոչ պակաս, քան քսաներկու հարված է հասցրել նրան։ Ապա սպանել է Ղազարյանների մանկահասակ դստերը։ Դրանից հետո՝ գողացել է 568 հազար ռուբլու չափ գումար եւ դիմել փախուստի։
Հանցագործությունը բացահայտել հնարավոր է եղել միայն 2025 թվականին։ Մինչ այդ, սպանության կատարման մեջ սխալմամբ կասկածվել է Խորեն Ղազարյանը, ով տնային կալանքի տակ է անցկացրել մոտ երկուս ու կես տարի։ Դատարանում Մելնիչուկը ընդունել է մեղքը եւ ներում խնդրել։