Ոստիկաններն ասել են, թող գնա` բողոքը հետ վերցնի, թե չէ վատ կլինի
Tue, 03 Nov 2026 16:15:22 +0400
«Ինչ կուզեմ, կանեմ, կարաս գնաս բողոքես, հազիվ էլ բողոքես, մենք շատով ենք, դու մենակ», – տաքսիստ Էմիլը վրդովված պատմում է, թե ինչպես է ոստիկանը սպառնացել իրեն, ապա իր ավտոմեքենան` առանց որևէ հիմքի տարել տուգանային հրապարակ: Էմիլը «Հրապարակի» հետ զրույցում պատմում է, որ արդեն 30 տարի է տաքսի է վարում, գրեթե ողջ օրը կենտրոն վարչական շրջանում է` Օպերայի տարածքում:
Այս տարիներին որևէ ոստիկան չի արգելել մեքենան կայանել այնտեղ. «Մոտեցան ինձ, առանց որևէ պատճառի Մաշտոցի պողոտայից իմ մեքենան տարել են տուգանային հրապարակ: Ձեռքերը «ջեբերը» դրած ոստիկանն ինձ պնդեց, որ մեքենաս անթույլատրելի տեղում եմ կանգնեցրել, բայց տեսախցիկներ կան, եթե ես սխալ տեղում եմ կայանել, տեսախցիկը նկարել է: Տեսնելով, որ ոստիկանը դրան էլ չի տիրապետում ես նրան բացատրեցի այդ ամենը, բայց նա կանչեց քարշակ, և ավտոմեքենաս տարան: Ասում եմ` պարոն ոստիկան, էս ի՞նչ եք անում, ասում ա` ինչ անում եմ, լավ եմ անում: Ոստիկանի անունը չգիտեմ, թե չէ դա էլ կասեի: Կամերան պահում են ու քաղաքացիների հետ փողոցային բառապաշարով են խոսում: Խուլիգանի պահվածք` ուրիշ ոչինչ: Ասում եմ` պարոն ոստիկան, սխալ տեղում եք ձեր մեքենան կայանել, ձեզ համար նախատեսված առանձին տեղ կա կայանելու, ասում ա` որդե կուզեմ կկայնեմ, դու ինձի մի ասա որդե կայնեմ: Ժամեր անց ոստիկաններ եկան, ինձ ասացին, քանի որ երկուսդ էլ ճիշտ եք` կարաք գնաք ձեր մեքենան հանեք, բայց քարշակի գումարը դուք պիտի վճարեք, ես խի՞ պիտի մուծեմ: Քարշակ են կանչել, ե՞ս պիտի մուծեմ դրա գումարը, սենց բան ո՞վ էր տեսել: Էս մարդիկ մարդկանց տուգանելու համար են աշխատում, դա էլ քիչ է, քարշակի փողն էլ են մարդկանցից պահանջում` 25 հազար դրամ: Ես բողոք եմ ներկայացրել, հարևաններս պատմեցին, որ ոստիկանները ասել են, թող գնա բողոքը հետ վերցնի, թե չէ վատ կլինի»: