Այս գիշերն էլ անիմաստ անցավ Արարատ Միրզոյանի համար
Tue, 03 Nov 2026 18:45:55 +0400
Ադրբեջանի եւ Թուրքիայի հարաբերությունները շարունակում են լարված մնալ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չմասնակցեց հոկտեմբերի 29-30-ը Անկարայում անցկացված Թուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) 13-րդ գագաթնաժողովին: Ուշագրավն այն էր, որ կազմակերպությունում նախագահում էր հենց Ադրբեջանը եւ Անկարայում Ադրբեջանը պետք է նախագահությունը փոխանցեր Թուրքիային, եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ անձամբ էր Ալիեւին հրավիրել՝ մասնակցելու միջոցառմանը։ Ալիեւի մամուլի ծառայությունն այս որոշումը բացատրել է պետության ղեկավարի աշխատանքային խիտ գրաֆիկով, Ալիեւն այդ օրը ինչ-որ ֆուտբոլային մրցանակներ է հանձնել՝ դրանով ավելի ընդգծելով, որ մրցանակ հանձնելն իր համար ավելի կարեւոր է, քան Թուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովը: Ադրբեջանի եւ Թուրքիայի հարաբերությունների վատթարացումը խաղ է, թե կա իրական խզում, երբ կամ ինչպես կզարգանան հարաբերությունները, դժվար է ասել: Մեզ հետաքրքրում է այլ բան:
Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերությունների վատթարացման մասին տեղյակ են նաեւ Հայաստանի իշխանությունները, ոչ միայն տեղյակ են, այլեւ դրա վրա հեռուն գնացող հաշվարկներ են անում: Օրինակ, Արարատ Միրզոյանը վերջերս հայտարարում էր, որ կարող է մի օր արթնանանք եւ իմանանք, որ Թուրքիան բացել է Հայաստանի հետ սահմանը: Նման լավատեսական հայտարարություններով հանդես եկավ նաեւ Միրզոյանի վերադասը` Նիկոլ Փաշինյանը: Սրանց լավատեսության հիմքը հետեւյալն է. մինչեւ հիմա Թուրքիան փակ էր պահում հայ-թուրքական սահմանը Ադրբեջանի պահանջով: Ադրբեջանը ցանկանում էր Հայաստանին զրկել հաղորդակցության ուղիներից, որ դրանով հասնի Հայաստանի տնտեսության թուլացմանը եւ հյուծմանը, որի դեպքում ավելի հեշտ կլինի կոտրել Հայաստանին, վերահսկողություն հաստատել Հայաստանի նկատմամբ: Փաշինյան-միրզոյանների տրամաբանությամբ, հիմա, երբ ադրբեջանաթուրքական հարաբերությունները լարվել են, կարելի է ասել՝ մի քիչ էլ թշնամական են դարձել, Թուրքիան կարող է բացել Հայաստանի հետ սահմանը՝ դրանով պատժելով Ադրբեջանին, այսպես ասած՝ Ադրբեջանի ինադու:
Եթե Թուրքիայում իշխանության ղեկին լինեին Փաշինյանի եւ Միրզոյանի խելքի տեր մարդիկ, հնարավոր է՝ ամեն ինչ հենց այդպես էլ լիներ: Բայց քանի որ միայն Հայաստանում է, որ իշխանության են Փաշինյանի եւ Միրզոյանի խելքի տեր մարդիկ, նման բան ոչ միայն տեղի չի ունենա, այլեւ նման կերպ մտածելը մանկամտություն է: Թուրքիան 33 տարի շարունակ`1993 թվականից սկսած, փակ է պահում սահմանը եւ փորձում է դրանով հյուծել Հայաստանը ոչ միայն Ադրբեջանի համար, թեեւ փորձում է այդպես ներկայացնել՝ թշնամության պատասխանատվությունը թողնելով Ադրբեջանի վրա: Թուրքիան՝ ինքը, ամենաշատն է ցանկանում Հայաստանի թուլացումը եւ ոչնչացումը: Հայաստանի ոչնչացումն իրականում ավելի շատ պետք է Թուրքիային, քան Ադրբեջանին, քանի որ Հայաստանը բուֆեր է Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ, Հայաստանը կիսում է Թուրքիան եւ Ադրբեջանը: Եթե Հայաստանը վերանա, Թուրքիան միանգամից հսկայական սահման կունենա Ադրբեջանի հետ եւ հաջորդ քայլով կփորձի «մեկ ազգ՝ երկու պետություն» կարգախոսից անցնել «մեկ ազգ՝ մեկ պետություն» կարգախոսի իրականացմանը`Ադրբեջանի կլանմանը: Իսկ Ալիեւը, որ իշխանությունը ստացել է հորից եւ դեմ չէր լինի այն փոխանցել որդուն, ամենեւին չի ցանկանա, որ իր պետությունը, որին նա արդեն վերաբերվում է որպես անձնական սեփականության, կլանվի մեկ այլ պետության կողմից, որքան էլ որ դա ներկայացվի որպես եղբայրական կլանում:
Թուրքիան շարունակելու է փակ պահել Հայաստանի սահմանը, քանի որ դա համարում է Հայաստանի հյուծման արդյունավետ քաղաքականություն: Փաշինյան-Միրզոյան զույգի քաղաքականության հետեւանքով հյուծման արդյունավետությունն ավելի է մեծանում. եթե նախկինում Հայաստանը թուրքական շրջափակմանը հակադրում էր Իրանի եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացումը, հիմա ամեն ինչ արվում է այդ երկրների հետ հարաբերությունները վատացնելու եւ նույնիսկ խզման տանելու ուղղությամբ:
Մի ժամանակ Արարատ Միրզոյանը համոզված էր, որ սահմանը կբացվի առաջիկա շաբաթների ընթացքում, որովհետեւ այդպես էր իրեն խաբել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։ Հիմա նա ամեն առավոտ զարթնում է եւ հարցնում, թե արդյոք Թուրքիան չի՞ բացել սահմանը, եւ հուսահատվում է, որ իր կանխատեսումն այս գիշեր էլ տեղի չունեցավ: Իսկապես մեծ ողբերգության մեջ են Հայաստանը եւ հայ ժողովուրդը: