Փաշինյանը ԵՄ ընդլայնման կեղծ գագաթնաժողովի է մասնակցո՞ւմ

Փաշինյանը ԵՄ ընդլայնման կեղծ գագաթնաժողովի է մասնակցո՞ւմ

Wed, 04 Nov 2026 01:07:49 +0400


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել՝ մասնակցելու Euronews հեռուստաընկերության կազմակերպած «ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026»-ին՝ «Եվրոպայի ապագան» խորագրով:

Բելգիա Փաշինյանը բավականին մեծ ու ընյդլայնված կազմով է մեկնել՝ Արարատ Միրզոյան, Վահան Կոստանյան, նրանց այնտեղ միացել է Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը, ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավարը, Դավիթ Ղամբարյանը, Փաշինյանի խոսնակ Մելանյա Հարությունյանը, Կարեն Գասպարյանը, Արմեն Խաչատրյանը, Սիրուն Հովսեփյանը և այլք։

Այսքան մեծ կազմով Բրյուսել գնացած Փաշինյանն ընդամենը հանդես է եկել ելույթով և պատասխանել Euronews-ի մոդերատորի հարցերին, իսկ այցի շրջանակներում էլ հանդիպումներ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի հետ, Եվրախորհրդարանի մի շարք պաշտոնյաների հետ:

Բյուջեի ու «հերոս» հարկատուների հաշվին Բրյուսել մեկնած Փաշինյանը մի շարք հայտարարություններ է արել «ժողովրդավարության բաստիոնի» մասին։

Մասնավորապես հայտարարել է. «Ժողովրդավարությունը մեր ռազմավարությունն է, որպես ժողովրդավարների երկիր մենք ուզում ենք լինել ժողովրդավարների ակումբում»:

Փաշինյանը չի մոռացել նաև իր հույսի մասին բարձրաձայնել, հայտարարելով, որ իրատեսական է համարում 2027-2028 թվականներին ԵՄ անդամակցության դիմում տալը, ինչպես նաև հավելել է․«Մենք կենտրոնացած ենք վիզայի ազատականացման վրա, մեր նպատակն է, որ 2029 թվականին վիզաներն ազատականացվեն»։

Եվ այսպես, մինչ նույն ԵՄ անդամ երկրների որոշ ղեկավարներ ու քաղաքական տեսաբաններ խոսում են Եվրամիության հնարավոր փլուզման մասին, «ԵՄ ընդլայնման գագաթնաժողովի» տեսլականն այն է, որ էլ ավելի մեծ ԵՄ հեռանկարի մասին խոսվի: Չնայած բավականին բարձրագոչ տեքստին, օրեր անց կայանալիք գագաթնաժողովի մասնակիցների ցանկից բացակայում էին ԵՄ-ի բանալի պետությունների ղեկավարները: Եվ այսպես, Euronews EU Enlargement Summit 2026-ին՝ ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին մասնակցում են Եվրոպական միության բարձրաստիճան պաշտոնյաներ, անդամ պետությունների ղեկավարներ, ինչպես նաև ԵՄ անդամակցության թեկնածու և հավակնորդ երկրների առաջնորդներ։ Ըստ գագաթնաժողովի պաշտոնական օրակարգի, հիմնական բանախոսներն ու մասնակիցներն են՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիա Կոստան, Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Ուկրաինայի վարչապետ Սերգեյ Կորեցկին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման, Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆանը, ԵԽ պատգամավորներ, Euronews-ի խմբագրակազմի ու որոշ բիզնես- ձեռնարկությունների ներկայացուցիչներ:

Ի դեպ, Euronews-ի կողմից այս նախաձեռնությունն արդեն երկրորդ անգամ է կազմակերպվում: Առաջին գագաթնաժողովը կայացել է 2025 թվականի նոյեմբերի 4-ին՝ Բրյուսելում: Գագաթնաժողովը կազմակերպելու միտքը հիմնականում Euronews-ի բաժնեմասների հիմնական մասի տնօրինող Պեդրո Վարգաս Դեյվիդինն է: Բնականաբար նման միջոցառումը ֆինանսավորման կարիք էր ունենալու, իսկ Euronews-ի հիմնական ֆինանսավորողը Եվրամիության տարբեր ինստիտուտներն են: Մամուլում եղած հրապարակումների համաձայն, Euronews-ին շուրջ €23 միլիոն եվրո է տրամադրվել լրագրողական նախագծեր իրականացնելու համար:

Euronews-ի ԵՄ ընդլայնման գագաթնաժողովի քննարկումների հիմքում այն հարցերն են, թե արդյոք Եվրամիությունը պատրաստ է ընդլայնվել և ինչպես են թեկնածու երկրները առաջընթաց գրանցում պահանջվող բարեփոխումների հարցում։ Մոնտենեգրոյի, Ալբանիայի, Մոլդովայի ու ՈՒկրաինայի վերաբերյալլ քննարկվող հարցերի կողքին կա նաև կովկասյան ճակատը՝ Հայաստանն ու Վրաստանը: Ընդ որում, Հայաստանի մասով քննարկման թեման Երևանի՝ Ռուսաստանից հնարավորինս արագ հեռացման քաղաքականությունն է ու ԵՄ-ին անդամակցությունը, իսկ Վրաստանի դեպքում քննարկման թեմաներն են՝ անդամակցության գործընթացի սառեցված կարգավիճակը, ժողովրդավարական հետընթացը, երկրում վիճահարույց օրենքների շուրջ ստեղծված փակուղային իրավիճակը:

Հիշեցնենք, որ սա ընդամենը մասնավոր հեռուստաընկերության կազմակերպած գագաթնաժողով է, որը ԵՎրամիության հետ որևէ առումով կապ չունի: Եվրոպական Միության պաշտոնական մարմինների կողմից կազմակերպված ԵՄ ընդլայնման հարցերով գագաթնաժողովը տեղի է ունենալու նոյեմբերի 15, 16-ին, որին Նիկոլ Փաշինյանին պարզապես չեն հրավիրել:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Անվավեր ճանաչել և կեղծել այնքան մինչև ընտրվի ռեժիմի սրտի թեկնածուն

Անվավեր ճանաչել և կեղծել այնքան մինչև ընտրվի ռեժիմի սրտի թեկնածուն Fri, 06 Nov 2026 23:46:46…

7 ժամ ago

Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում

Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում Fri, 06 Nov 2026 23:36:57 +0400 Փաստաբան…

7 ժամ ago

16-ամյա դեռահասը հորից փող է գողացել՝ օնլայն կազինոյում խաղալու համար

16-ամյա դեռահասը հորից փող է գողացել՝ օնլայն կազինոյում խաղալու համար Fri, 06 Nov 2026 23:30:25…

8 ժամ ago

Sony-ն ռեկորդային ցուցանիշներ է գրանցել «Սարդ-մարդու» շնորհիվ

Sony-ն ռեկորդային ցուցանիշներ է գրանցել «Սարդ-մարդու» շնորհիվ Fri, 06 Nov 2026 23:23:03 +0400 Ճապոնական էլեկտրոնիկայի…

8 ժամ ago

ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումը

ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումը Fri, 06…

8 ժամ ago

Հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներն իսկապես պահանջում են համախմբում․ Իսկանդարյան

Հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներն իսկապես պահանջում են համախմբում․ Իսկանդարյան Fri, 06 Nov 2026 23:15:43…

8 ժամ ago