«Հրապարակ»․ Ընդդիմությունն առաջարկում է ՔՊ-ին՝ ընդունել, որ Փաշինյանը հանցագործ է
Wed, 04 Nov 2026 08:45:47 +0400
Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը խորհրդարանին առաջարկում է մի տարօրինակ հայտարարություն ընդունել: Տարօրինակը ոչ թե հայտարարությունում տեղ գտած ներկա իրավիճակի արձանագրություններն են, որոնք օբյեկտիվ են, այլ այն համոզմունքը, որ Նիկոլ Փաշինյանի թիմը կընդունի նման հայտարարության տեքստ։ Հայտարարության ընդունման համար, ըստ հեղինակների, հիմք են հանդիսացել Հայաստանում ստեղծված իրավական եւ ժողովրդավարական ակնհայտ հետընթացը, օրեցօր ահագնացող քաղաքական բռնաճնշումները, որոնց հետեւանքով հարյուրավոր քաղաքացիներ բացահայտ կամ քողարկված ձեւով ենթարկվում են քաղաքական հետապնդումների՝ ապօրինի քրեական վարույթներով ներգրավվելով որպես մեղադրյալներ։
Շատերի նկատմամբ իրականացվել եւ շարունակվում են միջազգային իրավունքով եւ ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված ազատությունների անհիմն սահմանափակումներ, շատերը, առանց օրինական դատական ակտերի, գտնվում են անազատության մեջ՝ քրեակատարողական հիմնարկներում կամ տնային կալանքի ներքո, եւ այլն: Դեպքերի մեծ մասում հիմնական շարժառիթը քաղաքացիների քաղաքական հայացքներն են կամ քաղաքական գործունեությունը, ուստի խորհրդարանին առաջարկում են, իբրեւ առաջնային մանդատով օժտված, ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմնի, ընդունել հայտարարություն ու քաղաքական հստակ դիրքորոշում դրսեւորել «ներկա անթույլատրելի եւ մերժելի իրավիճակի նկատմամբ»՝ այդպիսով զգոնության կոչ անելով իրավասու մարմիններին ու պաշտոնատար անձանց` վերանայելու իրենց ոչ իրավաչափ վարքագիծը, վերականգնելու իշխանության ճյուղերի անկախությունն ու խաթարված հավասարակշռությունը։ «Իրավապահ մարմինները, ինչպես նաեւ՝ հանրային իշխանությամբ օժտված համակարգերը, վերածվել են քաղաքական հետապնդումների, հաշվեհարդարի, անձանց սեփականությունն ապօրինի խլելու, նրանց ունեզրկելու բացահայտ գործիքի»,- արձանագրել են հայտարարության նախագծում։
«Շարունակական բռնաճնշումներով հալածանքի են ենթարկվում ազգային ինստիտուտներ, ձերբակալվում, կալանավորվում, դատական կամ վարչական ոչ իրավաչափ ակտերով գործելու ազատությունից զրկվում են կամ շարունակաբար հալածանքների ենթարկվում՝
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, Ամենայն հայոց կաթողիկոս՝ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ-ն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարձրաստիճան հոգեւորականներ, սպասավորներ եւ ծառայողներ, հայրենիքի պաշտպանության գործում իրենց կյանքը նվիրաբերած զինծառայողների ընտանիքի անդամներ եւ/կամ հարազատներ, ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների (դաշինքների) առաջնորդներ, քաղաքական գործունեություն իրականացնող եւ/կամ իշխանություններին քննադատող անձինք, հանրային, հասարակական գործունեություն իրականացնող անձինք, համայնքի ղեկավարներ, ավագանու անդամներ եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ»:
Հղում են անում նաեւ ԵԽԽՎ վերջին զեկույցին՝ ընդգծելով, որ քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ իրականացվող ճնշումներն արձանագրվել են նաեւ զեկույցում։ «Այսպիսով, քաղաքական հետապնդումներ իրականացնելու համար դատական եւ իրավապահ համակարգերի օգտագործումը հակասում է թե՛ ՀՀ սահմանադրությանը, թե՛ ՀՀ ստանձնած միջազգային, այդ թվում՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետության պարտավորություններին: Բացի այդ, տեղի ունեցողն անմիջականորեն հրահրվում, ուղղորդվում է երկրի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների կողմից, ինչը խարխլում է երկրի սահմանադրականության հիմքերը, քայքայում է հանրային վստահությունը, խեղում է արդարադատության համակարգը եւ կազմաքանդում է իրավական պետության հիմքերը։ Սրանք պետական իշխանության դեմ ուղղված հանցագործություններ են եւ ինքնին հակասում են մարդու իրավունքների պաշտպանության համընդհանուր չափանիշներին»,- ասված է հայտարարության մեջ։