«Հրապարակ». Ինչո՞ւ Արամ Սարգսյանին չէին հրավիրել
Wed, 04 Nov 2026 10:45:45 +0400
Օրերս Tete a tete հաղորդման հերթական թողարկումն էր, հաղորդավարը Մհեր Բաղդասարյանն է: Այս թողարկումը նվիրված էր Հայաստանի ազգային հերոս՝ սպարապետ Վազգեն Սարգսյանին։ Հաղորդման ընթացքում սպարապետի մասին իրենց հիշողություններով, գնահատականներով եւ նրան առնչվող պատմություններով կիսվել են տարբեր հասարակական ու քաղաքական գործիչներ, սպարապետի հարազատները, այլք:
Հաղորդման հյուրերի թվում էին Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, նրա որդին՝ Կառլենը, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ուրիշներ։ Արդեն քանի օր է՝ քննարկվում է այդ հաղորդումը, եւ մարդիկ ինչ-որ հատվածներ են կտրում ու տարածում հաղորդումից, որտեղ Արմեն Սարգսյանը, որդին` Կառլենը, Սերժ Սարգսյանը կարծիք են հայտնում Վազգենի, հոկտեմբերի 27-ի ահաբեկչության, Արցախի կորստի մասին: Հատկապես լայն տարածում ստացավ սպարապետի սիրելի զարմիկի` Կառլեն Սարգսյանի խոսքը, որտեղ նա ասել է, թե ինքը հակված չէ հավատալ այն վարկածին, որ հոկտեմբերի 27-ի ահաբեկչության ետեւում Ռոբերտ Քոչարյանն է կանգնած։ «Հայրս մի անգամ նենց լավ արտահայտվեց․ եթե ես վստահ իմանայի, թե ով ա հոկտեմբերի 27-ն իրականացրել, հաստատ, դա անպատասխան չէր մնա: Չնայած Վազգենի համար կարելի ա, որ ուժին էլ կասկածել, պատժել, բայց էն, ինչ բոլորն են խոսում, ես դրան էնքան էլ հակված չեմ: Էդ ժամանակ շատ ավելի ուժեղ ուժեր կային, որոնք չէին երեւում: Շատերն ասում են՝ Ռոբերտ Քոչարյան, ես էնքան էլ հակված չեմ դրան: Քոչարյանը նոր էր եկել նախագահ ու, ներողություն, շատ թույլ էր»,- ասել է նա:
Հաղորդման ժամանակ սպարապետի մասին հիշողություններով է կիսվել նաեւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը. «Ես երբեք Վազգենին չեմ տեսել ո՛չ հուսահատված, ո՛չ կոտրված։ Վազգենը կոտրվող տեսակ չէր։ Նա կարող էր բարկանալ, Վազգենն ինձ կների` կարող էր գազազել, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել»: «Ես վստահ եմ, որ եթե չլիներ Վազգեն Սարգսյանը, Վազգեն Սարգսյան տեսակը, ապա Հայաստանի պատմությունն այլ կերպ կշարադրվեր, պատմության ընթացքը կփոխվեր»:
«Մեկ-մեկ ես՝ ինքս, ինձ հարց եմ տալիս, ասում եմ՝ եթե մի ինչ-որ հրաշքով երկնային կյանքում հանդիպեմ Վազգենին, ապա ի՞նչ պիտի ասեմ։ Տարբեր մտքեր են գալիս, տարբեր գաղափարներ, բայց ես հակված եմ ասելու հետեւյալը. «Վազգե՛ն ջան, ափսոս, որ երկրային կյանքից դու շատ վաղ հեռացար»։ Եվ որոշակի դադարից հետո կասեի. «Վազգե՛ն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, որ չես տեսել հայկական բանակի ջարդուփշուր լինելը եւ որ չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ»»:
«Չթերագնահատելով անկախ Հայաստանի, նաեւ Սովետական Հայաստանի պետական, քաղաքական գործիչների վաստակը՝ բայց, կարծում եմ, Վազգենն այն եզակիներից էր, որ պատրաստ էր անձնազոհության»: «Վազգենը միանգամից բարձր նիշ վերցրեց եւ ասաց, որ հայկական զինուժը պետք է բաղկացած լինի 30 հազարանոց մարտունակ բանակից։ Պատկերացնում եք, չէ՞, թե այն ժամանակ 30 հազարն ինչ հսկայական թիվ էր, թեեւ հետագայում մեր բանակը հասավ 70 հազարի»: «Վազգենը շատ մեծ ներդրում ունի այն բանում, որ սովետական բանակի բարձր կոչումով զինվորականներ եկան ու իրենց ներդրումն ունեցան մեր բանակի կազմավորման գործում»,- ասել է Սերժ Սարգսյանը: Իսկ Արմեն Սարգսյանը հարցին, թե ինչ կաներ Վազգենը, եթե Արցախն իր կենդանության ժամանակ կորցնեինք, ասել է. «Դա չէր պատահի… իսկ եթե լիներ, ինքն ինքնասպան կլիներ»:
Ուշագրավ է, սակայն, որ հաղորդմանը չի մասնակցել Վազգեն Սարգսյանի մյուս եղբայրը՝ Հայաստանի նախկին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, որն իր ողջ կյանքում օգտվել է Վազգեն Սարգսյանի եղբայրը լինելու հանգամանքից եւ հենց նրա շնորհիվ եւ նրա մահվան պատճառով է 99-ին վարչապետ նշանակվել։ Հաղորդմանը նրան չներգրավելու հանգամանքը քննարկումների եւ զարմանքի առիթ է դարձել համացանցում: Մարդիկ կարծում են, որ նրան հատուկ չեն հրավիրել հաղորդմանը, քանի որ նա իշխանական հայացքներ ունի, կողմ է Փաշինյանի վարած պրոադրբեջանական քաղաքականությանը եւ Արցախի կորստի համար էլ ոչ մի ցավ չի զգում: Կա նաեւ տեսակետ, որ Արամ եւ Արմեն Սարգսյանները չեն շփվում, նաեւ քաղաքական տարբեր հայացքների պատճառով, եւ դա է պատճառը, որ եղբայրներից հաղորդմանը մասնակցել է Արմեն Սարգսյանը, որը ե՛ւ արտաքինով է ավելի նման Վազգենին, ե՛ւ հավատարիմ է մնացել Վազգենի դավանած արժեքներին:
Մենք կապ հաստատեցինք Մհեր Բաղդասարյանի հետ եւ հետաքրքրվեցինք` ինչո՞ւ Արամ Սարգսյանը չի մասնակցել հաղորդման նկարահանումներին, ո՞րն է եղել պատճառը: Նա մեզ ասաց. «Արամ Սարգսյանը չի մասնակցել հաղորդմանը զուտ տեխնիկական պատճառով: Նկարահանման օրը ադմինիստրատիվ մասը սխալ պայմանավորվածություն էր ձեռք բերել նրա հետ, զուտ այդ պատճառով: Նա հյուրեր ուներ, չէր հասնում: Որեւէ անձնական բան չկա»: Մի՞թե նման ծավալի նկարահանումները կատարվել են մեկ օրվա ընթացքում, եւ Սերժ Սարգսյանը, Արմեն Սարգսյանը, Կառլեն Սարգսյանը գործեր չեն ունեցել, ու նույն օրն են բոլորը նկարահանվել: Իսկ գուցե Արմեն Սարգսյանը չի՞ ցանկացել, որ Արամ Սարգսյանը մասնակցի այդ հաղորդմանը։ «Ոչ, նման բան չկա: Նա ճանապարհին գալիս էր, հետո հյուրեր ուներ ու այդպես չկարողացավ գալ: Իմ մեկնելու վերջին օրն էր, այլ օր էլ չէինք կարող, ու քանի որ հաղորդումը բավականին բովանդակալից էր ստացվել, լրացնելու խնդիր չկար»: