Քիմ Քարդաշյանը վերադարձել է «հեռուստատեսության վատագույն դրամա» համարված սերիալի երկրորդ եթերաշրջան
Wed, 04 Nov 2026 23:45:52 +0400
Քիմ Քարդաշյանը վերադարձել է «All’s Fair» իրավաբանական դրամայի երկրորդ եթերաշրջան՝ չնայած առաջին եթերաշրջանի հասցեին հնչած խիստ քննադատություններին։ Սերիալը, որը պետք է դառնար նրա դերասանական կարիերայի կարևորագույն մեկնարկը, քննադատների կողմից արժանացել էր կոշտ գնահատականների, իսկ The Times-ը այն անվանել էր «հեռուստատեսության վատագույն դրաման»։
Քարդաշյանը BBC-ին տված հարցազրույցում նշել է, որ քննադատություններից հետո այլընտրանք չուներ, քան ընդունել արձագանքները և շարունակել աշխատանքը։ Նրա խոսքով՝ ստեղծագործական թիմը հաշվի է առել հանդիսատեսի արձագանքը, և այժմ սերիալն ավելի շատ կատակերգական բնույթ է ստացել։ «Մենք հիմա լիարժեք կատակերգություն ենք», – ասել է նա։
Ռայան Մերֆիի ստեղծած սերիալը պատմում է ամուսնալուծությունների գործերով զբաղվող փաստաբանների մասին։ Քարդաշյանից բացի՝ գլխավոր դերերում են Սառա Փոլսոնը, Գլեն Քլոուզը, Նաոմի Ուոթսը և Նիսի Նեշ-Բեթսը։ Չնայած քննադատական բացասական արձագանքներին՝ սերիալը Hulu հարթակի վերջին երեք տարվա ամենադիտված սցենարային նախագծի մեկնարկն է ունեցել և անմիջապես երկարաձգվել երկրորդ եթերաշրջանով։
Քարդաշյանը նշել է, որ իր կարիերայի ընթացքում սովորել է չկենտրոնանալ իրեն ուղղված քննադատությունների վրա և շարունակել փորձել։ Նա նաև պատմել է իրավաբանական կրթություն ստանալու իր ձգտման մասին։ Վեց տարի ուսումից հետո նա քննություն է հանձնել՝ փաստաբանի որակավորում ստանալու նպատակով, սակայն չի հաջողել։ Քարդաշյանը, այնուամենայնիվ, չի պատրաստվում հրաժարվել այդ նպատակից և մտադիր է կրկին փորձել։
Նա նաև խոստովանել է, որ այսուհետ ավելի քիչ է հրապարակայնորեն խոսելու իրավաբանական կրթության ընթացքի մասին՝ մինչև որ հաջողությամբ հանձնի քննությունը։ «Եթե ինչ-որ բան չեմ հանձնում կամ լավագույնս չեմ կատարում, միևնույն է՝ կհասնեմ նպատակիս», – նշել է նա։
Սերիալի երկրորդ եթերաշրջանի մասին խոսելիս դերասանուհի Նաոմի Ուոթսը նշել է, որ ստեղծագործական թիմն ավելի է ընդգծել նորաձևությունը, դրաման և չափազանցված իրականությունը։ Նրա խոսքով՝ Քարդաշյանը նոր եթերաշրջանում ավելի վստահ է հանդես գալիս և կատարելագործել է դերասանական խաղը։