Ինչ գաղափարի շուրջ են համախմբվել ընդդիմադիր ուժերը
Wed, 04 Nov 2026 23:56:24 +0400
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Սամվել Կարապետյանի տանը հավաքվել էին ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները։ Փակ քննարկումից հետո ընդդիմադիրները հանդես եկան միասնական հայտարարությամբ։ «Մենք` ներքոստորագրյալ քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի եւ հայոց պետականության առջեւ ծառացած ճակատագրական մարտահրավերների ողջ լրջությունը, ունենալով մոտեցումների տարբերություններ եւ տարակարծություններ մի շարք հարցերում, այդուհանդերձ հայտարարում ենք համազգային համախմբման ձեւավորման մասին, հաստատելով համախմբման հետեւյալ առաջնային նպատակները`ալիեւյան սահմանադրության պարտադրանքի մերժում, խաղաղություն, առանց միակողմանի զիջումների եւ տարածքային կորուստների, ազգային ինքնության եւ Հայ առաքելական սուրբ եկեղեցու պաշտպանություն, ժողովրդավարական ազատությունների եւ իրավունքների վերականգնում։ Ներքոստորագրյալ քաղաքական ուժերը համաձայնվում են միավորել իրենց ջանքերը գերակա ազգային խնդիրների շուրջ, հանրային միասնության մթնոլորտ ձեւավորելու եւ մեր երկրի առաջ ծառացած մարտահրավերներին դիմագրավելու նպատակով։ Բոլոր քաղաքական ուժերի հանրային եւ հասարակական գործիչներին կոչ ենք անում մաս կազմել ազգային այս համախմբմանը»,- ասված է միասնական հայտարարությունում։
Նշենք, որ հանդիպմանը ներկա էին «Հայաստան» դաշինք, «Հայաքվե», «Ապրելու երկիր», «Բարգավաճ Հայաստան», «Հայաստանի Հանրապետական կուսակցություն», «Հայ ազգային կոնգրես», «Ժառանգություն», «Միասին» «Դեմոկրատական այլընտրանք», «Նոր դարաշրջան», «Միավորված հայեր» քաղաքական ուժերը։