«Հրապարակ»․ Մյուս ուժերը նեղված են
Fri, 06 Nov 2026 10:45:37 +0400
Նիկոլ Փաշինյանը երեք ընդդիմադիր հիմնական դերակատարներին` Սամվել Կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանին, Գագիկ Ծառուկյանին բանտարկելու իր «խոստումը» կատարեց, իսկ հիմա շանտաժի միջոցով փորձում է կատարել Ալիեւի պահանջը` փոխել սահմանադրությունը: Նոյեմբերի 4-ին տեղի ունեցավ քաղաքական մեծ հավաք, որին, Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ, մասնակցում էին «Հայաստան» դաշինքը, «Հայաքվեն», «Ապրելու երկիր», «Բարգավաճ Հայաստան», Հայաստանի հանրապետական կուսակցությունները, ինչպես նաեւ՝ Հայ ազգային կոնգրես, «Ժառանգություն», «Միասին», «Դեմոկրատական այլընտրանք», «Նոր դարաշրջան», «Միավորված հայեր» ուժերի ներկայացուցիչները։ Եվ չնայած ընդդիմադիր գործիչները խոսում են լայն կոնսոլիդացիայի մասին, սակայն բազմաթիվ քաղաքական ուժեր չկային հանդիպմանը, օրինակ` Արման Թաթոյանի թիմը, «Մայր Հայաստան» կուսակցությունը, Նինա Կարապետյանցը, «Շանթ» կուսակցությունը, Հայկ Մարությանը, Էդմոն Մարուքյանը, Գուրգեն Սիմոնյանը եւ ուրիշներ:
«Մայր Հայաստան»-ից Մանուկ Սուքիասյանը հրաժարվեց մեկնաբանել իրենց բացակայությունը. «Կոնսոլիդացվելու ժամանակը միշտ էլ լինում է, այնպես չէ, որ առանձին վերցրած ինչ-որ բան հաջողել է»: Նինա Կարապետյանցն ասաց. «Մենք հրավեր չենք ստացել, բայց մինչեւ մեր թիմը միահամուռ որոշում չկայացնի, չեմ կարող այլ բան ասել»:
Շահեն Հարությունյանն ասաց. «Այսինքն` 7-8 ուժ միավորվում է, ինչ-որ բաներ են որոշում, մնացած ուժերին էլ ասում են` եկեք միավորվե՞ք մեզ: Այդպիսի կոնսոլիդացիա լինո՞ւմ է: Եթե իրապես համախմբվելու նպատակ լիներ, հենց առաջին իսկ հանդիպմանը ընդդիմադիր բոլոր ուժերի ներկայացուցիչներին կհրավիրեին, անկախ այն բանից՝ նրանք կգնային, թե ոչ: Պարտադիր չէ, որ բոլորը մասնակցեին, բայց պետք է բոլորին հրավիրեին: Կազմակերպողն այդպես պետք է առաջնորդվեր, ոչ թե իրենց հարմար ուժերին հավաքեն իրենց կողքը եւ ասեն` կոնսոլիդացիայի ենք գնում, բաց է` եկեք միացեք մեզ: Իրենց գործն է, մեծ հաշվով, իրենք այդպես են տեսնում ընդդիմադիր ճակատը, դա իրենց խնդիրն է»:
Միքայել Նահապետյանն էլ, որը «Բոլորին դեմ եմ»-ի անդամ էր, ասաց. «Մեզ որեւէ մեկն այդ հանդիպման մասին տեղյակ չի պահել: Հաշվի առնելով այն, որ «Բոլորին դեմ եմ»-ը հայտարարել էր, որ կուսակցությունն ընտրություններից հետո լուծարվելու է, իսկ ընդդիմադիրների հանդիպմանը անհատ գործիչներ չէին մասնակցում, մասնակցում էին կուսակցությունների ներկայացուցիչներ, հետեւապես՝ մեզ մոտ հարց չի ծագում, թե ինչու մեզ չեն հրավիրել: Ինչ վերաբերում է կոնսոլիդացվելուն, ապա հարցն այն է, թե միավորումն ինչի շուրջ է լինելու եւ ինչպես է աշխատելու: Շատով իրար գլխի հավաքվելը միավորում չէ»: