16 տարում ցորենի արտերը նվազել են գրեթե երեք անգամ
Fri, 06 Nov 2026 14:15:42 +0400
Տավուշում աշնանացան ցորենի ցանքի լավագույն ժամանակաշրջանը սեպտեմբերի 15-ից մինչեւ հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակամիջոցն է։ Այդ օրերն արդեն անցել են։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ արել, թե այս տարի մարզում որքան աշնանացան է արվել, Տավուշի որ համայնքում քանի հեկտար։ Մարզպետի աշխատակազմից հայտնել են. «2026 թվականի հոկտեմբերի 26-ի դրությամբ աշնանացան է կատարվել․ Իջեւան՝ 7 հա, Բերդ` 245 հա»։
Սա շատ փոքր ցուցանիշ է։ Ինչո՞ւ են տարեցտարի նվազում հացահատիկի արտերը։ Տավուշի մարզպետի աշխատակազմից տեղեկացել եմ, որ 2026 թվականին Տավուշի մարզում հնձվել է 1950 հեկտար ցորենի եւ գարու արտ, միջին բերքատվությունը հեկտարից կազմել է 18-20 ցենտներ։ Մինչդեռ 2010 թվականի սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին Տավուշի մարզպետի հաշվետվության մեջ նշված է, որ 2009-ին Տավուշի մարզում կատարվել է 5534 հեկտար աշնանացան։ 16 տարում ցորենի արտերը նվազել են գրեթե 3 անգամ, մանավանդ՝ եթե հաշվի առնենք, որ այս տարի հնձված 1950 հեկտար արտերի մեջ նաեւ գարու ցանքերն են ներառված։ Ինչո՞ւ են տարեցտարի նվազում հացահատիկի ցանքերը, չէ՞ որ ՀՀ կառավարությունն ընդունել է 2026-2027 թվականների հացահատիկային եւ կերային մշակաբույսերի մշակության աջակցության ծրագիրը։ Իսկ այդ ծրագրով` արտադրողականության բարձրացման նպատակով նախատեսվում է ցանքերն իրականացնել լաբորատոր փորձաքննություն անցած եւ հավաստագրված սերմերով։ Ծրագիրը նախատեսվում է իրականացնել ՀՀ բոլոր մարզերում։
Պետության կողմից հողագործներին փոխհատուցում է տրամադրվելու հետեւյալ սահմանաչափերով՝ աշնանացան ցորենի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 80 հազար դրամ, գարնանացան հացահատիկային մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 70 հազար ՀՀ դրամ։ Սակայն ծրագրով նախատեսվում է փոխհատուցել ոչ պակաս, քան 3 հեկտար մակերեսով հացահատիկային (աշնանացան ցորեն, գարնանացան ցորեն, գարնանացան գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար), հատիկաընդեղեն (ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ) մշակաբույսերի եւ բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) մշակության մեկ հեկտարի հաշվով կատարվող հիմնական աշխատանքների (վար, ցանք, բերքահավաք) եւ սերմի արժեքի համար նախատեսված ծախսերի 50 տոկոսը։
Զրուցել եմ նախկինում Բերդ համայնքի Վերին Կարմիրաղբյուր գյուղի ղեկավար, հետո նույն բնակավայրի վարչական ղեկավայր, ներկայում Բերդի համայնքապետարանի մասնագետ Կամո Չոբանյանի հետ, որը տարիներ շարունակ զբաղվում է Ռուսաստանից հացահատիկի էլիտար սերմացու ներկրելով, Տավուշի մարզում դրա իրացմամբ, Բերդ համայնքում ցորենի մշակությամբ։ Նա ասաց, որ Բերդ համայնքի դաշտերը բարձրադիր են` հարմար հացահատիկի մշակության համար, սակայն իրենց գյուղում հացահատիկ մշակողների թիվը նվազել է։ Դրա պատճառն այն է, որ դիզվառելիքի` սոլյարկայի լիտրի գինը 720 դրամ է, գյուղացիները չեն կարողանում վճարել վարի, ցանքի, հնձելու, բերքը տեղափոխելու վճարները։ Կամո Չոբանյանն ասաց, որ Բերդ համայնքում հողերի սեփականաշնորհման ժամանակ ամեն ընտանիքի տրվել է 7000 քառակուսի մետր հող, որի մեջ, վարելահողից զատ, եղել են խաղողի եւ պտղատու այգիներ։ Այսինքն, գյուղացիները չունեն 3 հեկտար եւ ավելի հողատարածքներ, որպեսզի կարողանան օգտվել հացահատիկային եւ կերային մշակաբույսերի մշակության աջակցության պետական ծրագրից։ Նախկին տարիներին նույնիսկ կես հեկտար հացահատիկի արտ ունեցողն իր ունեցած հողամասի մակերեսի չափով օգտվել է այդ ծրագրից։
Բացի վառելիքի թանկությունը, հացահատիկի մշակությանը խանգարում է նաեւ ցածր բերքատվությունը։ Փոքր մակերեսով ցորենի արտերը չեն ոռոգվում, պարարտանյութերով չեն պարարտացվում, վնասատուների եւ հիվանդությունների դեմ քիմիական եղանակով բուժում չի իրականացվում։ Արտերի մեջ շատ են մկնանման կրծողները, որոնց դեմ թունավոր նյութերով պայքար չի իրականացվում։ Այդ պատճառով էլ բերքատվությունը ցածր է, ցորեն ցանելը՝ ոչ եկամտաբեր։ Մանավանդ որ 3 հեկտարից քիչ մակերեսով հող մշակողների համար պետական ծրագրով աջակցություն չկա։