ԱՄՆ-ն, Հայաստանն ու Ադրբեջանը հատուկ խումբ են ստեղծել «Թրամփի ուղին» գործարկելու համար
Sat, 07 Nov 2026 10:31:14 +0400
ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը ստեղծել են եռակողմ տեխնիկական խումբ՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի զարգացման նպատակով։
Այս մասին ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Նախաձեռնության մեկնարկը տվել են ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Բրենդան Հանրահանը, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների տեղակալներ Վահան Կոստանյանն ու Էլնուր Մամեդովը։
Խմբում կընդգրկվեն երեք երկրների քաղաքական ներկայացուցիչներ և տեխնիկական փորձագետներ։ Խմբի նպատակն է համատեղ աշխատել երկարաժամկետ կայունության, տնտեսական ակտիվության, տարածաշրջանային կապուղիների բացման և առևտրային կապերի ամրապնդման ուղղությամբ։
Կողմերը պայմանավորվել են ստեղծել ևս երկու խումբ՝ տրանսպորտի և էլեկտրաէներգիայի հարցերով։ Այդ կառույցների գործունեությունը պետք է ուղղված լինի բարդ տեխնիկական հարցերի լուծմանը և նախագծի իրականացման հաջորդ փուլերին նախապատրաստվելուն, այդ թվում՝ տարածաշրջանային ենթակառուցվածքների այլ օբյեկտների հետ ինտեգրմանը։
Մասնակիցները հաստատել են երթուղու իրականացումը հնարավորինս շուտ սկսելու մտադրությունը։