Գևորգ Փարսյանի և Դավիթ Համբարձումյանի օրինակը
Sat, 07 Nov 2026 15:15:48 +0400
Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը, Մասիսի երկարամյա համայնքապետ Դավիթ Համբարձումյանը իրենց օրինակով ցույց են տալիս, թե ինչպես կարելի է մնալ ընդդիմադիր, հաղթել ընտրություններում և ղեկավարել համայնքը՝ առանց սկզբունքները զոհաբերելու, առանց գլուխ խոնարհելու ու քծնելու։
Փարսյանի, Համբարձումյանի օրինակը շատերի համար փակում է նաև ապագայում արդարացումների դուռը։ Որպեսզի վաղը, երբ չքմեղանալու կամ ինքնարդարացման հերթական պահը գա, չասեք` ուրիշ ելք չունեինք, ստիպված էինք ՔՊ-ի հետ գնալ ընտրությունների, մեզ ճնշում էին, ստիպված էինք Փաշինյանի գովքն անել և նմանատիպ այլ բացատրություններ։
Փարսյանի, Համբարձումյանի դեպքում էլ են վստահաբար եղել ճնշումներ, զզվելի քարոզչություն, ամենատարբեր փորձեր՝ սասանելու նրանց դիրքերը, քրեական վարույթներ հարուցելու, մերձավորներին հալածելու։ Բայց մնացել են անդրդվելի։ Չեն վախեցել, չեն նահանջել, չեն դավաճանել իրենց սկզբունքներին, որովհետև մանրախնդիր ու փոխվող քամիների ուղղությամբ կողմնորոշվող մարդիկ չեն։
Այն համայնքներում, որտեղ նախկինում ընդդիմադիր ուժեր ներկայացնող համայնքապետերը կրկին հաղթել էին ընտրություններում, բայց այս անգամ որոշեցին միանալ ՔՊ-ին, այլ ճանապարհ էլ կար։ Եթե չէին կարողանում պահպանել իրենց ընդդիմադիր դիրքորոշումը, կարող էին պարզապես չմասնակցել ընտրություններին, հրաժարվել պաշտոնավարելու գայթակղությունից։ Առանց պաշտոնի էլ են մարդիկ ապրում: Ավելի լավ էր չմասնակցել, քան խաղալ սեփական անվան ու հեղինակության հետ՝ քաղաքական դաշտում ձեռք բերելով ընդամենը «ռագարկի քարի» համբավ։
Չէ՞ որ համայնքում ապրող մարդկանց համար քաղաքականության մեջ առաջին օրինակը հենց համայնքի ղեկավարն է տալիս։ Եթե քաղաքացին տեսնում է, որ իր համայնքի ղեկավարը սկզբունքային, առաքինի մարդ է, տեր է իր խոսքին, ապա փորձում է նմանվել նրան։ Իսկ եթե տեսնում է, որ համայնքի ղեկավարը ամեն երգի տակ պարող է, ցանկացած պահի պատրաստ է ծածանել հերթական «հեղափոխության» դրոշը՝ հանուն համայնքապետի պաշտոնի պահպանման, ապա այդ վարքագիծն էլ է դառնում օրինակելի։
Եվ ես պնդում եմ՝ համայնքի ղեկավարի բարոյական կերպարից մեծապես կախված է, թե ինչպիսի ընտրող կունենանք վաղը։
Քաղաքականությունը միայն իշխանություն վերցնելու կամ պահպանելու արվեստ չէ։ Այն նաև պատասխանատվություն է՝ սեփական համայնքի, մարդկանց և սեփական խոսքի առաջ։